ՀինՆորություններ

Ուրվագծվեց ՀՀ Նախագահի հետ հանդիպմանը ներկայացվելիք հարցերի շրջանակը

 Մայիսի 16-ին տեղի ունեցավ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի ժամանակ հստակեցվեց հունիս ամսին ՀՀ Նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակը:

Օրակարգում ընդգրկված էր 13 հարց, որոնք վերաբերում են`

  1. գազի սակագնի բարձրացմանը,
  2. Հայաստանի քաղաքացիական ավիացիայի  հեռանկարներին,
  3. Երևանի Կենտրոնական ծածկած շուկայում ընթացող անօրինական շինարարությանը,
  4. արտագաղթի իրական պատճառներին ու քարոզչությանը,
  5. կարկուտից տուժած գյուղացիական տնտեսություններին փոխհատուցում տրամադրելուն և հակակարկտային ծառայության կազմակերպմանը,
  6. ՄԱԿ-ի գրասենյակների մի մասը Ստամբուլ տեղափոխմանը,
  7. Հայաստանի արոտավայրերի արդյունավետ օգտագործմանը,
  8. զինանշանագիտության հարցերով հասարակական խորհրդի ստեղծմանը,
  9. հեռահաղորդակցման ոլորտի արդիականացմանն ուղղված առաջարկություններին,
  10. սահմանադրական բարեփոխումներին, ինչպես նաև ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը,
  11. դեղագիտության խնդիրներին,
  12. խոշոր և մանր եղջերավոր անասունների մորթի կազմակերպմանը, առաջացած կաշվի վերամշակման, արտահանման և կաշվե իրերի արտադրության զարգացմանը,
  13. Վանաձոր-Ֆիոլետովո  երկաթգծի կառուցմանը:

Առաջին հարցի քննարկման ժամանակ Հանրային խորհրդի անդամները խիստ մտահոգություն հայտնեցին գազի սակագնի բարձրացման վերաբերյալ՝ նշելով, որ դա իր հետ կբերի նաև այլ թանկացումներ՝ բացասաբար անդրադառնալով Հայաստանի տնտեսության և բնակչության կենսամակարդակի վրա, դառնալով արտագաղթի խթանման նոր պատճառ: ՀԽ անդամ, ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը հայտնեց, որ հանձնաժողովում հարցն առաջիկայում դրվելու է քննարկման: Նա նաև տեղեկացրեց, որ իրենք դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին` պարզաբանումներ ստանալու առաջարկվող սակագանի վերաբերյալ:

Հաջորդ հարցը` Հայաստանի քաղավիացիայի խնդիրների վերաբերյալ, նույնպես կներկայացվի հանրապետության ղեկավարին: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը ևս մեկ անգամ կարևորեց խնդիրը փուլային տարբերակով լուծելու անհրաժեշտությունը և ընդգծեց, որ Հայաստանն առայժմ պետք է զերծ մնա բաց երկնքի քաղաքականությունից՝ ազգային անվտանգության խնդիրներից ելնելով:

Հիշեցնենք, որ Հանրային խորհրդում քաղավիացիայի հեռանկարների վերաբերյալ տեղի են ունեցել համակողմանի քննարկումներ, որոնց հիման վրա Հանրային խորհուրդը հանդես է եկել հստակ առաջարկներով: Որոշման նախագիծն` այստեղ:

Երևանի Կենտրոնական ծածկած շուկայում նախորդ տարվա հունվար ամսին սկսված և մինչ այժմ ընթացող շինարարությունը, որն ուղեկցվում է անօրինական գործողություններով, ևս կներկայացվի ՀՀ Նախագահին՝ առաջարկելով անհապաղ միջոցներ ձեռնարկել խնդիրը լուծելու ուղղությամբ: ՀԽ անդամ, մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը Վազգեն Մանուկյանի հանձնարարությամբ նամակներ է հղել Երևանի քաղաքապետարան և Մշակույթի նախարարություն` պարզաբանումներ ստանալու վերջին օրերին ծավալված անօրինական շինարարության վերաբերյալ այդ կառույցերի կողմից իրականացվող քայլերի մասին:: Առաջիկայում հարցը ևս մեկ անգամ կդրվի քննարկման Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում:

Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդն անցյալ տարվա հունիսին նույն խնդրի վերաբերյալ կազմակերպել էր հանրային լայն քննարկում, որի ընթացքում բարձրացվել էր ոչ միայն Ծածկած շուկայի հարցը, այլև պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված մյուս հուշարձաններին առնչվող բազմաթիվ խնդիրներ: Հանրային խորհուրդը որոշում էր կայացրել և ներկայացրել ՀՀ կառավարություն և ՀՀ Նախագահին: Որոշման նախագիծն` այստեղ:

ՀԽ անդամները միակարծիք եղան ՀՀ Նախագահին ներկայացվող հարցերի մեջ արտագաղթի հիմնախնդիրը ընդգրկելու հարցում: Որպես արտագաղթի խթանման հիմնական պատճառներ` նշվեցին սոցիալական ծանր վիճակը, արդարության նկատմամբ հավատի բացակայությունը, ապագայի նկատմամբ անորոշությունը և այլն: Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ իրական պատճառների կողքին կա նաև այլ` հոգեբանական գործոն. նրա համոզմամբ այսօր Հայաստանից հեռանալու քարոզչություն է տարվում, որին զուգահեռ հակաքարոզչություն գոյություն չունի: ՀԽ նախագահը կարևորեց նաև այդ քարոզչության դեմ պայքարելու անհրաժեշտությունը:

Քննարկվեց նաև կարկուտից տուժած գյուղացիական տնտեսություններին փոխհատուցում տրամադրելու և հակակարկտային ծառայության կազմակերպման խնդիրները ՀՀ Նախագահին ներկայացնելու հարցը: ՀԽ անդամ, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը ներկայացրեց հակակարկտային ծառայության ոլորտում առկա խնդիրները: Որոշվեց Հանրային խորհրդում այդ խնդիրների վերաբերյալ կազմակերպել քննարկում՝ ոլորտի մասնագետների մասնակցությամբ:

ՄԱԿ-ի գրասենյակների մի մասը Ստամբուլ տեղափոխման հարցը նույնպես կներկայացվի Հանրապետության ղեկավարին: Նշենք, որ Թուրքիան հետևողական գործընթաց է իրականացնում ՄԱԿ-ի գրասենյակները Թուրքիա տեղափոխելու և Ստամբուլը միջազգային կառույցների կենտրոն դարձնելու ուղղությամբ, ինչը հակասում է ոչ միայն Հայաստանի շահերին, այլև ՄԱԿ-ի սկզբունքներին: Հիշեցնենք, որ այս հարցի վերաբերյալ նույնպես Հանրային խորհրդում մի շարք քննարկումներ են իրականացել, որի ընթացքում որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովի, ՄԱԿ-ի հետ աշխատող ՀԿ-ների, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ` համապատասխան քայլեր ձեռնարկելու այդ գործընթացի դեմ:

Հայաստանի արոտավայրերի արդյունավետ օգտագործման հարցը նույնպես կներկայացվի ՀՀ Նախագահին: Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդն արձագանքել էր հասարակության անհանգստությանը` կապված այն լուրերի հետ, թե ՀՀ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի միջև կնքվել է «Համաձայնագիր»`Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալությամբ Իրանի տնտեսվարող սուբյեկտներին հանձնելու վերաբերյալ: Հանրային խորհուրդը որոշել էր գտնել ոչ նպատակահար հանրապետության հեռագնա արոտավայրերն օտարերկրյա իրավաբանական անձնանց և առանձին քաղաքացիներին վարձակալությամբ հանձնելը: Որոշման նախագիծն` այստեղ:

Զինանշանագիտության հարցերով հասարակական խորհրդի ստեղծման առաջարկը նույնպես կներկայացվի հանրապետության ղեկավարին: Հիշեցնենք, որ հարցը Հանրային խորհրդում քննարկվել էր և որոշվել էր նման առաջարկով հանդես գալ` ոլորտի հետագա աշխատանքներն արդյունավետ համակարգելու, միասնական պետական քաղաքականություն իրականացնելու նպատակով: Որոշման նախագիծն` այստեղ:

ՀԽ անդամները համակարծիք էին նաև ՀՀ Նախագահին հեռահաղորդակցման ոլորտի արդիականացմանն ուղղված առաջարկությունների ներկայացման հարցում: Որոշման նախագիծն` այստեղ:

ՀՀ նախագահին կներկայացվի նաև Սահմանադրական բարեփոխումներ, ինչպես նաև ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը: Վազգեն Մանուկյանն առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի այդ հարցերով: Մասնավորապես կքննարկվի պետությունը նախագահական համակարգից խորհրդարանական համակարգի անցնելու հարցը:

ՀՀ Նախագահին կներկայացվող հարցերից մեկի` Հայաստանում դեղագիտության խնդիրների վերաբերյալ որոշվեց նախ ՀԽ առողջապահության հարցերի հանձնաժողովում կազմակերպել քննարկում` ոլորտի մասնագետների մասնակցությամբ: ՀԽ անդամները հատկապես մտահոգություն հայտնեցին Հայաստան ներկրվող դեղորայքի որակի, շուկայում մենաշորհային դիրք ունեցող ընկերությունների և ընդհանրապես դեղորայքի նկատմամբ հանրության անվստահության խնդիրների վերաբերյալ:

ՀՀ Նախագահի հետ հանդիպմանը ՀԽ անդամները կներկայացնեն նաև Հայաստանում խոշոր և մանր եղջերավոր անասունների մորթի կազմակերպման, առաջացած կաշվի վերամշակման, արտահանման եւ կաշվե իրերի արտադրության զարգացանը վերաբերող հարցեր, Վանաձոր-Ֆիոլետովո  երկաթգծի կառուցմանն առնչվող խնդիրներ:

 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close