ՀինՆորություններ

ՀՀ Հանրային խորհրդի 16 /տասնվեցերորդ/ լիագումար նիստի ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

ՀԱՐՑ 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Վերջին շրջանում հանրության մեջ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակը խիստ մտահոգություն է առաջացրել: “Արմավիա” ավիաընկերության կողմից հայտարարված սնանկացման գործընթացի սկսումը և չվերթների փաստացի դադարեցումը լուրջ վնաս է հասցրել ուղևորների շահերին (ավիատոմսերի գների ժամանակավոր կտրուկ աճ, որոշ չվերթների դադարեցում և այլն): Մտահոգիչ է նաև այն, որ տեղական ավիափոխադրողից զրկվելը վտանգում է Հայաստանի ազգային անվտանգությանն ու պաշտպանվածությանը: Այս ամենը հակասում է “ՀՀ ավիացիայի մասին օրենքի” հիմնական գաղափարին` “…հասարակական պահանջների բավարարում,… պետության պաշտպանության և անվտանգության ապահովում…”:

Ստեղծված իրավիճակը հետևանք է “Արմավիայի” մենաշնորհային դիրքի, ընկերության կողմից վարած ոչ ճիշտ ֆինանսատնտեսական, կառավարման և մարկետինգային քաղաքականության, “Արմենիա միջազգային օդանավակայաններ” ՓԲԸ-ի և “Արմավիայի” միջև մշտապես առկա հակասությունների և շահագրգիռ համագործակցության բացակայության, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության ոչ արդյունավետ միջամտության: Այս ամենը պայմանավորված է նաև պետության կողմից Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացման վերաբերյալ հստակ հեռանկարի, գործող օրենքում լիազոր մարմնի իրավունքների և լիազորությունների ամբողջական սահմանման ու պատասխանատվության բացակայությամբ:

ՀՀ Հանրային խորհուրդը գտնում է, որ խիստ անհրաժեշտ է տեղական ավիափոխադրողներ ունենալը` նպաստելով նրանց միջև հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը: Դրա հետ միասին հարկավոր է ապահովել ոլորտի ազատականացման փուլային տարբերակը, ինչը պայմանվորված է համաշխարհային քաղավիացիայի ոլորտում առկա միտումներով:

Հաշվի առնելով վերը նշվածը` ՀՀ Հանրային խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ Է`

• Առաջարկել ՀՀ կառավարությանը քայլեր մշակել տեղական ավիափոխադրողներ պարտադիր ունենալու ուղղությամբ (սեփականության ձևը, պետության մասնաբաժնի առկայությունը, կառավարման տեսակը, դրսի օպերատորի առկայությունը ենթակա են լրացուցիչ քննարկման);
• Դիմել ՀՀ կառավարությանը նպաստել տեղական ավիափոխադրողների և օդանավակայանի միջև ծագող բոլոր վիճելի հարցերը լուծել փոխհամաձայնությամբ` ձգտելով ապահովել այնպիսի ողջամիտ պայմաններ, որոնք թույլ կտան տեղական ավիափոխադրողին լինել ավելի մրցունակ` բացառելով օդանավակայանի մենաշնորհային դիրքը ծառայությունների մատուցման ոլորտում;
• Դիմել ՀՀ կառավարությանը ստեղծել պայմաններ “Արմավիա” ավիաընկերության արհեստավարժ օդաչուների, տեխնիկական անձնակազմի, նյութատեխնիկական բազայի պահպանման և հետագայում օգտագործելու ուղղությամբ;
• Առաջարկել ՀՀ կառավարությանը ավիափոխադրողների միջև գործող պայմանագրերում, որպես պարիտետային ելակետ, ընդունել այնպիսի պայմաններ, որոնք բխում են տեղական ավիափոխադրողի շահերից;
• Գտնել նպատակահարմար ՀՀ կառավարության կողմից ընդունելու “Օդային օրենսգիրք”` համաձայն ICAO-ի RER 01/901 նմուշի, որը կկանոնակարգի քաղավիացիայի իրավական գործունեության դաշտը, կդարձնի այն առավել թափանցիկ, կտարանջատվեն օրենսդրական, գործադիր գործառույթները, ինչը նաև թույլ կտա ավելի վերահսկելի դարձնել ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության գործունեությունը:

ՀԱՐՑ 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՌԱԳՆԱ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ Հանրային խորհուրդը արձագանքել է հասարակության անհանգստությանն` կապված այն լուրերի հետ, թե ՀՀ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի միջև կնքվել է <<Համաձայնագիր>>` Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալությամբ Իրանի տնտեսվարող սուբյեկտներին հանձնելու վերաբերյալ:
ՀՀ Հանրային խորհուրդն, ուսումնասիրելով հեռագնա ամառային արոտավայրերի ոլորտը, փաստում է, որ համաձայն ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2012թ. հաշվետվության` արոտավայրերի մակերեսը կազմում է 1056.3 հազ. հա, որից հեռագնա` 687.3 հազ. հա., մերձգյուղային` 369.0 հազ. հա: Այդ արոտավայրերի տարածքը ՀԽՍՀ ժամանակաշրջանում թույլ էր տալիս պահել 2.5 մլն ոչխար` ներկայիս 670.0 հազարի փոխարեն, որոնք հիմնականում պահվում են գյուղամերձ արոտներում: Այս ամենը վկայում է տվյալ ոլորտի ոչ արդույնավետ օգտագործման և զարգացման մասին, ինչը չի նպաստում հանրապետության պարենային անվտանգության ապահովմանը և աշխատուժի ռացիոնալ օգտործմանը:
ՀՀ Հանրային խորհուրդը ողջունում է Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության համատեղ ծրագիրը <<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցակցության (ՀԳ Ռ.Կ.Մ.) ծրագրի>> իրականացումը, ինչը լրացուցիչ պայմաններ կստեղծի անասնապահության զարգացման համար:
Հաշվի առնելով վերը նշվածը` ՀՀ ՀԽ ՈՐՈՇՈՒՄ Է`

• Գտնել ոչ նպատակահարմար հանրապետության հեռագնա արոտավայրերը օտարերկրյա իրավաբանական անձնանց և առանձին քաղաքացիներին վարձակալությամբ հանձնելը;
• Դիմել ՀՀ կառավարությանը գյուղատնտեսության նախարարության կողմից “Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրերի” համայնքային ռեսուրսների կառավարման և անասնապահության զարգացման բաղադրիչի իրականացման աշխատանքները դարձնել շարունակական` հանրապետության բոլոր մարզերում բարենպաստ պայմաններ ստեղծելով ոլորտի զարգացման համար:

ՀԱՐՑ 3

ԶԻՆԱՆՇԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Հանրային Խորհրդին “Մենք” ազգային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից հասցեագրված դիմում-նամակով առաջարկվել է ստեղծել “ՀՀ պետական և ազգային խորհրդանշանների խորհուրդ”: Նշված հարցը Հանրային խորհրդի հանձնարարությամբ և հրավիրված մասնագետների մասնակցությամբ քննարկվել է մշակույթի ենթահանձնաժողովում: Քննարկման ընթացքում պարզ է դարձել, որ տարածքային մարմինների և պետական կառույցների կողմից սահմանվող խորհրդանշանների, շքանշանների ու մեդալների ստեղծման և կիրառման ոլորտում հաստատված են այնպիսի խորհրդանշաններ, շքանշաններ ու մեդալներ, որոնք երբեմն անհեթեթ են և ունեն հերալդիկ և գաղափարական խիստ թերություններ:
ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովը պարզել է նաև, որ նմանատիպ խորհուրդներ գործում են ԱՊՀ մի շարք երկրներում (Ռուսաստնա, Ղազախստան, Ուկրաինա ե այլն), ընդ որում տվյալ երկրի նախագահին կից, իսկ գործառույթները ամրագրվել են նախագահի հրամանագրերով, կամ օրենքով (Ուկրաինա, Վրաստան):
Առաջարկվող “ՀՀ Պետական և Ազգային Խորհրդանշանների Խորհուրդը” հանդիսանալու է խորհրդատվական մարմին, որի հիմնական խնդիրներն են`
• Պետական խորհրդանշանների ոլորտում իրավիճակի մասին տեղեկատվության ժողովում, համակարգում և տրամադրում ՀՀ Նախագահին և ՀՀ բարձրագույն ու տեղական իշխանության մյուս մարմիններին,
• Պետական խորհրդանշանների, շքանշանների ու մեդալների ստեղծման և կիրառման կանոնակարգի մշակում` հաշվի առնելով զինանշանագիտության ոլորտում միջազգային փորձը, ներդաշնակելով այն հայոց պատմական զինանշանային ավանդույթների հետ,
• Հայաստանի Հանրապետության կենտրոնական և տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդանշանների վերաբերյալ մասնագիտական փորձագիտության և խորհրդատվության տրամադրում,
• Պետական խորհրդանշանների կիրառման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի քննարկում և համապատասխան եզրակացությունների պատրաստում,
• Պետական Զինանշանային մատյանի (ռեգիստրի) հիմնում և վարում,
• ՀՀ պետական խորհրդանշանների մասին տեղեկությունների տարածում,
• Զինանշանագիտության ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրություն, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների իրականացում հայ զինանշանագիտության ոլորտում:

Հաշվի առնելով վերը նշվածը ՀՀ Հանրային խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ Է`

Սույն ոլորտի հետագա աշխատանքները արդյունավետ համակարգելու, միասնական պետական քաղաքականություն իրականացնելու նպատակով առաջարկել ՀՀ Նախագահին ստեղծել “ՀՀ պետական և ազգային խորհրդանշանների խորհուրդ”:

ՀԱՐՑ 4

ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Քննարկելով «Ազգային համագործակցություն» հիմնադրամի առաջարկությունները` ՀՀ Հանրային խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ Է`

Առաջարկել ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանին նոր ձևավորվող կառավարության ծրագրում ընդգրկել հետևյալ դրույթները`
1. Գիտելիքահենք հասարակության ձևավորմանը նպաստելու, քաղաքակրթական արդի զարգացումներում մեր ուրույն, արժանի տեղն ու դերը գրավելու նպատակով, Մեծ եղեռնի 100-ամյա հոբելյանին ընդառաջ համացանցում ձևավորել ազգային միասնական տեղեկատվական տարածք: Նյութերի դասակարգման, որոնման, ուղեցույցների, հղումների կազմակերպում ընդհանուր համակարգով: Այդ տարածքում պետք է ներկայացված լինեն մեր ժողովրդին, նրա պատմությանը, մշակույթին, տնտեսությանը, բնակավայրերին, հանրային կյանքին, նրա ներկայի և ապագային առնչվող տեղեկանյութեր պարունակող բոլոր կայքերը, տեղեկագրքերը, տեքստային և տեսաձայնային բազաները, հանրագիտարանները:
2. Խնդիր դնելով կազմակերպել հանրային և մասնավոր հատվածների, սփյուռքահայ գործարարների ակտիվ մասնակցությունն ու գործուն աջակցությունը` ձեռնամուխ լինել`
ա) որ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի համայնքներում ձևավորվել անհրաժեշտ սարքավորումներ ունեցող հեռակապի կենտրոններ` իրենց տեղեկատվական այցեքարտ- կայքերով, համացանցային քննարկումների, խորհրդակցությունների, հեռավար ուսուցման դասընթացների կազմակերպման հնարավորություններով.
բ) աջակցել, որ նշված համայնքներում հաճախ օգտագործվող տարածքները ծածկվեն օպտիկական կապուղիների ճյուղավորված ցանցերով` համացանցին միացած Wi-Fi հասանելիության կետերի ծածկույթով
գ) արդիականացնելով ընկերությունների, հիմնարկների և կազմակերպությունների հեռահաղորդակցման ներքին ցանցերը` պայմաններ ստեղծել, որ ապահովվի զանգվածային անցումը բազմապատիկ էժան, հարմար IP տեսաձայնային հեռակապի:

 

 

 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close