2009-2011 թթ․

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

29.05.2009- 31.12.2010 թ.թ․

ԱՄՓՈՓՈՒՄ

Ընդհանուր հաշվետվություն

2008 թվականի հուլիսի 12-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ հռչակվեց Հանրային խորհրդի ստեղծումը, իսկ 2009 թվականի մարտի 11-ին հաստատվեց կանոնադրությունը և ՀԽ առաջին 12 անդամների կազմը: Այնուհետև ձևավորվեցին 12 ոլորտային հանձնաժողովները /հանձնաժողովներում ընդգրկված անդամների թիվը` 1950/, ընտրվեցին հանձնաժողովների նախագահներ:

2009 թվականի մայիսի 29-ին ՀՀ Հանրային խորհուրդը` ձևավորելով իր ամբողջական կազմը, սկսեց իր գործունեությունը, որն ամրագրվեց ՀՀ Նախագահի հրամանագրով:

Հանրային խորհրդի հանձնաժողովների կազմում ընգրկված 1950 անդամները ներկայացնում են ավելի քան 1200 հասարակական կազմակերպություններ, միություններ, ասոցիացիաներ և հիմնադրամներ, մարզերը ներկայացված են 422 անդամներով /21.7%/, կանայք` 635-ով /32.7%/: ՀԽ 12 ոլորտային հանձնաժողովներում աշխատում են 329 գիտությունների թեկնածուներ և 129 դոկտոր-պրոֆեսորներ: Տարիքային կտրվածքով ՀԽ-ի հանձնաժողովի անդամների տարիքը բաշխվում է հետևյալ կերպ` 18-30 տարեկաններ` 17%, 31-45 տարեկաններ` 21,9%, 46-60 տարեկաններ` 36,7%, 61 և ավելի տարեկաններ` 24,4%: ՀԽ շրջանակներում գործում են 66 ենթահանձնաժողովներ, որոշակի հարցեր քննարկելու համար` աշխատանքային խմբեր:

Համաձայն ՀԽ կանոնադրության Հանրային խորհուրդը բարձրացրած հարցերը քննարկում և դրանց վերաբերյալ որոշումներ է ընդունում իր լիագումար նիստերում: Խնդիրների մասին իր եզրակացություններն ու առաջարկությունները կարող է ներկայացնել նաև ՀԽ նախագահը: Բացի այդ, ՀԽ հանձնաժողովները իրավունք ունեն ինքնուրույն ներկայացնել հարցեր, եզրակացություններ ու առաջարկություններ համապատասխան պետական մարմիններին:

Հաշվետու ժամանակաշրջանում անցկացվել են ՀԽ 11 լիագումար նիստեր, որոնցում քննարկվել են 43 օրակարգային հարց, ընդունվել է 26 որոշում և լսվել է տարբեր խնդիրների վերաբերյալ 18 տեղեկատվություն: Վերը նշված օրակարգային հարցերի մի մասն ընտրվում է հանրության կողմից բարձրացրած բազմաթիվ հարցերի թվից` ՀԽ ոլորտային հանձնաժողովներում անցնելով համապատասխան քննարկումների ճանապարհ: Հարցերի մյուս մասը բարձրացրել են ՀԽ անդամները: Երկու հարց` ՀՀ-ում համաներում հայտարարելու մասին և “Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին” և “Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին” 2009թ. օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ, առաջադրվել է ՀՀ Նախագահի կողմից, որոնք քննարկվել են ՀԽ բոլոր հանձնաժողովներում և որոնց վերաբերյալ ՀԽ ընդունել է համապատասխան որոշումներ:

Հանրային խորհրդի աշխատանքային խումբը, համագործակցելով ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության համապատասխան ստորաբաժանումների հետ, փոփոխություններ է ներկայացրել ՀՀ ԱԺ-ի և կառավարության կանոնակարգերում, ինչը թույլ կտա ՀԽ անդամներին մասնակցելու վերը նշված պետական մարմիններում անցկացվող քննարկումներին /կառավարության օրակարգում փոփոխություններն արդեն կատարվել են, ԱԺ օրակարգում` ընթացքի մեջ են/:

2010 թվականի ընթացքում ՀԽ պատվիրակությունները պաշտոնական այցով եղել են ԼՂՀ-ում, որտեղ բանակցել են ԼՂՀ իշխանությունների հետ և Մոսկվայում, որտեղ կնքվել է երկկողմանի հուշագիր Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի հետ:

2010 թվականի հուլիսի 7-ին Նյու-Յորքում ՀՀ Հանրային խորհուրդը անդամակցել է Տնտեսական և սոցիալական խորհուրդների ու համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիային /AICESIS/ և մասնակցել այդ միջազգային կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի աշխատանքներին:

2010թ. մարտին ՀԽ գյուղատնտեսության հարցերին նվիրված աշխատանքային խումբը, ՀԽ նախագահ Վ.Մանուկյանի ղեկավարությամբ, ՀՀ վարչապետի գլխավորությամբ և ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամների մասնակցությամբ /Հ.Թադևոսյան, Յ.Ջավադյան, Խ.Հարությունյան/, այցելել է Արմավիրի մարզի Լուկաշին և Քարակերտ համայնքներ, հանդիպել համայնքներում ստեղծված կոոպերատիվների անդամների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին: Մանրամասն քննարկումներից հետո որոշվել է խթանել գյուղատնտեսական կոոպերատիվների (սպառողական) զարգացմանը:

2010 թվականին ՀԽ աշխատանքային խումբը /Վ.Մանուկյան, Հ.Թադևոսյան, Վ.Սաֆարյան, Կ.Առաքելյան, Ռ.Աթոյան, Յ.Ջավադյան, Խ.Հարությունյան, Ա.Տեր-Տաճատյան/ այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակին և այցելության արդյունքում մշակված եզրակացությունները ներկայացրել ՀՀ կառավարություն:

ՀԽ մեկ ուրիշ աշխատանքային խումբ /Գ.Բադիրյան, Կ.Ղազարյան, Հ.Հովհաննիսյան, Ա.Տեր-Տաճատյան, Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյան/ այցելել է ցմահ դատապարտվածներին` վերջիններիս բազմաթիվ դիմում-խնդրանքներով:

2010 թվականի նոյեմբերին ՀԽ երիտասարդական ենթահանձնաժողովի անդամները, մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանի աջակցությամբ, կազմակերպել են բարեգործական ակցիա` Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի անապահով ընտանիքներին բաժանել գրքեր ու նվերներ:

Ստորև ներկայացված են ՀԽ-ում, ՀԽ հանձնաժողովներում ու աշխատանքային խմբերում քննարկված հարցերը, մշակված առաջարկություններն ու եզրակացությունները:

Հանրային խորհրդի անդամների կողմից բարձրացված, ոլորտային հանձնաժողովներում քննարկումներ անցած և ՀԽ լիագումար նիստում վերջնական լուծում ստացած հարցերի թվում են`

  1. ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացման անհրաժեշտության մասին առաջարկությունները: Եղան նաև այս ոլորտին առնչվող այլ առաջարկություններ /ՀԽ շրջանակներում ստեղծվեծ աշխատանքային խումբ. այնուհետև` ՀԽ գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի հանձնաժողով/: Արդյունքում` վերը նշված առաջարկությունները տեղ գտան ՀՀ գյուտնտեսության զարգացման 2010-2020 թ. հայեցակարգի մեջ, ՀՀ կառավարության կողմից ներկայացվող տվյալ ոլորտի հետ կապված բոլոր նախագծերը փորձաքննություն են անցնում ՀԽ համապատասխան հանձնաժողովում, ՀԽ անդամներ Վ.Մովսիսյանը, Խ.Հարությունյանը և Յ.Ջավադյանը ընդգրկվեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության կոլեգիայի կազմում:
  2. Հանրակրթության մասին առաջարկությունների փաթեթը /ՀԽ կրթության և գիտության ենթահանձնաժողով, հանրակրթական ոլորտի խնդիրներով զբաղվող աշխատանքային խումբ/: Այս փաթեթը քննարկվեց ՀՀ Նախագահի հետ հանդիպման ընթացքում, ՀՀ կրթության և գիտության նախարարի մասնակցությամբ: Փաթեթում տեղ գտած առաջարկությունների մի մասը ընդունվեց նախարարության կողմից:
  3. Հայկական հեռուստաեթերի հաղորդումների բովանդակությունն ու դրա հետևանքներն ուսումնասիրող մշտական հանձնախմբի /համանախագահներ` Հ.Մուսայելյան, Հ.Դեմոյան/ եզրակացություններն և առաջարկությունները, որից հետո տեղի է ունեցել ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիայի ստորագրումը /ՀԽ անդամներ` Հ.Հովհաննիսյան, Գր.Բադիրյան/:
  4. Ազգային համագործակցության ցանցի ստեղծումը /ՀԽ ձեռնարկատիրական ու սպառողների պաշտպանության հացերի հանձնաժողով/: Այս առաջարկության կապակցությամբ ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց` “Ազգային համագործակցություն” հասարակական կազմակերպության հետ համատեղ ստեղծել ԱՀ հիմնադրամ: /մանրամասն տեղեկությունները` ձեռնարկատիրական ու սպառողների պաշտպանության հացերի հանձնաժողովի հաշվետվության բաժնում/:
  5. ՀՀ կառավարության և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորման վերաբերյալ առաջարկությունները /ՀԽ ձեռնարկատիրական ու սպառողների պաշտպանության հացերի հանձնաժողովի նախագահ Ա.Սադոյան, ՀԽ անդամ` Հ.Մուսայելյան/:
  6. Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սովորողների նկատմամբ աշխատակցների կողմից իրականացված հակաօրինական գործողությունների կապակցությամբ և լրագրող Մ.Սուխուդյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի անաչառ ընթացքն ապահովելու վերաբերյալ որոշումը: Արդյունքում` Մ.Սուխուդյանին առաջադրված մեղադրանքները հանվեցին և իրական հակաօրինական և հակաբարոյական արարքներ կատարած անձինք ենթարկվեցին  քրեական պատասխանատվության և պատժի:

Արձագանքելով հանրությանը հուզող հարցերին` Հանրային խորհուրդը իր համապատասխան հանձնաժողովներում քննարկելուց հետո կայացրել է համապատասխան որոշումներ և իր առաջարկություններն ու եզրակացությունները ներկայացրել ՀՀ Նախագահին և ՀՀ կառավարությանը.

  1. “Լեզվի մասին” և “Հանրակրթության մասին” ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ /ՀԽ մի շարք ենթահանձնաժողովներ/: Արդյունքում` ՀՀ ԱԺ ընդունեց փոփոխությունների փոխզիջումային տարբերակը:
  2. Երևանի “Մոսկվա” ամառային կինոթատրոնի հետագա ճակատագրի մասին /ՀՀ Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գ.Ազիզյան/: ՀԽ, դեմ արտահայտվելով այդ շինության քանդմանը, բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկեց  բանակցության ճանապարհով գտնել փոխզիջման տարբերակներ: Ներկայումս հարցը փաստացի գտնվում է սառեցված վիճակում:
  3. “Հասարակական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ /ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողով/: Առաջարկությունները ներկայացվեցին ՀՀ արդարադատության նախարարություն, որը սկզբից դրանք չընդունեց: Սակայն միջազգային փորձաքննության եզրակացությունից հետո հանձնաժողովի առաջարկությունների մեծ մասը հաշվի առնվեց և ընդունվեց ՀՀ ԱԺ կողմից:
  4. Արհմիությունների հետ կապված “ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” /ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողով/: ՀԽ շրջանականերում կազմակերպված լսումների ընթացքում, որին մասնակցում էին բոլոր արհմիությունների ներկայացուցիչները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը, ինչպես նաև ՀՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահը վերը նշված օրինագիծը քննարկվեց և ՀԽ առաջարկությունների մի մասը ընդունվեց:
  5. Երթևեկության և ավտոկայանային գործունեության հետ կապված ավտոտրանսպորտի շահագործման և ավտոկայանատեղերի գործունեության հայեցակարգի մշակման վերաբերյալ: Այս խնդիրը շարունակվում է գտնվել քննարկման ընթացքում /ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի ավտոտրանսպորտի և երթևեկության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ` Տ.Հովհաննիսյան/:

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վ.Մանուկյանի կողմից ՀՀ վարչապետին գրություններ և դիմումներ են ուղղվել` հիմք ընդունելով ՀԽ-ի հանձնաժողովների կարծիքները և առաջարկությունները`

  • Վանաձորում “Մարդու իրավունքների հայկական դպրոցի” բացման վերաբերյալ /ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հանձնաժողով/;
  • Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման հայեցակարգի մասին /ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողով/;
  • Հայ-իրանական երկաթգծի կառուցման վերաբերյալ /ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողով/;
  • ՀՀ բնակավայրերի քաղաքաշինական ծրագրերի և ՀՀ գյուղական համայնքներում քաղաքաշինական միջոցառումների մասին /ՀԽ տեղական ինքնակառավարման և տեղական կառավարման հանձնաժողով/;
  • Արտավազ գյուղի բնակիչների դիմում-բողոքի վերաբերյալ /ՀԽ գյուղատնտեսական և բնապհպանական հարցերի հանձնաժողով/;
  • “Կոմետա” գիտահետազոտական ինստիտուտի վերաբերյալ /ՀԽ-ի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողով/:

ՀԽ նախագահը տարբեր գրություններ է ուղղել մի շարք հրատապ հարցերի վերաբերյալ, որոնցից են`

  • “Արարատ ավիա” ընկերության օդաչուներին արցախյան պատերազմին մասնակցելու համար պարգևատրման մասին /ՀՀ Նախագահին/;
  • Սյունիքի մարզի Որոտանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման վերաբերյալ /ՀՀ տարածքային կառավարման նախարարին/;
  • “Դալմայի այգիների” հողօգտագործողների հետ կապված /ՀՀ տարածքային կառավարման նախարարին/;
  • Աբխազառուսական սահմանը խախտելու պատճառով ՀՀ քաղաքացիներին Վրաստանում բանտարկելու վերաբերյալ /ՀՀ արտաքին գործերի նախարարին/;
  • Երևանում Գարեգին Նժդեհի արձանը տեղադրելու հետ կապված /Երևանի քաղաքապետին/;
  • “Մասիս 3” շինարարական կոոպերատիվի վերաբերյալ /ՀՀ վարչապետին/;
  • “Կանաչազարդ երկիր” հկ-ի առաջարկությունները` ՀՀ միջպետական նշանակության մայրուղիների և այլ ճանապարհների եզրին պաշտպանական անտառաշերտերի հիմնադրման վերաբերյալ /ՀՀ վարչապետին/;
  • Ստեկլոմաշ գործարանի փակման վերաբերյալ /ՀՀ վարչապետին/;
  • “Սիս, Մասիս, Նոր Հայաստան” լճափնյա հանգստավայրեր ծրագրի վերաբերյալ /ՀՀ վարչապետին/;
  • “Զորաց Քարեր բնակատեղի” պետական արգելոցի տարածքում տեղակայված հուշարձանախմբի չափագրման, լազերային սկանավորման և նկարահանման աշխատանքների վերաբերյալ /ՀՀ վարչապետին/;
  • “Ջերմուկ” հանքային ջրերի մի շարք գործարանների ներկայացուցիչների դիմումը` “Աշխարհագրական նշումների մասին” ՀՀ օրենքի դրույթների վերաբերյալ /ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին/:

ՀԽ-ի հանձնաժողովներ և ՀԽ-ի անդամներ

Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողով

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը /180 անդամ/ բաղկացած է 16 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդգրկում է 22 անդամ: Հանձնաժողովը անցկացրել է 5 լիագումար և հանձնաժողովի կոլեգիայի 15 նիստեր: Մասնավորապես, հանձնաժողովը իր շրջանակներում քննարկել, մշակել և ներկայացրել է առաջարկություններ և եզրակացություններ`

  1. ՀՀ ինովացիոն քաղաքականության մասին /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/:
  2. ՀՀ արդյունաբերության զարգացման հայեցակարգի մասին /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/:
  3. Հայաստանի հելիոֆիկացիայի եւ հելիոտեխնիկական արդյունաբերությունը զարգացնելու հարցերը /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ Նախագահին ՀՀ վարչապետին/:
  4. Ոչ մետաղական հանքանյութերի նոր արտադրատեսակների արտադրության մասին /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/:
  5. Հայ-իրանական երկաթգծի շինարարական աշխատանքների մասին /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/:

Հանձնաժողովի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի ներկայացմամբ ՀԽ որոշում է կայացրել հանրային հնչեղություն ունեցող մեկ այլ հարցի` Երևանի “Մոսկվա” ամառային կինոթատրոնի հետագա ճակատագրի վերաբերյալ:

Հանձնաժողովում, այնուհետև ՀԽ-ում քննարկվել և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ներկայացվել գրություն` գազի սակագնի ձևավորման մասին ՀԽ եզրակացությունները:

Հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը ՀԽ-ի նիստերին տեղեկատվություն է ներկայացրել Սյունիքի մարզում ուրանի հանքավայրի ուսումնասիրման աշխատանքների մասին, ինչպես նաև հայկական երկաթգծի կամուրջների վթարային վիճակի մասին:

Հանձնաժողովը քննարկել է նաև`

  • “Նաիրիտ գործարան” ՓԲԸ աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը խոչընդոտող հանգամանքների հարցը;
  • վերականգնվող էներգիայի ստացման նոր աղբյուրների վերաբերյալ հայտնագործությունների ներդրման հարցը;
  • ՀՀ-ում փոքր ավիացիայի վերականգման հարցը;
  • Քանաքեռ-Զեյթուն համայնքի ուսանողական թաղամասում երկաթգծի կիսակայարան կառուցելու անհրաժեշտության մասին հարցը /ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի նախագահ Վ.Սաֆարյանի կողմից ուղղվել է Երևանի քաղաքապետին/;
  • հարկային վարչարարության դեպքեր;
  • “Հայկական ազգային դրամի զբոսայգի” հիմնելու մասին հեղինակային ծրագիրը /դրական եզրակացություն/;
  • 2003 թվ. ընդունված “ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի” իրականացման գործընթացը /ընթացքի մեջ է/;
  • “Ակցիզային հարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության առաջարկությունները /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/;
  • Երկաթգծի կամուրջների վթարային վիճակի վերաբերյալ հարցը /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/;
  • “Մեքենաշինարարների մասնագիտական տոն” հիմնելու մասին հարցը /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/;
  • Նոր Կյուրիի բնակիչների դիմումը` ճանապարհը ասֆալտապատելու մասին /ՀԽ-ի նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/

Հանձաժողովի կոլեգիայի անդամները 2010 դեկտեմբերի 14-ին հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետի հետ և քննարկել ՀՀ արդյունաբերության զարգացման հետ կապված խնդիրները:

Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով

Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովը /144 անդամ/ բաղկացած է 3 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդգրկում է 17 անդամ:  Անցած ժամանակաշրջանում հանձնաժողովն անցկացրել է 2 լիագումար նիստ և կոլեգիայի 6 նիստ. քննարկվել են հետևյալ հարցերը`

  1. “Գյուղացիական տնտեսություններում արտադրության կազմակերպման հարցերի ուսումնասիրման և գյուղացիական կոոպերատիվների զարգացման խնդիրները” և “ՀՀ գյուղատնտեսության կոոպերացիայի մասին” օրենքի հայեցակարգի նախագծի մշակման հարցերը /սկզբնական շրջանում ՀԽ անդամներից ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը քննարկել էր այդ հարցը և ներկայացրել հանձնաժողովին/:

Հանձնաժողովը հաշվետու ժամանակահատվածում կազմակերպել է երկու այց` Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի Լուկաշին համայնք և Բաղրամյանի տարածաշրջանի Քարակերտ համայնք:

Առաջին այցի ընթացքում ՀԽ անդամները հանդիպել են նշված համայնքներում ստեղծված կոոպերատիվների անդամների հետ, քննարկվել են կոոպերատիվների անդամների կողմից բարձրացված հարցերը և դրանց լուծման ուղիները:

Երկրորդ այցը կազմակերպվել է նույն համայնքներում` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Համայնքների կոոպերատիվների անդամների հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը արձանագրեց, որ արդեն ստեղծվել են գյուղատնտեսության զարգացման համար կարևոր սպառողական կոոպերատիվներ, որոնցում կամավոր հիմունքներով ընդգրկվել են գյուղացիական տնտեսությունները` հողերը միասին օգտագործելու, իրենց խնդիրները համատեղ լուծելու պայմանով: Այն հնարավորություն է տալիս մոտ 20-30% նվազեցնել գործարարական ծախսերը և ավելի ինտենսիվ վարել գյուղատնտեսությունը:

Ձևավորվեց որոշակի կարծիք, որ գյուղատնտեսության զարգացումն ապահովելու համար պետք է խթանել նման տիպի կոոպերատիվների զարգացումը:

  1. “Բերդաձոր-Կաքավաձոր” այգեգործական հասարակական կազմակերպության հողատարածքի կարգավիճակի վերաբերյալ առաջարկությունները;
  2. “Ջրվեժ” անտառապարկից 21.76 հա տարածքի օտարման մասին հարցերը;
  3. Գյուղապետի հետ համատեղ, ուսումնասիրվել և լուծման ընթացք է տրվել Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Խաչփառ գյուղի մի շարք բնակիչների կողմից բարձրացված գազամատակարարման, խմելու և ոռոգման ջրի ապահովման հարցերին;
  4. Դալմայի այգիների վիճակի մասին:

Հանձնաժողովի նիստերում բարձրացվել ու քննարկվել են նաև`

  • Ոռոգելի հողերի օգտագործման, ոռոգման համակարգերի նախապատրաստման, ոռոգման ջրով ապահովվածության, ոռոգման շրջանի սկսման ժամկետի: Քննարկվել է ոռոգման ջրի մատակարարման պլան-ժամանակացույցը (մասնավորապես Սևան-Հրազդան համակարգինը), կատարվել են ճշգրտումներ ոռոգման ջրի պահանջարկի ծավալներում և ջրի մատակարարման ժամկետներում: Որոշվել և երաշխավորվել են ջրի ծավալը և բացթողնման ժամկետները:
    • Երևան քաղաքում էլիտար շենքերի կառուցման հարցերը;
    • Բերքի իրացման համար “ԳԱՖ” ԻԱՄ  հետ համատեղ կազմակերպվել է Սեբաստիա-Մալաթիա շուկային հարակից սառնարանում գյուղմթերքների ընդունումը, պահեստավորումը և առաքումը վաճառողներին;
    • Հակակարկտային կայանների տեղակայման և արդյունավետ շահագործման խնդիրները;
    • Սերմնաբուծության և սելեկցիայի զարգացման խնդիրները: Աշխատանքային կարգով համապատասխան մասնագետների հետ քննարկվել է, մասնավորապես, 2010-2014թ.թ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագիրը ու ծրագրի իրականացման համար սերմնաբուծական տնտեսություններին աջակցելու խնդիրները: Առաջարկվել է առաջնահերթ ներկրված բարձր վերարտադրության սերմերը տրամադրել սերմնաբուծության տնտեսություններին և հետևել վերարտադրությունը կազմակերպելու գործընթացին:

Հանձնաժողովի ենթահանձնաժողովներում և աշխատանքային խմբերում քննարկվել և համապատասխան առաջարկություններ են ներկայացվել`

  • սերմնաբուծության /ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յ.Ջավադյանի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին/,
  • տոհմաբուծության,
  • ոչխարաբուծության /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին/,
  • ոռոգման և ջրարբիացման համակարգերի վերակառուցման /ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական  հարցերի հանձնաժողովի նախագահ Յ.Ջավադյանի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ Ջրպետկոմին/,
  • Արարատյան դաշտի ջրային և հողային պաշարների օգտագործմանը վերաբերող հարցեր:

Տեղում ուսումնասիրվել է Երևան քաղաքի Տիչինա փողոցին հարակից հողատարածքները կառուցապատման նպատակով օտարելու հարցը և առաջարկվել է քաղաքաշինության նորմերին համապատասխան ապահովել կառուցվող օբյեկտների և Շահումյան թիվ 2 գերեզմանատան միջև 300մ հեռավորությունը, որն ընդունվել է:

Ուսումնասիրվել, քննարկվել, դրական լուծում է տրվել բնակիչների դիմումներին, բողոքներին և առաջարկություններին, մասնավորապես`

  • Իջևանի տարածաշրջանի Բերքաբեր, Կայանավան գյուղերի;
  • Վարդենիսի տարածաշրջանի Ակունք գյուղի;
  • Գավառ քաղաքի;
  • Կոտայքի մարզի Արտավազ գյուղի;
  • Հրազդանի տարածաշրջանի Արզական գյուղի;
  • Արմավիր քաղաքի;
  • Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչների դիմումներին;
  • Քանաքեռի տնամերձ հողերը ոռոգման ջրով ապահովելու;
  • Ավանի Քուչակ թաղամասի թիվ 2 շենքին հարակից կաթսայատան վերակառուցման;
  • Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչների հողերի խոշորացմանը վերաբերող հարցերին:

Հանձնաժողովը կազմակերպել է սեմինար-քննարկումներ նվիրված գյուղկոոպերացիայի զարգացմանը, Արմավիրի մարզի մի շարք կոոպերատիվների այցելություններ, 2009թ. նոյեմբերի 23-24-ին ՙՖՐՈՒՏՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ՚-ի հետ համատեղ համաժողով` կապված  գյուղատնտեսության հիմնահարցերին:

Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողով

Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը /204 անդամ/ բաղկացած է 6 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդգրկում է 11 անդամ:  Հաշվետու ժամանակաշրջանում հանձնաժողովը անցկացրել է 3 լիագումար նիստ և 2 կոլեգիայի նիստ:

Հանձնաժողովը քննարկել է հեռաբժշկության զարգացման մասին ծրագիրը /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին և ՀՀ առողջապահության նախարարություն/: 2010 թվականի հունիսի 6-ին ՀԽ էր դիմել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը` “Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստման մասին” օրենքի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ վերը նշված հանձնաժողովի եզրակացությունը ստանալու խնդրանքով: Հանձնաժողովը համակողմանիորեն քննարկելուց հետո իր եզրակացությունը ներկայացրեց ՀՀ Սահմանադրական դատարան: Բացի այդ, հանձնաժողովը քննարկել է առողջապահության և սոցիալական ոլորտին վերաբերող հետևյալ օրենքների նախագծերը.

  • “Առողջապահության մասին”;
  • “Դեղերի մասին”;
  • “Սոցիալական աջակցության մասին”;
  • “Բարեգործության մասին”;
  • “Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին” /Դ.Դումանյանի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալակն հարցերի հանձնաժողովի նախագահ Ա.Բաբլոյանին/;
  • “Հոմեոպատիկ ցողունային բջիջների մասին” /Դ.Դումանյանի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Ա.Բաբլոյանին/:

Հանձնաժողովը քննարկել է նաև առողջապահության համակարգի ֆինանսավորման հարցը /ապահովագրական բժշկություն/, բժշկական և սոցիալական գործունեության խնդիրը, արտոնագրման և լիցենզավորման հարցը, մասնավոր բժշկական հիմնարկների աշխատանքների կանոնակարգման հարցը, ինչպես նաև պատասխանել է սոցիալական բնույթ ունեցող 54 դիմում-բողոքների:

            Միջազգային ինտեգրման, կրոնի և սփյուռքի հարցերի հանձնաժողով

Հանրային խորհրդի միջազգային ինտեգրման, կրոնի և սփյուռքի հարցերի հանձնաժովը /216 անդամ/ բաղկացած է 4 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդգրկում է 9 անդամ: Անցած ժամանակաշրջանում հանձնաժողովը անցկացրել է 4 լիագումար և 9 կոլեգիայի նիստեր:

Հանձաժողովը քննարկել ու ՀԽ նիստին է ներկայացրել Երեւանում գորգարվեստի թանգարան հիմնելու առաջարկությունը, ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի հիշատակը հավերժացնող միջոցառումներ իրականացնելու մասին հարցը /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին/, Մ.Սարյանի տուն-թանգարանի ոչ բարվոք պայմանների կապակցությամբ վերականգնողական և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ խնդիրը /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին/:

Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սաֆրաստյանը ՀԽ նիստերին պարբերաբար տեղեկատվություն է հաղորդել հայ­թուրքական հարաբերությունների տարբեր փուլերի վերաբերյալ:

Ենթահանձնաժողովների առաջարկությամբ հանձնաժողովը քննարկել է արտերկրում ՀԽ կառույցներ ստեղծելու մասին առաջարկությունները, ՀԽ եթերաժամ ունենալու և “21-րդ դարում մարդու հոգևոր անվտանգությանն ուղղված մարտահրավերները և աշխարհիկ կրոնական կառույցների դերը այս բնագավառում” հարցերը:

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողով

Հանրային խորհրդի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովը ամենամեծն է ՀԽ-ում /402 անդամ/ և աշխատանքներն ընթանում են ավելի շատ ենթահանձնաժողովներում և աշխատանքային խմբերում: Հանձաժողովը բաղկացած է 4 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդգրկում է 11 անդամ: Հաշվետու ժամանակաշրջանում անցկացվել է 3 լիագումար և կոլեգիայի 11 նիստեր: Կրթության և գիտության ենթահանձնաժողովը անցկացրել է 4, մշակույթի ենթահանձնաժողովը` 5, սպորտի` 6 և երիտասարդության`12 նիստեր:

ՀԽ նախաձեռնել է կրթական համակարգում ծառացած խնդիրների քննարկում և առաջարկությունների փաթեթի մշակում: Կրթության և գիտության ենթահանձնաժողովը, ինչպես նաև հանրակրթության ոլորտին նվիրված աշխատանքային խումբը 8-ամսյա քննարկումներից հետո ՀՀ Նախագահին ներկայացրել են հանկրակրթության մասին առաջարկությունների փաթեթ:

Կրթության և գիտության ենթահանձնաժողովը աշխատանքը կազմակերպել է հիմնականում 10 աշխատանքային խմբերով, այն է` նախադպրոցական կրթություն, հանրակրթություն, բարձրագույն կրթություն, գիտություն, օրենսդրություն, տեղեկատվություն և նամակներ, միջին մասնագիտական, բարոյահոգեբանական դաստիարակություն, կրթության որակի ապահովում, նորարական ներդրումներ և արտոնագրում: Ենթահանձնաժողովը քննարկել է գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը, ավարտական և ընդունելության քննությունների ընթացքը և դպրոցական դասագրքերի որակի հարցը:

Մշակույթի ենթահանձնաժողովը ՀԽ նիստին ներկայացրել է Հայաստանի պատմա-մշակութային հուշարձանների վերականգնման խնդիրները, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հանձնված եկեղեցիների պահպանման և վանքապատկան հողերի օգտագործման հիմնահարցերը, լսվել են այդ խնդիրն ուսումնասիրելու համար անցկացված ստուգայցի արդյունքները /մասնավորապես, “Հաղարծին” համալիրին վերաբերող վանքապատկան հողերում առկա ապօրինի շինությունների օտարման մասին/: Բացի այդ, ենթահանձնաժողովը բաց քննարկումներ է կազմակերպել Երևանի “Մոսկվա” ամառային կինոթատրոնի հետագա ճակատագրի, հանրակրթության ոլորտում տիրող իրավիճակի, ՀՀ մարզերում ավանդական մշակույթի զարգացման հեռանկարային ծրագրի վերաբերյալ:

Երիտասարդության ենթահանձնաժողովը քննարկել է`

  • երիտասարդների հետբուհական զբաղվածության,
  • ուսանողների սոցիալական պաշտպանվածության և երիտասարդ ընտանիքների սոցիալ – տնտեսական վիճակի,
  • բանակում մի շարք առարկաների ուսուցում կազմակերպելու,
  • կրթաթոշակների,
  • բուհերում անվճար տեղերի կրճատումների հետ կապված հարցերը:

Ընթացքում է գտնվում առաջարկությունների փաթեթի մշակումը` կապված հայկական բանակի սպաների պատրաստման գործընթացի և զինվորների կրթական մակարդակի ուսումնասիրության հետ:

Սպորտի ենթահանձնաժողովը ընթացիկ հարցերից բացի քննարկել է հանրակրթական դպրոցներում աշխատող ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների և մարզադպրոցներում աշխատող մարզիչ մանկավարժների աշխատավարձերի համահավասարեցման նախաձեռնության հարցը:

Պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի հանձնաոժողով    

Հանրային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի հանձնաժողովը /74 անդամ/ բաղկացած է 4 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդգրկում է 7 անդամ:  Հանձնաժողովը անցկացրել է 6 լիագումար և 6 կոելգիայի նիստեր: Հանձնաժողովը քննարկել է 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ազգային ծրագրի կատարման վերաբերյալ իր առաջարկություններն ու ներկայացրել ՀԽ նիստին /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին/: Բացի այդ, հանձնաժողովն անցկացրել է ոստիկանության աշխատանքը գնահատելու մասին հարցախույզ /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ ոստիկանապետին/, որի արդյունքները ներկայացվել են համապատասխան մարմիններին: ՀԽ են ներկայացվել ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիների դիմում բողոքների ընթացքի հետ կապված հարցերը:

Հանձնաժողովը քննարկել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում Սպայական փոխօգնության միություն ստեղծելու վերաբերյալ և ՀՀ հանրակրթական դպրոցներում Ռազմական պաշտպանություն առարկայի դասավանդման հարցերը:

            Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողով

Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովը /156 անդամ/ բաղկացած է 5 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ունի 11 անդամ:  Հանձնաժողովը անցկացրել է 4 լիագումար և կոլեգիայի 7 նիստ: Հանձնաժողովը երկու անգամ փորձաքննության է ենթարկել “Հասարակական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը  և ներկայացրել է իր դիրքորոշումն ու առաջարկությունները, որոնք ՀՀ արդարադատության նախարարությունը սկզբից չէր ընդունել, սակայն միջազգային փորձաքննության եզրակացությունից հետո հանձնաժողովի առաջարկությունների մեծ մասը հաշվի է առնվել:

            Հանձնաժողովն առաջարկել ու մշակել է ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիայի նախագիծ, որը հիմք է հանդիսացել 12 հեռուստաընկերությունների ստորագրած Խարտիայի վերջնական տարբերակի համար:

            Հանձնաժողովը ներկայացրել է նաև “ԶԼՄ-ների մասին” ՀՀ օրենքում և ՀՀ “Քաղաքացիական օրենսգրքում” փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ իր կարծիքը, հանդես է եկել 2009թ. համաներման դրույթները ընտրակեղծիքներ և լրագրողների նկատմամբ բռնություն հանդիսացող հանցագործությունների նկատմամբ չտարածելու առաջարկությամբ: Հարց է բարձրացրել  ՀՀ կառավարության 05.08.2010թ. 1042-Ն որոշման վերանայման /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին ու ՀՀ ԱԺ/, Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սովորողների նկատմամբ աշխատակցների կողմից իրականացված հակաօրինական գործողությունների կապակցությամբ և լրագրող Մ.Սուխուդյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի անաչառ ընթացքն ապահովելու վերաբերյալ:

Հանձնաժողովում ընդգրկված իրավաբան-մասնագետներն անվճար իրավաբանական խոհրդատվություն են տրամադրել մոտ երկու տասնյակ դիմումատու քաղաքացիների: Քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումներում բարձրացված խնդիրները ներկայացվել են ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությանը, ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազություն:

            Հանձնաժողովի անդամները բազմիցս մասնակցել են քաղաքացիական հասարակության հիմնախնդիրներին նվիրված տարաբնույթ տեղական և միջազգային խորհրդակցությունների, գիտաժողովների, սեմինարների, այդ թվում նաև` ՀՀ ԱԺ-ում “Հասարակական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին  օրիանգծերի և “ՀՀ ընտրական օրենսգրքի” նոր խմբագրությամբ տարբերակի լսումներին:

Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների շահերի պաշտպանության հարցերի հանձնաժողով

            ՀՀ Հանրային խորհրդի ձեռնարկատիրական գործունեության և սպառողների շահերի պաշտպանության հարցերի հանձնաժողովը (թվով 85 անդամ) բաղկացած է 5 ենթահանձնաժողովներից և 5 աշխատանքային խմբերից: Հանձնաժողովի կոլեգիան կազմված է 12 անդամներից: Անցած ժամանակահատվածում հանձնաժողովն ունեցել է 4 լիագումար, ընդլայնված կազմով կոլեգիայի 6 և հերթական 22 նիստեր:

Հանձնաժողովի նախաձեռնությամբ Հանրային խորհրդի լիագումար նիստերում քննարկվել է՝

1.  Ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագների իջեցման, որակի բարձրացման հարցը:

2. “Ազգային համագործակցություն” հիմնադրամի և “Ազգային համագործակցության ցանց” բազմակողմանի ծառայություններ մատուցող հեռահաղորդակցման կառույցի ստեղծման ծրագիրը:

Հանձնաժողովի առաջարկություններն ընդունվել են Հանրային խորհրդի կողմից և հետագայում ներկայացվել ՀՀ Նախագահին, ՀՀ կառավարությանը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

Հանձնաժողովի առաջարկությամբ ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանության հարցերի հանձնաժողովի կոլեգիայի նիստում քննարկվել է հեռահաղորդակցման ժամանակակից միջոցների օգնությամբ գյուղմթերքների արտադրության խթանմանը,իրացմանը նպաստելու հետ կապված ծրագիրը, որն արժանացել է կոլեգիայի հավանությանը:

Երևանի քաղաքապետարանը համապատասխան բաժնի, համատիրությունների, շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանձնաժողովում քննարկվել է բարձրահարկ շենքերում վերելակային տնտեսության անմխիթար վիճակի բարելավման անհրաժեշտության հարցը: Հաշվի առնելով, որ ներկայումս գործնականում հնարավոր չէ ամբողջությամբ թարմացնել վերելակային տնտեսությունը՝ խորհրդակցությունում ընդունվել է որոշում` առաջարկել համապատասխան կազմակերպություններին, թարմացմանը զուգընթաց կազմակերպել վթարային իրավիճակների կանխարգելմանը նպաստող միջոցառումներ, մասնավորապես, որոշ անհրաժեշտ մասերի դրսից գնման, տեղում արտադրության կազմակերպման, որակյալ վերանորոգման ապահովմանը նպաստող քայլեր:

Սպառողների շահերի պաշտպանության ենթահանձնաժողովը, հանրային ծառայությունների գծով աշխատանքային խմբի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան բաժնի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպած ստուգայցերի միջոցով ներկայացրել է առևտրի ոլորտում թերակշռումների պատկերը, պարբերաբար կատարել համապատասխան ուսումնասիրություններ, որոնց արդյունքները հեռուստատեսությամբ, մամուլով ներկայացրել է հանրությանը:

Ներկայումս` հանձնաժողովում շարունակվում են սպառողների շահերի պաշտպանության համար` անհրաժեշտ տեղեկատվական համակարգի, սոցիոլոգիական ուսումնասիրությունների հիման վրա “Հանրային կարծիքի շտեմարան” տեղեկատվական բազայի, ԱՀՑ-ի շրջանակներում՝ գյուղերում հեռակապի կենտրոնների, հայտարարությունների “Գյուղի տախտակ” կայքի, զանգվածային լրատվամիջոցներով հանրության հետ անմիջական կապի ապահովման կառույցի ձևավորման միջոցով:

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով         

Հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը/166 անդամ/բաղկացած է 4 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդրկում է 11 անդամ:  Անցկացվել են 7 լիագումար և 12 կոլեգիայի նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են “ՀՀ բնակավայրերի քաղաքաշինական ծրագրերի փաստաթղթերի ապահովման միջոցառումների մասին” և “ՀՀ գյուղական համայնքներում քաղաքաշինական և ճարտարապետական ծառայությունների ապահովման միջոցների մասին” հարցերը /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/: Հանձնաժողովի կոլեգիայի անդամները մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության կոլեգիայի նիստերին: Քննարկվել և ընթացքի մեջ է Ձորաղբյուր ամառանոցի 5000-ից ավելի բնակիչներ ունեցող բնակավայրի առաջնահերթ հարցերի ուղղությամբ համալիր ծրագրի մշակումը /համաձայն ՀԽ-ին ուղղված բնակիչների դիմումների/, ինչպես նաև այդ բնակավայրին համայնքի կարգավիճակ տալու հարցը: Հանձնաժողովն արտագնա նիստ է գումարել Արագածոտնի մարզի Ուջան համայնքում` համայնքի հասարակական խորհրդի հետ համատեղ, որի արդյունքում օգնություն է ցուցաբերվել գյուղում խմելու ջրի անցկացման, 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շահագործման հարցերում: Հանձնաժողովը աշխատանքներ է տանում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի համայնքների հետ /Վազաշեն, Պառավաքար, Կոթի, Կարմիրաղբյուր/:

Բացի այդ, հանձնաժողովը նիստերում քննարկել են հետևյալ հարցերը`

  • Բնակարանային ֆոնդի կառվարման և շահագործման բարելավման ուղղությամբ կառավարության 5-ամյա ռազմավարական ծրագիրը:
  • Համայնքների խոշորացման ծրագրի մասին:
  • Անտառների շահագործման այլընտրանքային ծրագրի մասին:
  • Կրթական համակարգի բարելավման մասին:
  • Համայնքներում կանաչապատման տարի հայտարարելու մասին:

Նշված բոլոր հարցերը լուսաբանվել են “Հայաստանի Հանրապետություն” պաշտոնաթերթում և լրատվություն է թողարկվել հեռուստատեսությամբ:

Գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձաժողով 

Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերիհանձաժողովը  /65 անդամ/ բաղկացած է 2 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդգրկում է 7 անդամ: Հաշվետու ժամանակաշրջանում հրավիրվել է 5 լիագումար և 12 կոլեգիայի նիստեր, որտեղ քննարկվել է “Կանանց դրության բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման” ազգային ծրագրի կատարման հարցը: Հանձնաժողովը առաջարկել է սահմանել “Ընտանիքի օր” տոնը / ՀԽ գենդերային և ժողովրդագրական հարցերիհանձաժողովի նախագահ Ե.Վարդանյանի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/, քննարկել է “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքը /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ Նախագահին/, ինչպես նաև ԱԺ-ում քննարկման ժամանակ որոշ առաջարկություններ ներկայացրել “Ընտրական օրենսգրքի” լրամշակված տարբերակի մասին:

Հանձնաժողովը քննարկել է նաև “Ընտանիքի հիմնախնդիրները” հարցը և ներկայացրել է առաջարկություն` անցկացնելու “Ընտանիքի տարի” ծրագիրը: Առաջարկությունն ուղարկվել է ՀՀ կառավարություն:

            Ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողով

Հանրային խորհրդի ազգային փոքրամասնությունների հարցերիհանձնաժողովը/78 անդամ/բաղկացած է 3 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդրկում է 5 անդամ:  Անցկացվել են 5 լիագումար և 6 կոլեգիայի նիստեր, քննարկվել են հարցեր` կապված տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի կատարման ընթացքի վերաբերյալ ՀՀ զեկույցի հետ, ինչպես նաև 2 միջադեպ Ֆիոլետովո գյուղի հետ կապված: Հանձնաժողովը անցկացրել է 3 արտագնա նիստ, այդ թվում նաև Արարատի մարզի Հովտաշեն գյուղ` կապված 13-ամյա եզդի երեխայի անհետանալու հետ:

Պետաիրավական հարցերի հանձնաժողով

Հանրային խորհրդի պետաիրավական հարցերիհանձնաժողովը /181 անդամ/բաղկացած է 10 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդրկում է 12 անդամ:  Հաշվետու ժամանակահատվածում գումարվել է 4 լիագումար նիստ /այդ թվում և ընդլայնված/ և կոլեգիայի 8 նիստ:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովը ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ մասնակցել է “Փաստաբանության մասին” ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին: Նշված նախագծով նախատեսվել է`

ա/ ստեղծել փաստաբանական դպրոց.

բ/            անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու մասով սահմանել սոցիալական անապահով խմբերը, որոնք կարող են իրավաբանական օ•նություն ստանալ նաև քաղաքացիական, սահմանադրական և վարչական գործերով.

գ/ հստակեցնել փաստաբանների պալատի ներկառուցվածքային խնդիրները.

դ/ տարբերակել փաստաբանական կազմակերպությունները, որպես մասնագիտական կազմակերպություններ.

ե/            սահմանել և հստակեցնել փաստաբանների իրավունքները և երաշխիքները:

Ներկայումս, նախագիծը գտնվում է ՀՀ ազգային ժողովում:

Հանձնաժողովը ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ մշակում է նաև ՀՀ վարչական դատավարության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերով նախատեսված դատական ծախսերի մեջ ներառված փաստաբանական ողջամիտ ծախսերին վերաբերող միջին գնացուցակի նախագիծը: Հանձնաժողովն այս նախագիծը լայն քննարկման է դրել և ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի հաստատմանը:

Նույն կազմակերպության հետ իրականացվել են նաև փաստաբանական գաղտնիքի և մարդու ազատությունների խախտման հետ կապված քննարկումներ, որոնց արդյունքում կազմվել են համապատասխան առաջարկություններ:

Կատարվել է պետության կարիքների համար իրականացվող գործարքների հետ կապված իրավիճակի ուսումնասիրություն և կազմվել է համապատասխան տեղեկանք:

Բացի այդ, հանձնաժողովը “ՀՀ-ում անպտղության աճի”, դպրոցներում սեռական դաստիարակության թեմաներով կազմակերպել են քննարկումներ: Հանձնաժողովը քննարկման առարկա է դարձրել նաև մանկատան երեխաների ետմանկատնյան կյանքին վերաբերող հարցերը և առաջիկա անելիքները տվյալ ոլորտում, նրանց սոցիալական իրավունքների պաշտպանության հարցերը ՀՀ-ում: Քննարկվել են նաև հաշմանդամների զբաղվածության և աշխատանքային իրավունքների հիմնախնդիրների  ներպետական օրենսդրության և միջազգային-իրավական ակտերի համապատասխանության հարցերը: 

Հանձնաժողովի ներկայացուցիչները մասնակցել են ՀՀ ԱԺ-ի հանձնաժողովներում, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված խորհրդաժողովներում ՀՀ Ընտրական օրենսգրքի նոր տարբերակի քննարկումներին և ՀՀ ԱԺ-ի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով ներկայացրել հանձնաժողովի աշխատանքային խմբի կողմից մշակված ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ:

Պետաիրավական հանձնաժողովը կազմակերպել և պատրաստել է մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծեր, ինչպես նաև կազմակերպել և մասնակցել է բազմաթիվ օրենքների կամ օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներին:

Ձևավորվել է համագործակցային ցանցեր, որոնց միջոցով իրականացվել են մի շարք ոլորտների, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական ծառայության մրցույթների և ատեստացիաների ու նոտարական գրասենյակների մասնակցային մոնիտորինգ:

Հանձնաժողովում մշակվել է ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիայի նախագիծ, որի հիմնարար դրույթները տեղ են գտել 12 հեռուստաընկերությունների կողմից ստորագրված Խարտիայի վերջնական տարբերակում:

Հանձնաժողովի ստեղծած աշխատանքային խմբերը մշակել են “Ամբողջականության հիմունքները պետական ծառայությունում” կրթական նոր մոդուլ, որը հետագայում, մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համագործակցությամբ` ներդրվել է քաղաքացիական ծառայողների պարտադիր վերապատրաստման ծրագրում:

Հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, ՀԽ դիմած շահառուների խնդրանքով մասնակցել կամ ներկա են գտնվել այդ անձանց վերաբերյալ գործերով դատական նիստերին:

         Դիմող կողմի և նրա հակառակորդ կողմի վեճի կապակցությամբ վերջիններիս և իրենց փաստաբանների անմիջական մասնակցությամբ քննարկումներ են կազմակերպվել, որի արդյունքում երկու կողմերին առաջարկվել է այլընտրանքային լուծում` հաշտության տարբերակով:

            Հանրային խորհրդի անդամ Կարեն Բեքարյանի առաջարկությամբ ՀԽ նիստում քննարկվել և ընդունվել է ՀՀ պետական դրոշի տոնի մասին որոշումը:

          Հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսիսյանը ՀԽ նիստերի ժամանակ ներկայացրել է 2010 թվականի գյուղմթերումների ընթացքի և իրացման կազմակերպման խնդիրների մասին և ՀՀ-ում ոռոգելի երկրագործության արդյունավետության բարձրացման ուղիների մասին տեղեկատվություն:

Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը ՀԽ լիագումար նիստերին բազմիցս բարձրացրել է Երևան քաղաքում տիրող բնապահպանական իրավիճակին առնչվող հարցեր, ներկայացրել սանիտարա-հիգիենիկ, քաղաքաշինական և կառուցապատման հետ կապված խնդիրներ: Այդ բոլոր հարցերը քննարկելու նպատակով ՀԽ-ի շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ:

ՀՀ Նախագահի հետ հանդիպման ժամանակ Կ.Դանիելյանը հարց բարձրացրեց` Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմում տանուլ տալու վերաբերյալ, ինչը հետագայում արժանացավ քննարկման և տրվեց լուծում:

Բացի այդ Կ.Դանիելյանի կողմից ՀՀ կրթության և գիտության նախարարությանն ուղղված բազմաթիվ դիմումներից հետո նախարարի հրամանով ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է զբաղվի “Կրթություն հանուն կայուն զարգացման” ՄԱԿ-ի տասնամյա ծրագրի իրագործմամբ: Այդ ծրագրի ռազմավարությունը և գործողությունների հաջորդականությունը մշակվել է Կ.Դանիելյանի կողմից:

Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը կոորդինացրել է ՀԽ-ի շրջանակներում ստեղծված և գյուղատնտեսական հարցերին նվիրված աշխատանքային խմբի գործունեությունը:

Հանրային խորհրդի անդամ Արմեն ՏերՏաճատյանը ընդգրկված է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և առաջարկություններ ներկայացնող Մարդու Իրավունքների Պաշտպանի գլխավորությամբ գործող աշխատանքային խմբում և ակտիվորեն  մասնակցում է օրենքի վերաբերյալ առաջարկությունների  քննարկմանը:

Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը կոորդինացրել է հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական խարտիայի մշակումը և ստորգրումը` կապված հայկական հեռուստաեթերի հաղորդումների բովանդակության հետ /ՀԽ անդամներ Հայկ Դեմոյանի, Հովհաննես Հովհաննիսյանի և Գրիգոր Բադիրյանի հետ համատեղ/, ինչպես նաև ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագների իջեցման ու որակի բարձրացման վերաբերյալ ՀԽ շրջանակներում ստեղծված աշխատանքային խումբը /ՀԽ անդամ Արշակ Սադոյանի հետ համատեղ/:

Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Թադևոսյանը աջակցել և ապահովել է ՀԽ աշխատանքային խմբի այցելությունները Տավուշի մարզ:

ՀԽ-ին ուղղված դիմում-բողոքներ և առաջարկություններ

2009 մայիսի 5-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 1-ը ՀՀ Հանրային խորհրդի գրասենյակը ստացել է 411 դիմում-բողոքներ, 95 առաջարկություններ, 33 պաշտոնական գրություններ և 108 այլ գրություններ: Դիմում-բողոքների և առաջարկությունների մեծ մասը ուղղվել է ՀԽ համապատասխան հանձնաժողովներին: Բացի այդ, ՀԽ հանձնաժողովները նույնպես ստացել են բազմաթիվ դիմումներ և առաջարկություններ: ՀԽ նախագահ Վ.Մանուկյանի անձնական հսկողության տակ գտնվող դիմում-բողոքներից 33-ը լուծվել են, 8-ը` ոչ, 12-ը` ընթացքի մեջ են:

ՀԽ 12 ոլորտային հանձնաժողովները ստացել են դիմում-բողոքներ և առաջարկություններ հետևյալ համամասնությամբ`

            Կրթություն, գիտություն                            44 դիմում-բողոք;   7 առաջարկություն

Պետաիրավական                                        176 դիմում-բողոք

Քաղաքացիական հասարակություն       30  դիմում-բողոք;  3 առաջարկություն

Ֆինանսատնտեսական                              40  դիմում-բողոք;  46 առաջարկություն

Գյուղատնտեսություն                                 18  դիմում-բողոք;  17 առաջարկություն

Առողջապահություն                                   54  դիմում-բողոք;   8 առաջարկություն

Տարածքային                                     11  դիմում-բողոք;   4 առաջարկություն

Պաշտպանություն                                       20  դիմում-բողոք;   3 առաջարկություն

Ձեռնարկատիրական                                 12  դիմում-բողոք;   3 առաջարկություն

Ազգային փոքրամասնություն                   5    դիմում-բողոք

Գենդերային                                                                                     2 առաջարկություն

            Կրոն-սփյուռք                                              5   դիմում-բողոք;    2 առաջարկություն

            Քաղաքացիների` Հանրային խորհրդին ուղղված դիմումների մեծ մասը վերաբերում է դատական ատյանների անարդար որոշումներ կայացնելուն, այդ թվում`

  1. Սեփականության իրավունքի ոտնահարման դեպքեր`
  2. Հյուսիսային պողոտայի բնակիչների վերաբերյալ;
  3. Դալմայի այգիների հողօգտագործողների /շուրջ 50 ստորագրություն/ վերաբերյալ /ՀԽ քննարկել և իր եզրակացություններն է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարություն/;
  4. Մասնավոր անձանց միջև բնակարանային վեճերի վերաբերյալ;
  5. Բնակֆոնդի, քաղաքապետարանի, կադաստրի և նոտարական գրասենյակների կողմից անհիմն և ավելորդ խոչընդոտներ ստեղծելու վերաբերյալ:
  1. Դատախազների և քննիչների կողմից գործերը սխալ ընթացք տալու դեպքեր;
  2. Բանկերից վարկ ստացած և չվերադարձնելու արդյունքում քաղաքացիների սնանկանալու դեպքեր;
  3. ՀՀ քաղաքացիների և փախստականների իրավունքների ոտնահարման հետ կապված;

Դիմումների հաջորդ խումբը կազմում են սոցիալական բնույթի հարցերը`

  • հաշմանդամների թոշակների հետ կապված;
    • բժշկական օգնության դիմում-խնդրանքներ /պետպատվեր, դեղորայք/;
    • բալային համակարգի թերության հետևանքով նպաստների վերականգման հետ կապված;
    • անօթևանների վերաբերյալ;
    • բուհ-ում ուսման վարձի վերաբերյալ;
    • աշխատատեղերի ավելացման վերաբերյալ:

Կան նաև բազմաթիվ այլ դիմումներ, կապված`

  • ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրելու դիմումների հետ;
  • ավանդների վերադարձման հետ;
  • ֆինանսական աջակցություն ստանալու դիմումների հետ;
  • տրանսպորտային ոլորտի տարաբնույթ հարցերի հետ /սակագներ, նոր ուղիներ, կանգառներ/;
  • գազի սակագների և ներտնային ծառայության վճարումների հետ;
  • վարչատարածքային փոփոխությունների հետ;
  • գյուղերում ճանապարհների նորոգման խնդիրների հետ;
  • Երևան քաղաքի աղբահանության խնդիրների հետ;
  • Արմենտելի կողմից հավելագրումներ կատարելու հետ;
  • ինտերնետի սակագների հետ;
  • սպառողների իրավունքների պաշտպանության հետ:

Բազմաթիվ են բողոքները` կապված բնապահպանական հարցերի հետ: Մասնավորապես`

  • Հայաստանի տարբեր շրջաններում հանքերի շահագործման հետ կապված;
  • Երևանի տարբեր տեղերում ծառահատման, սանիտարական պաշտպանիչ գոտու վերացման վերաբերյալ;
  • Քանաքեռ ՀԷԿ-ի եղևնու անտառների հետ կապված;
  • Երևանի “Ուսանողական այգում” ծառահատման վերաբերյալ;
  • Խոսրովի անտառի հետ կապված;
  • Արենի գյուղի արգելոցում սրճարան կառուցելու վերաբերյալ:

Քանի որ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ստացած դիմումների քանակը գերակշռող էր, ուստի հանձնաժողովում ստեղծվել և գործում է քաղաքացիների ընդունելության աշխատանքային խումբ: Համապատասխան ենթահանձնաժողովների միջոցով ՀԽ դիմած շահառուներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն, ուսումնասիրվել քաղաքացիների կողմից ՀԽ հասցեագրված մի շարք դիմումներ և տրվել են պատասխաններ:

Դիմումները վերլուծելով հանձաժողովի փորձագետները եկել են այն եզրակացության, որ իրավական շատ խնդիրներ առաջանում են քաղաքացիների` իրենց իրավունքների մասին անտեղյակության, պասիվ դիրքորոշման, պաշտոնյաների ոչ պատշաճ գործելակերպի, ինչպես նաև քաղաքացիների մեծամասնությանը որակյալ իրավաբանական խորհրդատվության և ծառայությունների անմատչելիության արդյունքում:

Հանրային խորհրդին ուղղված վերը նշված դիմումների քննարկումների ու ուսումնասիրությունների արդյունքում կարելի է հետևություն անել պետաիրավական համակարգի, քաղաքապետարանի /մասնավորապես, ճարտարապետա-շինարարական և անշարժ գույքի վարչությունների/ և ՀՀ կառավարությանն առընթեր պետական կադաստրի վարչության գործունեության հետ կապված կոռուպցիոն ռիսկեր պարունակող բազմաթիվ գործառույթների առկայությամբ, որոնք պայմանավորված են նաև այդ ոլորտների օրենսդրական դաշտի անկատարությամբ:

            Հանրային խորհուրդը հասարակական կազմակերպություններից և անհատներից ստացել է շուրջ 95 առաջակություններ, որոնք հասցեագրվել են համապատասխան հանձնաժողովներին` քննարկումներ կազմակերպելու նպատակով: Այդ առաջարկություններից են`

  • Էներգետիկների համայկական ասոցիացիայից` կապված էներգետիկայի համակարգում ուսումնական կենտրոնի ստեղծման հետ, որը պետք է պատրաստի և վերահսկի այս ոլորտի կադրերին;
  • Ավիացիայի նախկին աշխատողներից` փոքր ավիացիայի զարգացման հայեցակարգը;
  • Սփյուռքի ենթահանձնաժողովի անդամ Ա.Կարապետյանից` Երևանի բնակարանային ֆոնդի պահպանման և տանիքների վերանորոգման վերաբերյալ;
  • Քաղաքացի Վ.Վարդանյանից` հայկական ստանդարտ հիմնելու վերաբերյալ;
  • Պատմա-մշակույթային արժեքների ենթահանձնաժողովի նախագահ Ժ.Ասրյանից` սփյուռքում ՀԽ ներկայացուցիչներ ունենալու հետ կապված;
  • Մշակույթի ենթահանձնաժողովի անդամ Գ.Ներսիսյանից` Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման վերաբերյալ;
  • ՀԽ անդամ Յ.Ջավադյանից` համատեղ առևտրային ընկերություններ ստեղծելու վերաբերյալ /ՀԽ-ի նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին/;
  • Հեռուստաեթերից հնչող լեզվի մաքրության վերաբերյալ, և այլն:
Back to top button
Close