ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովն ամփոփեց տարեկան գործունեությունը
Հոկտեմբերի 23-ին ՀՀ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի տարեկան գործունեության ամփոփումն սկսվեց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ելույթով: Հանձնաժողովի նիստին ներկա շուրջ ութ տասնյակ անդամներին ՀԽ նախագահը ներկայացրեց Հանրային խորհրդի ընդհանուր գործունեությունն ու հետագա ճակատագիրը` տեղեկացնելով, որ այս տարվա դեկտեմբերի 2-ին ավարտվում է կառույցի գործունեության ժամկետը և որ Հանրային խորհրդի մասին մշակվում է օրինագիծ:
Մանուկյանը կարծում է, որ նրանք, ովքեր ներգրավվեցին Հանրային խորհրդի գործունեության մեջ, իրենց վրա մեծ պատասխանատվություն, միաժամանակ հարվածներ վերցրեցին. «Մեղադրանքներից մեկն այն էր, որ Հանրային խորհուրդը մի մարմին է, որը պետք է դառնա իշխանության կցորդը, կամակատարը, մի մարմին, որի միջոցով իշխանությունը խաբելու է ընդդիմությանը և այլն: Բայց կյանքը ցույց տվեց, որ դա այդպես չէ, և որ Հանրային խորհուրդն ինքնուրույն մարմին է, որովհետև բազմաթիվ հարցեր ու տեսակետներ, որ բարձրացնում է, հակասում են կառավարության, նախագահի կամ Ազգային ժողովի տեսակետին»,-ասաց նա:
Ի՞նչ խնդիրներ փորձեց լուծել Հանրային խորհուրդը: Ըստ Մանուկյանի, հասարակությունը երբեմն բարձրացնում է հարցեր, որոնք անհնարին է միանգամից լուծել: Սակայն կան հարցեր, որ եթե ճիշտ ձևակերպվեն և տրվեն նաև լուծումները, ապա իշխանությունները չեն կարող չընդունել: Օրինակ, արարատյան դաշտավայրերի ջրային ռեսուրսների նվազման խնդիրը, որը Հանրային խորհուրդը հետևողականորեն բարձրացրեց, և իշխանությունները համապատասխան որոշում ընդունեցին:
Կան նաև հարցեր, որ առաջինը բարձրացրել է Հանրային խորհուրդը, սակայն դրանք լուծում չէին ստանա, եթե չլիներ հասարակական պայքարի գործոնը. «Այո, կան հարցեր, որ Հանրային խորհուրդը պետք է բարձրացնի մասնագիտական ձևով, բայց հասարակությունը միաժամանակ պետք է պայքարի դրանց լուծման համար»,-ասաց Մանուկյանը:
Այնուամենայնիվ, Վազգեն Մանուկյանը հույս հայտնեց, որ նոր ձևավորվող Հանրային խորհուրդը կգործի հանրային ավելի բարենպաստ դաշտում, իշխանություններն ավելի իմաստուն որոշումներ կընդունեն, իսկ այն լիազորությունները, որ խորհուրդը կստանա նոր օրենքով, ավելի հեշտ ու արդյունավետ կդարձնեն կառույցի գործունեությունը:
Մանուկյանի ելույթին հետևեցին հանձնաժողովի անդամների հարցերը, որոնք վերաբերում էին Հայաստանի տնտեսական, սոցիալական, հասարակական խնդիրներին: Հանձնաժողովի անդամները կարևորեցին խորհրդի լիազորություններն ավելացնելու և դրանք օրենսդրորեն կարգավորելու հարցը, որպեսզի հանձնաժողովներում քննարկվող հարցերն ու որոշումները չմնան անարձագանք:
Այնուհետև ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը ներկայացրեց հանձնաժողովի տարեկան հաշվետվու զեկույցը` անդրադառնալով այն ոլորտներին, որոնք այս տարվա ընթացքում եղել են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում. օրինակ` գազի, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը, Երևանի կառուցապատմանն առնչվող բազմաթիվ հարցեր, քաղաքացիական ավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը, փոքր և միջին ձեռնարկություններին հարկային արտոնյալ պայմանների սահմանման առաջարկությունները, Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցման տնտեսական նպատակահարմարությունը և դրա ազդեցությունը Հայաստանի էկոնոմիկայի զարգացման վրա, «Նաիրիտ» ՓԲԸ վերագործարկման խնդիրները, Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցմանն առնչվող, կառավարության 2-րդ շենքի օտարման, ՀՀ հանքահումքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, թեթև արդյունաբերության զարգացման համար հարկային արտոնությունների սահմանման անհրաժեշտության, կաշվի, բրդի մթերման, վերամշակման և հայրենական բրենդային ապրանքանիշերի վերականգնման, Երևանի ավտոտրանսպորտի սակագնի բարձրացման, «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի հետագա օգտագործման և տնօրինման և այլ հարցեր:
Ի դեպ, Մանուկյանը նկատեց, որ Հանրային խորհրդի 12 հանձնաժողովներից ամենաակտիվն այս տարիներին եղել է ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովը: