ՀինՆորություններ

Վազգեն Մանուկյանն ընդունել է Տաջիկստանում ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչներին

Նոյեմբերի 25-ին ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունել է Տաջիկստանում ԵԱՀԿ գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Նեվինգ Ռադսկջայերին, քաղաքական երկխոսության հարցերի պատասխանատու Ջաֆար Ուսմանովին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ծրագրերի ազգային պատասխանատու Ռուզաննա Բաղդասարյանին: Հանդիպմանը մասնակցել են նաև Հանրային խորհրդի անդամներ Հովհաննես Հովհաննիսյանը և Ելենա Վարդանյանը:

Ինչպես նշել է Ջաֆար Ուսմանովը, իրենք ցանկանում են ծանոթանալ Հայաստանի Հանրային խորհրդի գործունեությանը Տաջիկստանում նմանատիպ կառույցի գործունեությունը վերաիմաստավորելու և արդյունավետ դարձնելու նպատակով:

Ուսմանովի խոսքով՝ դեռևս 1996 թվականից իրենց երկրում գործում է Սոցիալական գործընկերության ակումբը, սակայն դրա հիմնական նպատակը իշխանության և ընդդիմադիր կուսակցությունների միջև համագործակցության խթանումն ու զարգացումն է: Բացի այդ, կառույցը գոյատևում է ԵԱՀԿ կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանի Հանրային խորհրդի ստեղծման պատմությունը, նպատակները, կառուցվածքը, գործունեության ոլորտները, ՀԽ անդամ դառնալու կարգը և այլ մանրամասներ:

Նա նշել է, որ ի տարբերություն Տաջիկստանում գործող կառույցի, Հայաստանում ՀԽ գործունեության մեջ չկան քաղաքական կազմակերպություններ, խորհուրդը քաղաքականացված չէ, և գլխավոր նպատակն է հնարավորություն տալ հասարակությանը ազդելու իշխանության կողմից վարվող քաղաքականության վրա, հաշվի նստելու հասարակական կարծիքի հետ:

Մանուկյանը հայտնել է, որ ՀՀ Հանրային խորհուրդը 2009 թվականից Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի անդամ է, որին անդամակցում է 73 երկիր, նաև մի շարք երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Բրազիլիայի և Հունաստանի հետ կնքվել է երկկողմ համագործակցության համաձայնագրեր: Նա նշել է, որ միջազգային կապերը մեծ դեր ունեն նմանատիպ կառույցի գործունեության համար:

ՀԽ նախագահը հյուրերին նաև տեղեկացրել է, որ մշակման փուլում է գտնվում Հանրային խորհրդի մասին օրենքի նախագիծը, որն առաջիկա ամիսներին պետք է ներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը, ինչն առավել կամրապնդի ՀԽ դերը և կբարձրացնի կառույցի գործունեության արդյունավետությունը:

Հյուրերը նշել են, որ տպավորված են ՀԽ աշխատանքներից և գործունեության ոլորտների բազմազանությունից: Ջաֆար Ուսմանովը ցավով նկատել է, որ առայժմ Տաջիկստանում չլուծված են մնում իրենց կառույցի կարգավիճակին, նպատակներին, արդյունավետությանը վերաբերող շատ հարցեր:

Մանուկյանը խորհուրդ է տվել կառույցի վերաձևավորման հիմքում դնել քաղաքացիական հասարակության դերի բարձրացումն ու հասարակություն-իշխանություն երկխոսությունը: Նա կարևորել է նաև միջազգային կառույցներին անդամակցելու հարցը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել արդյունավետ ու հետաքրքիր զրույցի համար՝ նշելով, որ փորձի փոխանակման նպատակով դեռևս առիթներ կունենան համագործակցելու Հայաստանի Հանրային խորհրդի հետ:

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close