Վազգեն Մանուկյանը նշանակվել է Հանրային խորհրդի նախագահ

Կառավարության այսօրվա նիստում Վազգեն Մանուկյանը նշանակվել է Հանրային խորհրդի նախագահ՝ համաձայն «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի։
Այսպիսով, նոր Հանրային խորհրդի ձևավորման գործընթացն ավարտված է։
Հանրային խոհրդի 45 անդամների կազմը ձևավորվում է հետևյալ կերպ՝ առաջին 15 անդամներին հաստատում է կառավարությունը վարչապետի առաջարկով, հաջորդ 15 անդամները ՀԽ անդամ են դառնում՝ ընտրվելով ՀԽ հանձնաժողովների նախագահներ, վերջին 15 անդամներին ընտրում են ՀԽ նախորդ 30 անդամները։
Այնուհետև վարչապետը Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմից կառավարության հաստատմանն է ներկայացնում խորհրդի նախագահի թեկնածու, որից հետո խորհրդի ձևավորման գործընթացը համարվում է ավարտված։ Հիշեցնենք, որ նոր Հանրային խորհրդի ձևավորման գործընթացը մեկնարկել էր 2018 թվականի սեպտեմբերի 6-ին, երբ ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել էին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները։
Այնուհետև ձևավորվել էին խորհրդի 15 ոլորտային հանձնաժողովները, ընտրվել էին հանձնաժողովների նախագահներ, որից հետո ՀԽ 30 անդամներն ընտրել էին խորհրդի վերջին 15 անդամներին։