Քննարկվել են Հանրային խորհրդի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի առաջիկա նիստերի օրակարգային հարցերը
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը և Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ Գեղամ Օհանյանը հանդիպել են «Գարեգին Նժդեհ» ջոկատի հիմնադիր և հրամանատար, գրող, դրամատուրգ Հովհաննես Նազարեթյանի հետ՝ քննարկելու վերջինիս կողմից իրենց ներկայացված համալիր ծրագիրը, որը վերաբերում է հանձնաժողովի իրավասության ներքո գտնվող ոլորտներից պաշտպանության բնագավառին։
Ծրագրի հանգամանալից ներկայացումից ու քննարկումից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց 2021թ․-ի տարեսկզբից դրա առաջնահերթ գաղափարների շուրջ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի ընդլայնված նիստեր հրավիրելու կապակցությամբ։
Խոսքը առաջին հերթին վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից արդեն իսկ շրջանառության մեջ դրված աշխարհազոր ստեղծելու գաղափարին, որին զուգահեռ ծրագրի հեղինակ Հովհաննես Նազարեթյանը «լեռնային բրիգադներ» (պայմանական անունն է) ձևավորելու իր այլընտրանքային ծրագիրն է ներկայացնում։ Կառավարության նախաձեռնության և ներկայացված ծրագրի հեղինակների առաջարկները համադրելու և դրանք համալիր քննարկելու նպատակով հանձնաժողովի ընդլայնված նիստը նպատակ կունենա հրավիրելու և լսելու երկու կողմերին, ինչպես նաև՝ ոլորտին առնչվող այլ փորձագետների, օրենսդիր մարմնի ներկայացուցիչների և ռազմական գործում հմտացած ՀԽ անդամներին։
Ներկայացված ծրագրի մյուս առաջնահերթ խնդիրը, որը կդառնա Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի հաջորդ ընդլայնված նիստի օրակարգի հարց, վերաբերում է կիբերանվտանգության հարցերով զբաղվող մարմնի ձևավորմանը։
Երկու նիստերի քննարկման արդյունքներում կկազմվեն ՀԽ հանձնաժողովի առաջարկությունների փաթեթներ, որոնք կներկայացվեն ՀՀ կառավարությանը և մասնավորապես Պաշտպանության նախարարությանը։
Հանրային խորհրդի քարտուղարություն