Քննարկվել է ՀԽ անդամակցության հարցը Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների տնտեսական և սոցիալական խորհուրդների միությանը
Ս.թ. մայիսի 4-ին Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի աջակցությամբ Աթենքում տեղի է ունեցել «1915-1917թթ. համաշխարհային մամուլի առաջին էջերը Հայոց ցեղասպանության մասին» ցուցահանդեսի բացումը, որին մասնակցել է նաև ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակությունը՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:
Այնուհետև մայիսի 6-ից 7-ը Աթենքում կայացել է Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների տնտեսական և սոցիալական խորհուրդների միության (UCESIF) վարչության նիստ: Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի Գլխավոր քարտուղար Ապոստոլոս Քսիրաֆիսի կողմից առաջարկվել է քննարկել այդ կառույցին ՀՀ Հանրային խորհրդի անդամակցության հարցը՝ հաշվի առնելով Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և դրա գործընկեր կառույցների գործունեությանը:
Վարչության անդամները ողջունել են առաջարկը՝ որոշելով երաշխավորել ՀԽ անդամակցությունը:
Համաձայն կառույցին անդամակցելու ընթացակարգի՝ ՀԽ անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ս.թ. հունիսի 11-12-ը Ռաբատում (Մարոկկո) կայանալիք Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների տնտեսական և սոցիալական խորհուրդների միության համագումարում:
Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների տնտեսական և սոցիալական խորհուրդների միությանն անդամակցելու հարցով պատասխանատու է նշանակվել ՀԽ անդամ Գրիգոր Բադիրյանը: