Տեղի է ունեցել ՀԽ ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովի նիստ
ՀՀ Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը ս.թ. օգոստոսի 27-ին անցկացրել է նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել Գանձասարի վանքային համալիրի շրջապարսպի երեսպատված սալիկների ապամոնտաժման հարցը:
Նիստին մասնակցել են ենթահանձնաժողովի անդամներ, անվանի ճարտարապետներ: Ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը, ներկայացնելով խնդիրը, ևս մեկ անգամ շեշտվել է համալիրի պարսպի պատմական տեսքը պահպանելու անհրաժեշտությունը և առանց համապատասխան նախագծի և մասնագիտական քննարկման այն ձևափոխելու անթույլատրելիությունը: Մասնակիցներն իրենց դժգոհությունն են արտահայտել սալիկապատման գործընթացի նկատմամբ պատկան մարմինների ոչ համարժեք գնահատականի և քայլերի վերաբերյալ:
Ենթահանձնաժողովի նիստում որոշում է կայացվել Գանձասարի վանքային համալիրի շրջապարսպի երեսպատված մասի սալիկները հեռացնելու առաջարկով ՀՀ և ԼՂՀ նախագահներին ու Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված մտավորականների բաց նամակի վերաբերյալ:
Ենթահանձնաժողովը գտնում է, որ 350 ստորագրությամբ բաց նամակը և Գանձասարի պարսպի պատմությունը ենթակա չեն քննարկման, քանի որ հստակ է, որ.
1. Պատմամշակութային բարձր արժեք հանդիսացող Գանձասարի վանքային համալիր-հուշարձանի նկատմամբ տարվում է աղավաղումների և պատմական կեղծիքների իրականացման գործընթաց, որի կասեցման պահանջով հանդես է եկել Հայաստանի մտավորականությունը` պաշտպանելու իր ազգային- պատմական հուշարձանը, ժառանգություն ստացած իր սրբավայրն ու իր պատմությունը:
2. 13-րդ դարում (կամ ավելի վաղ) կառուցված Գանձասարի շրջապարիսպը մշտապես մնացել է կանգուն` մինչև այժմ: Կառուցումից հետո վերանորոգվել է մի քանի անգամ, այն էլ միայն վերին շերտերը` պահպանելով նախկին` միջնադարյան պատմական տեսքը: Վերջին «վերանորոգման» ժամանակ աղավաղվել է պարսպի թե´ որակը, թե´տեսքը, թե´ միջնադարյան ճարտարապետական կառուցվածքը, դրանով իսկ աղավաղվել ու կեղծվել է վանքային համալիրի ամբողջականության պատմությունը, որոնք փաստեր են, և որի մասին հայ մտավորականությունը ներկայացրել է «Բաց նամակում»:
3. Մասնագիտական ուսումնասիրությունները, եզրակացությունները, առաջարկություններն ու պահանջները ենթակա չեն այլոց (ոչ մասնագետ ղեկավար, բարերար, մեծահարուստ, հոգևորական և այլն) կողմից ուսումնասիրման կամ վերլուծության (քննարկման), իսկ բաց նամակը գրված և ստորագրված է բացառապես մասնագետների մեծամասնությամբ (220-ից ավելի).
70 ճարտարապետ և հնագետ,
50 պատմաբան,
25 աստվածաբան, վիմագրագետ, ազգագրագետ,
75 արվեստի գործիչներ (մշակութաբաններ, նկարիչներ, քանդակագործներ…),
մատենադարանի, ակադեմիայի (և այլ) գիտաշխատողներ,
ինչպես նաև`
55 գրողներ, բանաստեղծներ, բանասերներ,
32 հասարակական-քաղաքական կազմակերպություններ:
Բաց նամակի ստորագրողներից 60-ից ավելին ակադեմիկոսներ և դոկտոր – պրոֆեսորներ են:
4. Քանի որ 350 ստորագրությամբ նամակն ուղղված է ՀՀ և ԼՂՀ նախագահներին ու Ամենայն Հայոց կաթողիկոսին` հաշվի առնելով իրավիճակի լրջությունն ու խնդրի անհապաղ լուծման կարևորությունը, ուստի նամակի պատասխանն էլ ենթահանձնաժողովն ակնկալում է ստանալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանից և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդից:
Ենթահանձնաժողովն անընդունելի է համարում ԼՂՀ ԿԱ Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Ս. Շահվերդյանի 2013 թ. հուլիսի 10-ի գրությունը, որն ընկալվում է իբրև ձևական և հասարակությանն ապակողմնորոշելու միտում ունեցող, քանի որ նույն վարչությունը նույնաբովանդակ գրություն հրապարակել է դեռևս 2012 թ. դեկտեմբերի 14-ին` Գանձասարի պարսպի երեսպատումը Լևոն Հայրապետյանի կողմից վերսկսելուց երեք շաբաթ անց` մասնագետների և հասարակայնության պահանջով և կրկնվել է դեկտեմբերի 26-ին, երբ երեսպատումը շարունակվում էր և դադարեցվել էր մարտ-ապրիլ ամիսներին` մասնագետների և հասարակայնության պահանջով:
Ենթահանձնաժողովը գտնում է, որ նշված գրության մեջ նկատելի է արհամարհանք մտավորականության նկատմամբ` 350 մտավորականներին անվանելով «մի խումբ», իսկ երեսպատման գործընթացն արդարացնող անտրամաբանական պատճառաբանությունները հաստատում են, որ եզակի կառույցը գտնվում է կա՛մ մշակույթից, ազգային արժեքներից, հուշարձանից, պատմությունից ու պատմական ժառանգությունից, առավել ևս` քաղաքականությունից հեռու մարդկանց տնօրինության տակ, կա՛մ միջնադարյան հայկական ճարտարապետությունն ու սրբավայրի պատմությունն աղավաղելու, խեղաթյուրելու գիտակցված գործընթաց է սկսված:
Ուստի, կարևորելով Գանձասարի վանքային համալիրի ամբողջականությունը կեղծարարությունից զերծ պահելու հանգամանքը, ինչպես նաև բարձր գնահատելով հայ մտավորականության դերը և արտահայտած հստակ դիրքորոշումն այս հարցում` ենթահանձնաժողովը որոշում է.
Դիմել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին` հետևյալ խնդրանքով. ընդունել «Բաց նամակ»-ի պահանջները և բարձր հսկողության ներքո.
ա) պարտավորեցնել կառավարությանը (կառավարություններին)` անհապաղ կայացնել Գանձասարի շրջապարսպի երեսպատված մասը ապամոնտաժելու և պատմական իմաստին, ոճին ու որակին համապատասխան լիարժեք վերականգնելու որոշում:
բ) պարտավորեցնել կառավարությանը (կառավարություններին)` անմիջապես հրավիրել մասնագետ-հնագետների, գեոֆիզիկների, սեյսմոլոգների, վերականգնող ճարտարապետների ու շինարարների, պատմաբանների և հուշարձանագետների` մասնագիտորեն կազմակերպելու և սկսելու շրջապարսպի երեսպատված մասի սրբատաշ քարե սալիկների հեռացման աշխատանքները` ապահովելով մասնագիտական
խիստ հսկողություն, որից հետո կվերացվեն համալիրում գոյություն ունեցող թերությունները, կկատարվեն վերանորոգման աշխատանքներ, և հուշարձանին
կվերադարձվի իր պատմականորեն անաղարտ տեսքն ու խորհուրդը` որպես Հայոց պատմական-ազգային-հոգևոր արժեք:
ՀԽ ազգային արժեքների ենթահանձնաժողովն իր պատրաստակամությունն է հայտնում նշված բոլոր աշխատանքներում ապահովել բարձրակարգ մասնագետների մասնակցությունը` ապամոնտաժման գործընթացը պահելով իր ուշադրության ներքո, անհրաժեշտության դեպքում հրավիրելով նիստեր և անցկացնելով հանրային քննարկումներ:
ՀՀ Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների,
հուշարձանների պահպանության, պատկանելության
և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողով