Մի շարք հարցեր՝ ՀԽ փոքր խորհրդի նիստում
Ապրիլի 16-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը:
Օրակարգի առաջին հարցը վերաբերել է համայնքների խոշորացման պիլոտային ծրագրին: Հանրային խորհուրդն ամփոփել է ապրիլի 10-ին հարցի վերաբերյալ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ խորհրդում տեղի ունեցած քննարկման արդյունքները՝ վերահաստատելով քննարկման ընթացքում հնչեցրած մոտեցումները, որ ծրագիրը պետք է իրականացվի պիլոտային ձևով, բնակչության համաձայնության և հանրաքվեի արդար արդյունքների հիման վրա, ինչպես նաև համայնքների խոշորացման հետևանքով որևէ գյուղ չպետք է կորցնի իր անվանումը, ավանդույթներն ու դիմագիծը: Վերահաստատվել է նաև հանրաքվեի ժամանակ Հանրային խորհրդի անդամների կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու անհրաժեշտությունը:
Այնուհետև ՀԽ նախագահը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ իր հետ են հանդիպել ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի անդամները, որոնց հետ քննարկվել են քաղաքացիական ավիացիայի հետ կապված որոշ հարցեր: Նա նշել է, որ ենթահանձնաժողովում ընդգրկված մասնագետներն առաջարկել են բարձրացնել ազգային ավիափոխադրող ունենալու հարցը՝ կարևորելով դրա անհրաժեշտությունը երկրի անվտանգության, ոլորտում մենաշնորհային դիրք գրավելու հնարավորությունը կանխելու և այլ տեսանկյուններից:
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է ավելացված արժեքի հարկի դրույքաչափերի, հարկման բազայի, ինչպես նաև որոշակի ոլորտներին տրվող պետական արտոնությունների վերանայման հարցերին, որը Հանրային խորհրդի քննարկմանն է ներկայացվել ՀՀ կառավարության կողմից: Վազգեն Մանուկյանը ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանին հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ հարցն առանձին քննարկելու և որոշակի դիրքորոշում և առաջարկներ ներկայացնելու նպատակով:
ՀԽ անդամները քննարկել են նաև ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը, որի վերաբերյալ տարեսկզբին Հանրային խորհրդում տեղի էր ունեցել հանրային քննարկում՝ շահագրգիհռ կողմերի մասնակցությամբ: Հաշվի առնելով խնդրի վերաբերյալ հանրության շրջանում առկա մտահոգությունները՝ Վազգեն Մանուկյանը ՀԽ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հայրապետ Գալստյանին հանձնարարել է հարցի վերաբերյալ կազմակերպել ևս մեկ քննարկում՝ մասնագիտական շրջանակում, որի արդյունքները հաշվի առնելով՝ ներկայացնել դիրքորոշում և առաջարկներ:
ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը ներկայացրել է Թուրքիայի կողմից Արաքս գետի ջրերի օգտագործման և ջրամբարների կառուցման հարցը: Ջավադյանը կարևորել է Հայաստանի կողմից նույնպես ջրամբարներ կառուցելու անհրաժեշտությունը, քանի որ հակառակ դեպքում Հայաստանը մոտ ապագայում կկանգնի ջրի դեֆիցիտի առջև: Ջավադյանը նաև նշել է, որ կառավարությունն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում ջրամբարների կառուցման ուղղությամբ: