ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 1970 թ․ նոյեմբերի 29-ին։
1987-92 թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետում։ 1992-1995 թթ․ սովորել է նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում:
1996 թվականին պաշտպանել է գիտական թեզ՝ «Վեճը որպես մտավոր հաղորդակցման եղանակ. փիլիսոփայական վերլուծություն» թեմայով՝ ստանալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1990-1992 թվականներին աշխատել է ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում՝ որպես լաբորանտ, 1992-1994 թվականներին աշխատել է ՀՀ լուսավորության նախարարության մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող։
1993-1998 թվականներին եղել է ՀՀ Հեռուստառադիոպետվարչության (հետագայում` ՀՀ կառավարությանն առընթեր Տեղեկատվության և գրահրատարակչության վարչության) հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի խմբագիրը, այնուհետև գլխավոր մասնագետ։
1996-2000 թվականներին դասախոսել է ԵՊՀ փիլիսոփայության և տրամաբանության ամբիոում` որպես ավագ դասախոս, 2000 թվականից՝ ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դոցենտ։
2003 թվականից Հայաստանում ֆրանսիական համալսարանի հումանիտար և հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչն է։
«Wisdom» գիտական հանդեսի (ՀՊՄՀ) խմբագրակազմի անդամ է, գլխավոր խմբագրի տեղակալ (2013-ից):
2016 թվականից ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի Փիլիսոփայության 062 մասնագիտական խորհրդի անդամ է:
Երկու տասնյակից ավելի գիտահետազոտական ծրագրերի հեղինակ և ղեկավար է: 2005-2006 թթ. ՄԱԶԾ մասնագիտական կրթության հարցերով ազգային փորձագետ է, ազգային փորձագետների խմբի ղեկավար:
40 գիտական հոդվածների, 5 գրքերի, 3 ուսումնական ձեռնարկների հեղինակ է՝ նվիրված քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական-քաղաքական երկխոսության, հռետորիկայի և փաստարկման տեսության, քաղաքական մասնակցության, մասնագիտական կրթության ոլորտի բարելավման, հասարակական համակարգի զարգացման և կառավարման հիմնախնդիրների հետազոտմանը:
Անդամակցում է մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների և հանձնաժողովների։
2018 թ. ՀՀ վարչապետի առաջարկով կառավարության կողմից նշանակվել է Հանրային խորհրդի անդամ: