ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԻՆ (ԿԼՈՐ) ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀԵՏԱԳԱ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ս.թ. օգոստոսի 15-ին ՀՀ Հանրային խորհուրդը ստացել է նամակ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանից` «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրի վերաբերյալ ՀԽ-ի հետ համատեղ քննարկում կազմակերպելու մասին:
Նամակը, ՀԽ կանոնադրության համաձայն, ուղղվել է համապատասխան ոլորտային հանձնաժողովներ և ենթահանձնաժողովներ` քննարկման: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներիին տեղի են ունեցել ՀԽ`
• քաղաքաշինության և ճարտարապետության ենթահանձնաժողովի,
• ավիացիայի ենթահանձնաժողովի,
• ազգային-պատմական արժեքների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի,
• մշակույթի ենթահանձնաժողովի, ինչպես նաև
• տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի կոլեգիայի
ընդլայնված նիստեր, որտեղ բարձրացված հարցը քննարկվել է հասարակության ներկայացուցիչների ու մասնագետների մասնակցությամբ:
Նիստերում հնչած ընդհանրացված մոտեցումները հետևյալն են`
1. «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրը երևանցիների համար դարձել է խորհրդանիշ, միևնույն ժամանակ համարվում է ԽՍՀՄ մոդեռնիստական ճարտարապետության նմուշներից մեկը, և այլ երկրներում այսպիսի շենքերը վերցված են պաշտպանության տակ: Վերջերս Վիեննայում կայացած ճարտարապետական կոնգրեսում բացառիկ կարևորություն է տրվել ճարտարապետական այս դպրոցին և ուղղությանը:
Այդ իսկ պատճառով ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի կոլեգիան ու ՀԽ վերոնշյալ ենթահանձնաժողովները դեմ են արտահայտվել «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի քանդմանը և համոզմունք հայտնել, որ այն պետք է ներառվի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:
2. Անհրաժեշտ է համարվել անցկացնել անկախ փորձաքննություն «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի տեխնիկական վիճակը պարզելու համար;
3. «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի հետագա օգտագործման տարբեր եղանակների վերաբերյալ ներկայացվել են բազմաթիվ այլ առաջարկներ, այդ թվում`
• Բիզնես-ծրագրերի իրականացում (ռեստորաններ, ազատ տնտեսական գոտի, խանութներ, հյուրանոցներ), ինչպես նաև աճուրդով այլ կազմակերպության հանձնում;
• Տեղական կամ այն երկրների ավիափոխադրումների սպասարկման իրականացում, որտեղ չի պահանջվում մուտքի արտոնագիր, ինչպես նաև շահագործում որպես տարանցիկ գոտի;
• Շենքի արդիականացման արդյունքում այն որպես պահուստային, օժանդակ օդանավակայան օգտագործելու հնարավորություն` հաշվի առնելով Հայաստանի շրջափակման և անավարտ պատերազմի իրողությունը
Եղել են նաև առաջարկներ շենքի մի հատվածում Հայաստանի ավիացիայի թանգարան հիմնադրելու կամ շենքը Հայաստանի փոքր ավիացիայի զարգացման համար օգտագործելու վերաբերյալ:
Սակայն բոլոր քննարկումների արդյունքներն ամփոփելու ընթացքում բաց էին մնում մի շարք հարցեր` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը շահագործող Կոնցեսիոները ի՞նչ նպատակներով է ցանկանում քանդել “Զվարթնոց»օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրը, արդյոք առկա՞ են եղել հին համալիրի քանդման մասին հիշատակումներ վարձակալության պայմանագրում, նախորդ երկու մաստեր-պլաններում, և թե ինչպե՞ս է համալիրի քանդումը հիմնավորվում նոր մաստեր-պլանի մեջ:
Այս հարցերի պատասխանները ստանալու համար ՀԽ գրությամբ (ս.թ. հոկտեմբերի 14-ին) դիմել է ՀՀ ԿԱ ՔԱԳՎ` խնդրելով ստանալ համապատասխան փաստաթղթերը:
Միևնույն ժամանակ, ՀԽ աշխատանքային խումբը ս.թ. հոկտեմբերի 31-ին հրավիրել է ՀԽ փոքր խորհրդի համատեղ նիստ, որին ՀԽ համապատասխան ենթահանձնաժողովների նախագահների հետ մեկտեղ մասնակցել են նաև ՀՀ ԿԱ ՔԱԳՎ պետ Ա.Մովսեսյանը, «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն, օդանավակայանի ենթակառուցվածքների տնօրեն Լուկաս Մոնսալոն, օդանավակայանի տեխնիկական տնօրեն Աշոտ Միրզոյանը, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը:
ՀՀ ԿԱ ՔԱԳՎ-ի և Կոնցեսիոների ներկայացուցիչները, պատճառաբանելով «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի քանդման անհրաժեշտությունը, պնդել են, որ`
1. Գործող ուղևորահամալիրի սրահները նախատեսված են տարեկան 2.5 մլն. ուղևորափոխադրումների համար: Ներկայումս ուղևորափոխադրումները կազմում են 1.7 մլն., իսկ մոտակա տարիներին, նկատի ունենալով նաև Հայաստանի կողմից որդեգրված «բաց երկնքի» քաղաքականությունը, պետք է հասնեն մինչև 4 մլն.:
Չնայած այն հանգամանքին, որ 2002թ. ՀՀ կառավարարության և Կոնցեսիոների միջև կնքած պայմանագրում, ինչպես նաև Կոնցեսիոների կողմից ներկայացվող հնգամյա մաստեր-պլաններում ներառված չի եղել որևէ դրույթ «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի քանդման վերաբերյալ` բանավոր խոսակցություններից ելնելով` Կոնցեսիոները եկել է այն համոզմանը, որ հին համալիրի պահպանումը որպես պարտադիր խնդիր դրված չի եղել Կոնցեսիոների առջև, ուստի նոր համալիրի ենթակառուցվածքների շինարարությունը կատարվել է այն հաշվարկով, որ օդանավակայանի հետագա զարգացումը պետք է լինի հին համալիրի ուղղությամբ: Այժմ, երբ առաջացել է օդանավակայանի ընդլայնման անհրաժեշտություն, Կոնցեսիոների կողմից ծախսերի տեսանկյունից օպտիմալ տարբերակը համարվել է հենց այդ ուղղությամբ զարգանալը: Ըստ որում` նոր սրահների կառուցումը կարժենա 20-30 մլն. ԱՄՆ դոլար, իսկ հին (կլոր) համալիրի քանդումը` 1մլն. 800 հազար ԱՄՆ դոլար;
2. «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրը հնարավոր չէ օգտագործել ավիացիայի կարիքների համար;
3. «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրը գտնվում է վթարային վիճակում, և պահանջվում է մոտ 12 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում այն հետագա շահագործման համար պիտանի դարձնելու համար:
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնը ներկայացրել է «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի հետազոտության արդյունքները` նշելով, որ այն կարող է դիմանալ մինչև 8 բալ երկրաշարժի (ըստ MSK սանդղակի):
Ս.թ. նոյեմբերի 5-ին ՀՀ ԿԱ ՔԱԳՎ-ի կողմից ստացված փաստաթղթերում որևէ նոր տեղեկություններ չեն ավելացել ՀԽ փոքր խորհրդի համատեղ նիստի ժամանակ իրենց կողմից բերված փաստարկների համեմատ:
Նկատի ունենալով բոլոր քննարկումները, մասնագետների ու շահագրգիռ կողմերի կարծիքները` ՀՀ Հանրային խորհուրդը արձանագրում է հետևյալը`
1. Հանրային խորհուրդը չի ստացել հիմնավոր հաշվարկներ պարունակող որևէ փաստաթուղթ, որը կապացուցեր «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի քանդման խիստ անհրաժեշտությունը: Չկան նաև այլընտրանքային ծրագրեր, որոնք հնարավորություն կտային համեմատել հաշվարկները: Բացակայում են դեպի «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի ուղղության հետ մեկտեղ այլընտրանքային ուղղություններով նոր կամ ընդլայնվող սրահների կառուցման հետ կապված ֆինանսական հաշվարկներ;
2. Բացակայում են «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի պահպանման և հետագա շահագործման վերաբերյալ ճշգրիտ հաշվարկները;
3. Հասարակության լայն շերտերի համար «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրը ընկալվում է որպես Երևանի խորհրդանիշ, այն գնահատվում է որպես պատմամշակութային արժեք, որը պետք է ներառվի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և պահպանվի:
Հաշվի առնելով վերը նշվածը` ՀՀ Հանրային խորհուրդը որոշեց դիմել ՀՀ կառավարությանը`
1. Չհամաձայնել Կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրը քանդելու առաջարկությանը:
2. Պահանջել Կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, ինչպես նաև զարգացման այլընտրանքային ծրագրերի տարբերակներ համեմատության և վերջնական որոշում կայացնելու համար:
3. Կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրել «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի պահպանման և հետագա շահագործման հնարավորություններն ու պահանջվող ծախսերը:
4. Հանձնարարել համապատասխան կառույցին քննարկելու «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ