Պատմություն

Հանրային խորհուրդը ստեղծվել է 2008 թվականի հուլիսի 12-ին: 2009 թվականի մարտի 11-ին հաստատվել է Հանրային խորհրդի կանոնադրությունը և առաջին 12 անդամների կազմը: Այնուհետև ձևավորվել են 12 ոլորտային հանձնաժողովները, որտեղ ընդգրկված էին շուրջ 2000 անդամներ։ 2009 թվականի մայիսի 29-ին ՀՀ Հանրային խորհուրդը ստացավ իր վերջնական տեսքը, ինչն ամրագրվեց ՀՀ Նախագահի հրամանագրով: Հանրային խորհրդի շրջանակներում սկսեցին գործել բազմաթիվ ենթահանձնաժողովներ և աշխատանքային խմբեր։ ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության կանոնակարգերում փոփոխություններ կատարվեցին՝ հնարավորություն տալով Հանրային խորհրդին մասնակից դառնալ այդ մարմինների աշխատանքներին և ներկայացնել դիրքորոշում:

2010 թ. հուլիսի 7-ին Նյու Յորքում կայացած Տնտեսական և սոցիալական խորհուրդների ու համանման կառույցների միջազգային ասոցիացիայի ընդհանուր վեհաժողովի ժամանակ ՏՍԽՀԿՄԱ-ի նախագահության ներկայացմամբ ՀՀ Հանրային խորհուրդը դարձել է Հանրային խորհուրդների միջազգային կառույցի (www.aicesis.org ) անդամ:

Միջազգային համագործակցության շրջանակներում ՀՀ Հանրային խորհուրդը  ասոցիացիայի մի շարք երկրների հետ (Ռուսաստան, Չինաստան, Բրազիլիա, Հունաստան, Պորտուգալիա) ստորագրել է երկկողմ համագործակցության պայմանագրեր:

Միջազգային ասոցիացիայի շրջանակներում  գործում է նաև Ֆրանկոֆոնյան երկրների միություն (UCESIF), որին նույնպես 2015 թվականից անդամակցում է ՀՀ Հանրային խորհուրդը:

2015 թ․ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Սահմանադրության 161-րդ հոդվածով Հանրային խորհուրդն, իբրև Կառավարության խորհրդակցական մարմին, ամրագրվեց սահմանադրորեն:

2018 թ․ մարտի 7-ին Ազգային ժողովն ընդունեց «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվեց Հանրային խորհրդի կազմավորման և գործունեության կարգը:

Օրենքի համաձայն՝ Հանրային խորհրդի 45 անդամների կազմը ձևավորվում է հետևյալ կերպ․ առաջին 15 անդամներին հաստատում է կառավարությունը վարչապետի առաջարկով, հաջորդ 15 անդամները ՀԽ անդամ են դառնում՝ ընտրվելով ՀԽ հանձնաժողովների նախագահներ, վերջին 15 անդամներին ընտրում են ՀԽ նախորդ 30 անդամները։ Այնուհետև ՀՀ վարչապետը Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմից կառավարության հաստատմանն է ներկայացնում խորհրդի նախագահի թեկնածու, որից հետո խորհրդի ձևավորման գործընթացը համարվում է ավարտված։

2018 թ․ նոր կառավարության ձևավորումից հետո մեկնարկեց Հանրային խորհրդի նոր կազմի ձևավորումը։

2018 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվեցին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները։ Այնուհետև ձևավորվեցին խորհրդի 15 ոլորտային հանձնաժողովները, ընտրվեցին հանձնաժողովների նախագահներ, որից հետո ՀԽ 30 անդամներն ընտրեցին խորհրդի վերջին 15 անդամներին։

2019 թ․ ապրիլի 4-ին ՀՀ կառավարությունը վարչապետի առաջարկով ՀԽ կազմից Վազգեն Մանուկյանին նշանակեց խորհրդի նախագահ, ով հրաժարական ներկայացրեց 2019թ. նոյեմբերի 13-ին:

ՀՀ կառավարությունն 2019թ. դեկտեմբերի 19-ի նիստում ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանը միաձայն քվեարկությամբ նշանակեց Հանրային խորհրդի նախագահ:

Back to top button
Close