ՀՀ դատական և իրավական բարեփոխումների նոր ռազմավարությունը` հանրային վստահության բարձրացման լույսի ներքո

Օրեր առաջ կայացավ «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը` հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» խորագրով քաղաքացիական հասարակություն-կառավարություն համաժողովը, որը կազմակերպվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակներում՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի և ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ:
«Նոր ռազմավարության, դրա խնդիրների ու բացերի մասին պետք է անկեղծ խոսել»,- քննարկման սկզբում ասել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանը: «Մենք այս ռազմավարությունները ուղղակի դիտել ենք որպես փաստաթղթեր, որոնք ուղղակի պետք է կատարվեն, բայց այսօր եկել է այն ժամանակը, որ այդ ռազմավարությունները պետք է լինեն մարդակենտրոն, արժեք ստեղծեն մարդու համար: Տարիներ շարունակ Հայաստանից մեծ արտագաղթը կապված է եղել ոչ միայն սոցիալական խնդիրների, այլ հիմնականում նաև արդարության բացակայության հետ»,-նշել է նա:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Համաժողովին մասնավորապես քննարկվել են անցումային արդարադատության գործիքակազմի, հանրության շրջանում դատական համակարգի վստահելիության բարձրացման, դատական համակարգի հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավման, իրավապահ համակարգի արդյունավետության բարձրացման, ՀՀ սահմանադրական և ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հարցեր:

Հանրային խորհրդի անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանը վարել է «Իրավապահ համակարգի արդյունավետության բարձրացում» պլանային քննարկումը: Քննարկվել են դատախազության, քննչական մարմինների համակարգերի բարեփոխման հարցերը:
Համաժողովին մասնակցել են նաև Հանրային խորհրդի անդամները Անահիտ Աղոյանը, Յուրի Ջավադյանը, Հովհաննես Թադևոսյանը:

Միջոցառմանը ներկա են գտնվել և ելույթներով հանդես են եկել նախարարի տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանը, Աննա Վարդապետյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը, ՀՀ դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ Գրիգոր Ամիրյանը, փաստաբան Տիգրան Եգորյանը, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Անցումային արդարադատության հարցերով Հարվարդի համալսարանի Մարդու իրավունքների քաղաքականության կենտրոնի նախկին գիտաշխատող Արտյոմ Գեղամյանը: