Նորություններ

Ուրվագծվել են Հանրային խորհրդի և հանձնաժողովների հետագա նիստերի օրակարգերը

Սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի աշխատանքային նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։

Քննարկելով հասարակության մեջ վերջին շրջանում ակտիվորեն բարձրաձայնվող խնդիրները՝ ուրվագծվել են Հանրային խորհրդի և ՀԽ հանձնաժողովների հետագա նիստերի օրակարգերը։

Հարցերից մեկը եղել է Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակը։ Քննարկվել է Հանրային խորհրդում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։

Փոքր խորհրդի նիստում անդրադարձ է եղել «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությանը», որի մեջ ամրագրված են նաև անցումային արդարադատությանը, Սահմանադրական բարեփոխումներին, ընտրական օրենսդրության փոփոխությանը վերաբերող դրույթներ։ Որոշվել է առաջարկել ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովին ուսումնասիրել և քննարկել նախագիծը և խորհրդին ներկայացնել հանձնաժողովի դիրքորոշումները, որից հետո քննարկել հարցը Հանրային խորհրդի օրակարգ ներառելու անհրաժեշտությունը։

Քննարկվել է նաև վերջին շրջանում հասարակության որոշակի շրջանակների կողմից Արցախը Հայաստանի մարզ դիտարկելու փորձերը։ Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ որոշվել է հարցը՝ Արցախը անկախ պետությո՞ւն, թե՞ Հայաստանի մարզ, ներառել Հանրային խորհրդի առաջիկա նիստի օրակարգ։

Այնուհետև խորհրդի անդամներն անցել են կրթական հիմնախնդիրներին՝ նպատակահարմար գտնելով ՀԽ գիտության, կրթության հարցերի հանձնաժողովում քննարկումներ սկսել դպրոցական դասագրքերի և ավագ դպրոցի խնդիրների շուրջ՝ կարևորելով հատկապես դասագրքերի բովանդակության չափորոշիչների փոփոխության հարցը։ Այս համատեքստում շեշտվել է Հայաստանի կրթության զարգացման պետական ծրագրի, ռազմավարության բացակայության խնդիրը, որից էլ բխում են ոլորտի հիմնական թերացումներն ու բացթողումները։

Երևանի աղբահանության խնդիրը նույնպես չի վրիպել խորհրդի անդամների ուշադրությունից։ Առաջարկվել է, հրավիրելով խնդրի մեջ ներգրավված բոլոր կողմերին, կազմակերպել շահագրգիռ քննարկում և փորձել կառուցողական դաշտում ապահովել առողջ երկխոսություն բոլոր խորքային խնդիրների վերաբերյալ։

ՀԽ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Բալդրյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ հանձնաժողովը վերջնական տեսքի է բերել Երթևեկության անվտանգության բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որը քննարկվել էր ՀԽ նախորդ լիագումար նիստում։ Որոշվել է նախագծի վերջնական տարբերակը ներկայացնել Հանրային խորհրդի անդամներին, ինչպես նաև սոցիալական հարթակներում դնել հանրային քննարկման, որից հետո ներկայացնել ՀՀ կառավարություն։

Փոքր խորհրդի նիստում կրկին անդրադարձ է եղել Հայաստանի ու հայ ժողովրդի ապագային, տեսլականի ձևավորման անհրաժեշտությանը վերաբերող հարցերին։ Որոշվել է այդ հարցերի շուրջ քննարկումները Հանրային խորհրդում շարունակել՝ մասնակից դարձնելով Հայաստանի և Սփյուռքի հեղինակավոր անհատներին, մտավորականներին, ինչպես նաև Հայաստանի ղեկավարությանը, մասնավորապես ՀՀ վարչապետին։

Նիստի ավարտին ՀԽ ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը օգոստոս ամսին հանձնաժողովի կատարած գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել, որը վերաբերում է Երևան քաղաքում անավարտ խոշորածավալ շինարարությանը (Երիտասարդական պալատ, «Սևան» հյուրանոց և այլ կառույցներ), «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությանը (որով տեղական արտադրողների շահերն առավել հաշվի կառնվեն), Հարավկովկասյան երկաթգծի անվտանգ շահագործման և զարգացման հարցերին, այլ խնդիրների։

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close