Տոհմային անասնաբուծության զարգացման վերաբերյալ հանրային լսումներ Հանրային Խորհրդում
Սույն թվականի մարտի 12-ին ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանի նախագահությամբ ՀՀ Հանրային խորհրդում տեղի ունեցան հանրային լսումներ՝ ՀԽ շահագրգիռ անդամների, այդ թվում՝ ՀԽ գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովի նախագահի, այլ հրավիրյալ փորձագետների ու ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկվեց տոհմային անասնաբուծության հայ-ղազախական LIST ծրագրային առաջարկը, որին նախատեսվում է հայկական կողմից ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Ագրարային համալսարանի և ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի, իսկ ղազախական կողմից՝ Ղազաղստանի ազգային ագրարային համալսարանի, Ղազախստանում, Ղրղզստանում իրականացվող համանուն ծրագրի հայաստանյան ներկայացուցչի՝ «Անասնաբուծության դեպարտամենտ» ԲԲԸ-ի մասնակցությամբ: Ծրագրի պիլոտային տարբերակն առաջարկվում է իրականացնել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում, իսկ հետագայում՝ Հայաստանի 10 մարզերում, ինչը նախատեսում է տոհմային անասնաբուծության համալիրների ստեղծում, ներառյալ՝ մսամթերքի ու կաթնամթերքի արտադրությունը, վերամշակումը և արտահանումը, ինչպես նաև՝ անասնաբուծական ու գենետիկական ժամանակակից լաբորատորիաների հիմնադրում ծրագրին մասնակցող գիտահետազոտական հաստատություններում: Ծրագրի փաթեթը ունի 4 բաղադրիչ՝ ինդուստրիալիզացիայի, ՓՄՁ, տարածքային զարգացման ու սոցիալական:
Հանրային լսումներին մասնակցեցին ղազախական «Անասնաբուծության դեպարտամենտ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալբերտ Աստվածատրյանը, ՀՀ Հանրային խորհրդի անդամներ Անգին Արշակյանը, Գաբրիել Ջեմբերջյանը, Արամ Սաֆարյանը և Վարդան Համբարձումյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը, ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի Գիտխորհրդի անդամ Արմեն Ոսկանյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գ.գ.թ. դոցենտ Տիգրան Չիթչյանը և այլ փորձագետներ:
Լսումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ Հանրային խորհրդի նախագահի անունից ՀՀ վարչապետին գրություն ուղարկելու վերաբերյալ՝ դրականորեն երաշխավորելով LIST ծրագրին իրականացումը, ինչպես նաև որոշվեց առաջիկայում հրավիրել ՀԽ արտահերթ նիստ, որի ժամանակ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության՝ գյուղատնտեսության հարցերով պատասխանատուները՝ կներակացնեն ինչպես LIST ծրագրի ընթացքը, այնպես էլ իրենց պատասխանատվության ոլորտում Կառավարության առաջնահերթություններն ու իրականացվող ծրագրերը:
Առաջիկայում նախատեսվում է հուշագիր կնքել ՀՀ Հանրային խորհրդի և «Անասնաբուծության դեպարտամենտ» ԲԲԸ-ի միջև LIST ծրագրի սոցիալական փաթեթի իրագործման հարցում ՀՀ Հանրային խորհրդի և «Անասնաբուծության դեպարտամենտ» ԲԲԸ-ի փոխադարձ գործառույթների և պարտավորությունների վերաբերյալ: