Նորություններ

ՀՀ Արդարադատության նախարարին ուղղված կոչ-գրություն

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ուղղված պաշտոնական կոչ-գրություն, որին քիչ առաջ արձագանքել է ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը:

Գրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«ՀՀ արդարադատության նախարար պարոն Ռուստամ Բադասյանին

Անչափ ուրախ եմ, որ 2008թ․ մարտի 1-ի գործով քաղաքական հետապնդման ենթարկվողները անհատական ջանքերով, ծախսերով ու միջոցներով դատական եղանակով արդարացվում են․ Գագիկ Ջահանգիրյան, Սմբատ Այվազյան, Մուշեղ Սաղաթելյան, Մասիս Այվազյան և այլոք։ Շնորհավորում եմ. հասկանում եմ, թե ինչ թեթևություն են զգում արդարացման որոշումից։ Սակայն այսօր երկու հարգարժան ընկերոջ նամակներ եմ ստացել՝ հարցով. «Իսկ մեզ հետ ի՞նչ է լինելու, իսկ մեր մասին ո՞վ է մտածելու»։ Նրանցից մեկը մեզ բոլորիս ծանոթ, նախկին ռեժիմի վայրագություններից հետո Ստրասբուրգում փախստականի կարգավիճակ ստացած ու հիմնավորված Գևորգ Մանուկյանն է: Նրա հանդեպ Հայաստանի բանտերից մեկում գործադրվեց ֆիզիկական բռնություն, նա կորցրեց իր մեկ աչքի տեսողությունը, փաստաբանների հարցում ևս «բախտը չբերեց», գործը ժամանակին չուղարկվեց ՄԻԵԴ, ապա մյուս փաստաբանն էլ, նույն գործով շահերի բախում թույլ տալով, սկսեց պաշտպանել Սեյրան Օհանյանին։ Ու Գևորգը հեռավորությունից՝ այդ կարգավիճակով և խնդիրներով , որքան էլ ուզում է, որ իր պարագայում էլ հաղթի արդարությունը, խնդիրները շատ են։

Մյուս ընկերը՝ Արման Մարգարյանը, գրել է, որ ինքը նույնպես անարդար դատապարտվել է Մարտի 1-ի գործով, ու որքան էլ ակնհայտ անարդար դատավճռով՝ իր դատվածությունը մարված է, իրեն հիմա ԱԻՆ-ում չեն աշխատանքի չեն ընդունում, որովհետև նայում են՝ որպես հանցագործի:

Հարգելի պարոն Բադասյան, սա խմբային արդարադատության հարց է։ Հարյուրավոր մարդկանց նկատմամբ քրեական գործեր են «կարվել» ու դատավճիռներ են արձակվել պետության անունից ու կողմից։ Այժմ, երբ հեղափոխությունից հետո արդարության վերականգնման հնարավորություն է ստեղծվել և այդպիսի եզակի դեպքեր կան, տեղեկացնում եմ, որ բազում մարդիկ էլ նյութական, ֆիզիկական, իրավական ու այլ պատճառներով չեն կարող իրենց գործերով հասնել արդարության։ Մենք բոլորս պարտավոր ենք նրանց համար ապահովել արդարության վերականգնման մեխանիզմներ՝ այդ կերպ նաև պետության անունից զղջալով ու կատարելով մեր պարտքը հալածված ու արդարության սպասող քաղհալածյալների հանդեպ։ Առաջարկում եմ արագ գտնել անցումային արդարադատության որևէ մեխանիզմ այս խմբի մարդկանց իրավունքների և արդարության վերականգնման համար։

Խնդրում եմ սա համարել պաշտոնական կոչ-գրություն։

Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ»

Քիչ առաջ նույն հարթակում ՀՀ Հանրային խորհրդի նախագահի գրությանն արձագանքել է ՀՀ Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լ. Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված է անցումային արդարադատության գործիք հանդիսացող փաստահավաք հանձնաժողովի ստեղծում:

«Հանձնաժողովն օժտված է լինելու 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերը և դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու և դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ: Հանձնաժողովի գործունեությունն ուղղված է լինելու խախտումների կատարմանը նպաստած կամ դրանց կատարման պատճառ հանդիսացած ինստիտուցիոնալ մեխանիզմների, համակարգային կապերի շրջանակի բացահայտմանը և ինստիտուցիոնալ բարեփոխումների և այլ առաջարկությունների ներկայացմանը` ուղղված հնարավոր խախտումների կրկնությունը բացառելուն, դրանց արդյունքում տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը, անձանց խախտված իրավունքների վերականգմանը և փոխհատուցման եղանակների ու միջոցների սահմանմանը: Ընդ որում` Փաստահավաք հանձնաժողովի մանդատի ներքո ներառվելու են հետընտրական գործընթացներից հետո տեղի ունեցած քաղաքական հետապնդումների դեպքերի բացահայտումը:

Նշեմ նաև, որ Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքներից մեկն է լինելու նաև խախտումներից տուժած անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցների կիրառման և ինատիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններով հանդես գալը: Ի դեպ, Արդարադատության նախարարությունում վերջնական մշակման փուլում է գտնվում փաստահավաք հանձնաժողովին վերաբերող իրավական ակտի նախագիծը, որն առաջիկա օրերին կներկայացնենք հանրային քննարկման: Տեղյակ եք նաև, որ Կառավարության որոշմամբ սահմանվել են 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը: Եթե նշված անձինք այս որոշման շահառու են համարվում, կարող են պահանջվող փաստաթղթերը ներկայացնել Արդարադատության նախարարություն՝ փոխհատուցում ստանալու համար»,- գրել է Լ. Մարտիրոսյանը:

Related Articles

Back to top button
Close