ՆորություններՖինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողով

Քննարկվել են Հայաստանի էներգետիկ ոլորտի խնդիրները

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի էներգետիկ հարցերի ենթահանձնաժողովն այսօր հրավիրել է նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված են եղել հետևյալ հարցերը՝

1.Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման հեռանկարները հայ-իրանական էներգետիկ համագործակցության շրջանակներում:

2. Հայաստանի էներգետիկ ոլորտում գործող սակագների արդյունավետությունը, դրանց ազդեցությունը տնտեսության զարգացման վրա:

3. Հայաստանի ատոմակայանի շահագործման անվտանգության խնդիրները և նոր ատոմակայանի կառուցման հեռանկարները:

Առաջին հարցի վերաբերյալ Վազգեն Սաֆարյանը նշել է, որ Հայաստանում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը բարձրացրել է Հայաստանի հետ էներգետիկ համագործակցության (գազ-էլեկտրաէներգիա ապրանքափոխանակում) զարգացման հարցը: Այս համատեքստում Սաֆարյանը կարևորել է Երևանի ՋԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի կառուցման անհրաժեշտությունը, որով արդեն հնարավորություն կստեղծվի Իրանից ներմուծել 2 միլիարդ խմ գազ և դրա դիմաց մատակարարել 6 միլիարդ կՎտ/Ժ էլեկտրաէներգիա, իսկ ներքին ցանցին ապահովել 1,5 միլիարդ կՎտ/Ժ էլեկտրաէներգիայով:

«Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ կլինի անդրադառնալ Ճապոնիայի միջազգային համագործակցության բանկի կողմից առաջարկվող վարկային միջոցների տրամադրմանը՝ 2-րդ էներգաբլոկը ձեռք բերելու նպատակով: Ըստ պայմանավորվածության՝ վարկը տրվելու է 40 տարով, որից առաջին տասը տարին՝ արտոնյալ պայմաններով, առանց վճարման, իսկ վերջին 30 տարիներին՝ 0,3 տոկոս սպասարկմամբ»,-նշել է Սաֆարյանը:

Այդ գործընթացի արդյունքում, ըստ մասնագետների, հնարավոր կլինի քննարկել նաև «Նաիրիտ» գործարանի և «Երևանի ՋԷԿ»-ի համատեղ աշխատանքի հնարավորությունը, որի արդյունավետությունը պայմանավորված կլինի «Նաիրիտին» գազի, էլեկտրաներգիայի և գոլորշու շահավետ տրամադրմամբ, ինչն էլ կկազմի արտադրվելիք կաուչուկի ինքնարժեքի 70-72 տոկոսը:

Որոշվել է դիմել կառավարությանը քննարկելու Երևանի ՋԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի կառուցման հնարավորության հարցը:

Օրակարգի 2-րդ հարցի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Էներգետիկայի նախկին փոխնախարար, հանձնաժողովի անդամ Էդուարդ Արզումանյանը:

Վերջինս ներկայացրել է Հայաստանի էներգետիկ ոլորտում առկա խնդիրները, կորուստների հաշվարկման ոչ արդյունավետ մեթոդիկան, անդրադարձել Որոտան գետի վրա կառուցված ՀԷԿ-երի ոչ արդյունավետ սեփականաշնորհման հետևանքով այդ ՀԷԿ-երում հոսանքի սակագների կտրուկ բարձրացման, գազի կալորիականության և ծախսի համաչափության պահպանման մեխանիզմների հստակեցման խնդիրներին, աշխարհագրական դիրքի հետ կապված ճշգրտող գործակիցների կիրառման անհրաժեշտությանը և այլ հարցերի:

Որոշվել է դիմել կառավարությանը՝ հանձնարարելու պատկան մարմիններին վերանայել էներգակիրների կորուստները գնահատող մեթոդիկան, ինչպես նաև վերը թվարկված մյուս խնդիրները:

Երրորդ հարցի հետ կապված ելույթ է ունեցել հանձնաժողովի անդամ, ատոմակայանի նախկին տնօրեն Սուրեն Ազատյանը: Վերջինս ներկայացրել է ատոմակայանի անվտանգ շահագործման համար անհրաժեշտ հարցերի շրջանակը, անդրադարձել ԱԷԿ-ի ներկա խնդիրներին: Նա կարևորել է ատոմակայանի անվտանգության վերահսկողության անկախ մարմին ձևավորելու անհրաժեշտությունը, որին պետք է վերապահել նաև նոր ատոմակայանի ռեակտորի ընտրության և ատոմակայանի կառուցման խնդիրներով զբաղվելու լիազորություններ:

Այդ հարցով ևս որոշվել է դիմել ՀՀ կառավարություն:

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close