ՀինՆորություններ

Տեղի ունեցավ Հանրային խորհրդի լիագումար նիստ

Սույն թվականի ապրիլի 25-ին տեղի ունեցավ ՀՀ Հանրային խորհրդի 16-րդ լիագումար նիստը, որի ընթացքում քննարկվեցին հետևյալ օրակարգային հարցերը.
1. Հայաստանի քաղաքացիական ավիացիայի հեռանկարների մասին
2. Զինանշանագիտության հարցերով հասարակական խորհուրդ ստեղծելու մասին
3. ՀՀ արոտավայրերի օգտագործման մասին
4. Հեռահաղորդակցման ոլորտի արդիականացմանն ուղղված առաջարկությունների մասին
5. ՄԱԿ-ի եվրոպական որոշ գրասենյակներ Թուրքիա տեղափոխելու և դրա հետևանքների մասին:

Նիստը վարում էր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ով առաջին հարցի վերաբերյալ հանդես եկավ ելույթով: Մանուկյանը, ներկայացնելով քաղավիացիայի ոլորտի համաշխարհային առաջին հիմնական պայմանավորվածությունները, որոնք ամրագրվել են 1944 թ. Չիկագոյի կոնվենցիայով, ասաց. «Հստակ ձևակերպված էր, որ ամեն մի ավիափոխադրող, որ մի որևէ երկրում գրանցված էր, դրա 51 տոկոսը պետք է լիներ տվյալ երկրի կառավարության կամ քաղաքացիների ձեռքում, որը ապահովում էր ոչ միայն պետության, այլ նաև թռիչքների անդտանգության հարցերը»:

Հետագայում` ազատականացման պայմաններում, շատ պետություններ սկսեցին վաճառել իրենց ավիաընկերությունները. «Բայց ամեն դեպքում, եթե պետությունն իր ձեռքը չվերցնի ավիացիայի կառուցումը, մասնավորի համար շատ դժվար կլինի»,-ասաց Մանուկյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ Մանուկյանի, մենք ունենք չավարտված պատերազմ, 4 հարևան երկրներից երկուսի հետ` ոչ լիարժեք ճանապարհ, ուստի պատահական չէ քաղավիացիայի մասին օրենքում ամրագրված այն դրույթը, որ ավիացիան սպասարկում է քաղաքացիներին և նպաստում երկրի անվտանգությանն պաշտպանությանը:  «Բնական է, որ մենք պետք է ունենանք սեփական ավիացիա, մյուս կողմից էլ` կարողանանք աշխարհի հետ համաչափ քայլել, սակայն մեկը մյուսի հաշվին չպետք է լինի: Խնդիրն այսօր այն է, թե ինչպես գտնել այդ շեմը»,-ասաց նա:

Այնուհետև ՀԽ անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի նախագահ Վազգեն Սաֆարյանը ներկայացրեց Հայաստանի քաղավիացիայի հեռանկարների մասին ՀԽ դիրքորոշումն ու որոշման նախագիծը: «Վերջին շրջանում հանրության մեջ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակը խիստ մտահոգություն է առաջացրել: «Արմավիա» ավիաընկերության կողմից հայտարարված սնանկացման գործընթացի սկսումը և չվերթների փաստացի դադարեցումը լուրջ վնաս է հասցրել ուղևորների շահերին (ավիատոմսերի գների ժամանակավոր կտրուկ աճ, որոշ չվերթների դադարեցում և այլն): Մտահոգիչ է նաև այն, որ տեղական ավիափոխադրողից զրկվելը վտանգում է Հայաստանի ազգային անվտանգությանն ու պաշտպանվածությանը: Այս ամենը հակասում է «ՀՀ ավիացիայի մասին օրենքի» հիմնական գաղափարին` «…հասարակական պահանջների բավարարում,… պետության պաշտպանության և անվտանգության ապահովում…»:

Ըստ ՀԽ որոշման նախագիծի` ստեղծված իրավիճակը հետևանք է «Արմավիայի» մենաշնորհային դիրքի, ընկերության կողմից վարած ոչ ճիշտ ֆինանսատնտեսական, կառավարման և մարկետինգային քաղաքականության, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի և «Արմավիայի» միջև մշտապես առկա հակասությունների և շահագրգիռ համագործակցության բացակայության, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության ոչ արդյունավետ միջամտության: Այս ամենը պայմանավորված է նաև պետության կողմից Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացման վերաբերյալ հստակ հեռանկարի, գործող օրենքում լիազոր մարմնի իրավունքների և լիազորությունների ամբողջական սահմանման ու պատասխանատվության բացակայությամբ:

«ՀՀ Հանրային խորհուրդը գտնում է, որ խիստ անհրաժեշտ է տեղական ավիափոխադրողներ ունենալը` նպաստելով նրանց միջև հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը: Դրա հետ միասին հարկավոր է ապահովել ոլորտի ազատականացման փուլային տարբերակը, ինչը պայմանվորված է համաշխարհային քաղավիացիայի ոլորտում առկա միտումներով»,-հայտարարեց Վազգեն Սաֆարյանը:

Հաշվի առնելով այդ ամենը` ՀՀ Հանրային խորհուրդը որոշեց.

• Առաջարկել ՀՀ կառավարությանը քայլեր մշակել տեղական ավիափոխադրողներ պարտադիր ունենալու ուղղությամբ (սեփականության ձևը, պետության մասնաբաժնի առկայությունը, կառավարման տեսակը, դրսի օպերատորի առկայությունը ենթակա են լրացուցիչ քննարկման);
• Դիմել ՀՀ կառավարությանը նպաստել տեղական ավիափոխադրողների և օդանավակայանի միջև ծագող բոլոր վիճելի հարցերը լուծել փոխհամաձայնությամբ` ձգտելով ապահովել այնպիսի ողջամիտ պայմաններ, որոնք թույլ կտան տեղական ավիափոխադրողին լինել ավելի մրցունակ` բացառելով օդանավակայանի մենաշնորհային դիրքը ծառայությունների մատուցման ոլորտում;
• Դիմել ՀՀ կառավարությանը ստեղծել պայմաններ “Արմավիա” ավիաընկերության արհեստավարժ օդաչուների, տեխնիկական անձնակազմի, նյութատեխնիկական բազայի պահպանման և հետագայում օգտագործելու ուղղությամբ;
• Առաջարկել ՀՀ կառավարությանը ավիափոխադրողների միջև գործող պայմանագրերում, որպես պարիտետային ելակետ, ընդունել այնպիսի պայմաններ, որոնք բխում են տեղական ավիափոխադրողի շահերից;
• Գտնել նպատակահարմար ՀՀ կառավարության կողմից ընդունելու “Օդային օրենսգիրք”` համաձայն ICAO-ի RER 01/901 նմուշի, որը կկանոնակարգի քաղավիացիայի իրավական գործունեության դաշտը, կդարձնի այն առավել թափանցիկ, կտարանջատվեն օրենսդրական, գործադիր գործառույթները, ինչը նաև թույլ կտա ավելի վերահսկելի դարձնել ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության գործունեությունը:

Նշենք նաև, որ ավիացիայի ոլորտի վերաբերյալ Հանրային խորհրդում տեղի ունեցած հանրային լայն քննարկման ժամանակ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կոչ էր արել շահագրգիռ բոլոր կողմերին` Հայաստանի քաղավիացիայի զարգացման ոլորտի առաջարկներ ներկայացնել: ՀԽ լիագումար նիստին «Արմավիայի» կողմից ներկայացվեց ավիաընկերության առողջացման ծրագիր, ինչը կցվեց Հանրային խորհրդի որոշմանը` ՀՀ նախագահին և Կառավարությանը ներկայացնելու նպատակով:

ՀԽ լիագումար նիստի 2-րդ հարցը, որը վերաբերում էր Զինանշանագիտության հարցերով հասարակական խորհուրդ ստեղծելուն, ներկայացրեց ՀԽ անդամ, ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը: Նա տեղեկացրեց, որ Հանրային խորհուրդ է դիմել «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը` առաջարկելով ստեղծել ՀՀ պետական և ազգային խորհրդանշանների խորհուրդ: Նշված հարցը Հանրային խորհրդի հանձնարարությամբ և հրավիրված մասնագետների մասնակցությամբ քննարկվել է ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովում: Քննարկման ընթացքում պարզ է դարձել, որ տարածքային մարմինների և պետական կառույցների կողմից սահմանվող խորհրդանշանների, շքանշանների ու մեդալների ստեղծման և կիրառման ոլորտում հաստատված են այնպիսի խորհրդանշաններ, շքանշաններ ու մեդալներ, որոնք երբեմն անհեթեթ են և ունեն հերալդիկ և գաղափարական խիստ թերություններ:

Ուստի Հանրային խորհուրդը նպատակահարմար է գտնում ՀՀ պետական և ազգային խորհրդանշանների խորհրդի ստեղծումը, քանի որ այն կհանդիսանա խորհրդատվական մարմին, որի հիմնական խնդիրները կլինեն պետական խորհրդանշանների ոլորտում իրավիճակի մասին տեղեկատվության ժողովումն ու համակարգումը, պետական խորհրդանշանների, շքանշանների ու մեդալների ստեղծման և կիրառման կանոնակարգի մշակումը` հաշվի առնելով զինանշանագիտության ոլորտում միջազգային փորձը, ներդաշնակելով այն հայոց պատմական զինանշանային ավանդույթների հետ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական և տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդանշանների վերաբերյալ մասնագիտական փորձագիտության և խորհրդատվության տրամադրումը, պետական խորհրդանշանների կիրառման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի քննարկումն ու համապատասխան եզրակացությունների պատրաստումը, գիտահետազոտական աշխատանքների իրականացումը հայ զինանշանագիտության ոլորտում և այլն:

Նիստի ընթացքում ՀԽ անդամները դրական գնահատեցին նման հասարակական կառույցի հիմնումը` նշելով, որ այն կկարգավորի ոլորտը, սակայն խնդրահարույց դարձան այդ կառույցը ՀՀ Նախագահին կից ստեղծելու գաղափարը, ինչպես նաև խորհրդի լիազորությունների և գործունեության կարգի հետ կապված որոշ հարցեր:

Որոշվեց հարցը լրացուցիչ քննարկել ՀԽ առաջիկա փոքր խորհրդի նիստում և ապա վերախմբագրված տարբերակի վերաբերյալ որոշում կայացնել:

ՀԽ լիագումար նիստի 3-րդ հարցը` Հայաստանի արոտավայրերի օգտագործման մասին,
ներկայացրեց Հանրային խորհրդի անդամ, ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի նախագահ Յուրի Ջավադյանը: Վերջինս ներկայացրեց նաև ՀԽ ուսումնասիրությունների արդյունքները` փաստելով, որ համաձայն ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2012 թ. հաշվետվության` արոտավայրերի մակերեսը կազմում է 1056.3 հազ.հա, որից հեռագնա` 687.3 հազ. հա, մերձգյուղային` 369.0 հազ. հա: «Այդ արոտավայրերի տարարծքը ՀԽՍՀ ժամանակաշրջանում թույլ էր տալիս պահել 2.1 մլն ոչխար` ներկայիս 670.0 հազարի փոխարեն, ինչը վկայում է արոտավայրերի ոչ արդյունավետ օգտագործման և զարգացման մասին»,-ասաց Յուրի Ջավադյանը:

Միաժամանակ Հանրային խորհուրդը ողջունեց Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության համատեղ ծրագիրը <<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցակցության (ՀԳ Ռ. Կ. Մ.) ծրագրի>> իրականացումը, ինչը լրացուցիչ պայմաններ կստեղծի անասնապահության զարգացման համար:

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող տեղեկությանը, թե ՀՀ Սյունիքի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի միջև կնքվել է «համաձայնագիր»` Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալությամբ իրանցի հովիվներին հանձնելու վերաբերյալ, Յուրի Ջավադյանը նշեց, որ այդ «համաձայնագիրը» չունի որևէ իրավական ուժ, քանի դեռ ՀՀ հողային օրենսգրքի պահանջների համաձայն պայմանագրեր չեն կնքվել և գրանցում չեն ստացել:

Հանրային խորհուրդն անընդունելի համարեց նմանատիպ ծրագրերի իրականացումը` անկախ իրավական ձևակերպումներից, քանի որ դրանք հակասում են Հայաստանի տնտեսական և անվտանգության շահերին:

Ներկաները բարձրացրին օրենսդրության թերի լինելու հարցը: Առաջարկվեց ոչ նպատակահարմար գտնել հանրապետությունում հեռագնա արոտավայրերի օգտագործումը օտարերկրյա քաղաքացիներին վարձակալությամբ հանձնելը, սակայն ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանը նկատեց, որ այդ դեպքում խնդիր կառաջանա հնարավոր օտարեկրյա ներդրումներից զրկվելու տեսանկյունից: Վազգեն Մանուկյանն առաջարկեց այնպիսի որոշում ընդունել, որը մի կողմից խոչընդոտ չլինի օտարերկրյա ներդրողների համար, մյուս կողմից` չվտանգի ազգային անվտանգությանն ու տնտեսական շահերին:

Առաջարկ եղավ նաև վերոնշյալ «համաձայնագրի» վերաբերյալ դատապարտող որոշում կայացնել` բարձացնելով նաև նման դեպքերում պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը:

Որոշվեց քննարկման արդյունքում հնչած առաջարկները նույնպես որոշման նախագծի մեջ ներառել, ապա ՀԽ առաջիկա փոքր խորհրդի նիստի ընթացքում նախագիծը հաստատել: Նշենք նաև, որ նախագծում նաև կետ կա` դիմել ՀՀ կառավարությանը գյուղատնտեսության նախարարության կողմից «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրերի» համայնքային ռեսուրսների կառավարման և անասնապահության զարգացման բաղադրիչի իրականացման աշխատանքները դարձնել շարունակական` բարենպաստ պայմաններ ստեղծելով ոլորտի զարգացման համար:

Հանրային խորհրդի լիագումար նիստի 4-րդ հարցը ներկայացրեց ՀԽ անդամ Արշակ Սադոյանը` հեռահաղորդակցման ոլորտի արդիականացմանն ուղղված առաջարկությունների մասին:

Առաջարկությունները Հանրային խորհուրդ են ներկայացվել «Ազգային համագործակցություն» հիմնադրամի կողմից, քննարկվել են համապատասխան հանձնաժողովում և դրական գնահատվել:

Ուստի ՀԽ լիագումար նիստի ընթացքում որոշում կայացվեց` առաջարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին նոր ձևավորվող կառավարության ծրագրում ընդգրկել հետևյալ դրույթները`

1. Գիտելիքահենք հասարակության ձևավորմանը նպաստելու, քաղաքակրթական արդի զարգացումներում մեր ուրույն, արժանի տեղն ու դերը գրավելու նպատակով, Մեծ եղեռնի 100-ամյա հոբելյանին ընդառաջ համացանցում ձևավորել ազգային միասնական տեղեկատվական տարածք: Նյութերի դասակարգման, որոնման, ուղեցույցների, հղումների կազմակերպում ընդհանուր համակարգով: Այդ տարածքում պետք է ներկայացված լինեն մեր ժողովրդին, նրա պատմությանը, մշակույթին, տնտեսությանը, բնակավայրերին, հանրային կյանքին, նրա ներկային և ապագային առնչվող տեղեկանյութեր պարունակող բոլոր կայքերը, տեղեկագրքերը, տեքստային և տեսաձայնային բազաները, հանրագիտարանները:

2. Խնդիր դնելով կազմակերպել հանրային և մասնավոր հատվածների, սփյուռքահայ գործարարների ակտիվ մասնակցությունն ու գործուն աջակցությունը` ձեռնամուխ լինել`

ա) որ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի համայնքներում ձևավորվել անհրաժեշտ սարքավորումներ ունեցող հեռակապի կենտրոններ` իրենց տեղեկատվական այցեքարտ- կայքերով, համացանցային քննարկումների, խորհրդակցությունների, հեռավար ուսուցման դասընթացների կազմակերպման հնարավորություններով.
բ) աջակցել, որ նշված համայնքներում հաճախ օգտագործվող տարածքները ծածկվեն օպտիկական կապուղիների ճյուղավորված ցանցերով` համացանցին միացած Wi-Fi հասանելիության կետերի ծածկույթով
գ) արդիականացնելով ընկերությունների, հիմնարկների և կազմակերպությունների հեռահաղորդակցման ներքին ցանցերը` պայմաններ ստեղծել, որ ապահովվի զանգվածային անցումը բազմապատիկ էժան, հարմար IP տեսաձայնային հեռակապի:

Հանրային խորհրդի լիագումար նիստի 5-րդ հարցը, որը ներկայացրեց ՀԽ անդամ Կարինե Դանիելյանը, ընդունվեց ի գիտություն: Հարցը վերաբերում է ՄԱԿ-ի եվրոպական որոշ գրասենյակների Թուրքիա տեղափոխելուն և դրա հետևանքներին:

Նշենք, որ Հանրային խորհրդում այդ հարցի վերաբերյալ մի շարք քննարկումներ են տեղի ունեցել` այդ թվում նաև ՀՀ Ազգային ժողովի և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանրային խորհուրդը գտնում է, որ երևույթը խիստ մտահոգիչ է Հայաստանի համար, քանի որ այն հակասում է ոչ միայն Հայաստանի և տարածաշրջանի որոշ պետությունների շահերին, այլ առաջին հերթին ՄԱԿ-ի գաղափարախոսությանն ու սկզբունքներին, ուստի անհրաժեշտ է համարում Թուրքիայի գործողությունների դեմ համապատասխան քայլեր ձեռնարկելը:

 

 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close