ՀՀ Հանրային խորհրդի շնորհավորական ուղերձը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Հանրային խորհրդի անդամ Ռոբերտ Աթոյանի 80-ամյակի առթիվ
Հարգելի պարոն Աթոյան
Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանը ստանձնեց ժամանակակից գիտության, բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատարի դերը, նվաճումներ ունեցավ ինֆորմացիոն կառավարման համակարգերի ներդրման գործում՝ դառնալով գիտական մտքի դարբնոց, և վստահաբար կարող ենք ասել, որ Դուք դրա հիմնասյուներից մեկն եք:
Անգնահատելի է Ձեր ավանդը հատկապես էլեկտրոնային հաշվիչ մեքենաների և համալիրների, ավտոմատացված կառավարման համակարգերի՝ մասնավորապես պաշտպանության և անվտանգության ոլորտների զարգացման գործում, ինչը Խորհրդային միության հպարտությունն էր: Եվ պատահական չէր, որ Դուք արժանացաք խորհրդային ժամանակաշրջանում գիտության ոլորտի բարձրագույն պարգևին՝ Լենինյան մրցանակին, ինչը պատիվ էր ոչ միայն Ձեզ համար, այլև ողջ Հայաստանի:
Մեր երկրի անկախացումից հետո Ձեր գիտական ու գիտակազմակերչական բեղմնավոր գործունեությունը չնվազեց, այլ շարունակվեց նույն ոգով ու նվիրվածությամբ՝ մեծ նպաստ բերելով նորանկախ Հայաստանի գիտական դպրոցի ձևավորման ու ամրապնդման, նորագույն տեխնոլոգիաների զարգացման գործին:
Որպես Հանրային խորհրդի անդամ՝ Դուք մշտապես հանդես եք եկել Ձեր ուրույն ձեռագրով, բարձրացված հարցերի վերաբերյալ խորը, ծանրակշիռ, վերլուծական մտքով ու դիրքորոշումներով, համապարփակ լուծումներով ու առաջարկներով, և այսօր մենք իսկապես բարձր ենք գնահատում Ձեր գործունեությունն ու վաստակը Հանրային խորհրդում:
Հարգելի պարոն Աթոյան
Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեր հոբելյանական տարեդարձը, մաղթում քաջառողջություն, մեծ եռանդ և նորանոր ձեռքբերումներ:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան