Նորություններ

Մայիսյան եռատոնին նվիրված շնորհավորական ուղերձ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Պատմական իրադարձությունները կարևորվում են այնքանով, որքանով դրանք ուղենիշային են դառնում ապագայի ընթացքի համար: Հայ գրականության մեծանուն ներկայացուցիչներից Հակոբ Պարոնյանը նկատել է. «Ի՞նչ է պատմությունն․ ետիդ նայիլ, առջևդ տեսնել», իսկ մեր քաղաքական պատմության մեկ այլ ականավոր մեկնաբան Պարույր Սևակը նրան արժանվույնս լրացրել է․ «Ով պատմություն ունի՝ չի կարող ետ չնայել»։

1992թ.-ի մայիսի 8-9-ը մեր քաղաքական օրացույցում հավերժ կմնան որպես Արցախյան ազատամարտի ռազմական ամենափայլուն գործողության` Շուշիի ազատագրման կամ «Հարսանիք լեռներում» ռազմական օպերացիայի օրեր: ՀՀ Հանրային խորհրդի համար պատիվ է իր կազմում ունենալ ռազմական գործի փայլուն մասնագետների, որոնց թվում նաև՝ Շուշիի ազատագրման ռազմական գործողության անմիջական ղեկավարներից մեկին՝ Արցախի Ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանին:

Այս հաղթանակը բեկումնային էր Արցախի ազատագրական պայքարի ամբողջ ընթացքի համար՝ անշրջելի դարձնելով Հայաստանի Հանրապետության հետ Արցախի՝ աշխարհագրորեն ու անվտանգային առումով վերամիավորման բերած հաղթանակների հետագա ընթացքը։ Սրանով էլ առաջ եկան Արցախի կանոնավոր բանակի ստեղծման բոլոր նախադրյալները, և մայիսի 8-9-ը հռչակվեց եռատոն՝ ժամանակի ու տարածության մեջ միավորելով հաղթանակը Երկրորդ աշխարհամարտում, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծումը:

Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտի երաշխավոր վետերաններն այսօր արժանանում են ՀՀ կառավարության առանձնակի հոգածությանը` ի փառս նրանց անփոխադարձելի ավանդի, սխրանքների ու նշանավոր անցյալի։ Մյուս կողմից, սակայն, կարևոր է նկատել, որ մարդկային կյանքերի արժևորումը և այսօրվա բանակի հետևողական հզորացումն ու կայացումը պետք է երաշխիք լինեն` հաստատելու խաղաղություն կամ գրանցելու հաղթանակներ պարտադրված պատերազմում: Այդ բոլոր հաղթանակներում չլիներ համախմբված հանրային աջակցությունը մեր կողքին ապրող հերոսների և մարտում ընկած նրանց ընկերների թիկունքում, դժվար թե հաղթանակների անցյալը պատմական ներկայի ու ապագայի համար այսչափ վճռորոշ դառնային։

Հանրային խորհուրդը մշտապես նպաստելու է պետական արդյունավետ կառավարմանը` ներդնելով փորձագիտական ամբողջ ներուժն ու տրամադրելով արժեքավոր խորհրդատվություն բոլոր ոլորտներում, այդ թվում` ռազմական գործում, դրական տեղաշարժերի արձանագրման և առաջմղման համար:

Հայաստանի հանրությանը, աշխարհասփյուռ հայությանն ու Արցախ աշխարհի մեր հայրենակիցներին շնորհավորում ենք մայիսյան եռատոնի առիթով ու ամրագրում փաստը, որ մեծ հաղթանակները հնարավոր են դառնում փոքր հաջողությունների ամուր շղթայով, և մենք աջակցելու ենք այդ շղթայի մաս կազմող բոլոր օղակների ամրացմանն ու հզորացմանը:

Հանրային խորհրդի անունից՝

Ստյոպա Սաֆարյան

ՀՀ ՀԽ նախագահ

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close