ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովում քննարկել են Հայաստանի քաղավիացիայի խնդիրները
Ապրիլի 3-ին ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ էին հանդիպել Հայկական ազգային ավիափոխադրող "Արմավիա" ընկերության օդաչուներ՝ ներկայացնելով իրենց մտահոգությունը "Արմավիա"-ի ներկա իրավիճակի վերաբերյալ և քննարկելով դրա հետևանքները օդաչուների հետագա գործունեության վրա:
ՀԽ նախագահն առաջարկել էր "Արմավիա" ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի, հայ օդաչուների խնդիրների և ընդհանրապես Հայաստանի քաղավիացիայի ապագայի վերաբերյալ կազմակերպել քննարկում՝ շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկումը տեղի կունենա ապրիլի 11-ին, որի վերաբերյալ լրացուցիչ կտրվի տեղեկատվություն:
Այսօր` ապրիլի 4-ին, Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովում քննարկման նախապատրաստական նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում կրկին բարձրացվել են "Արմավիա" ընկերության ներկա իրավիճակին, Հայաստանի քաղավիացիայի խնդիրներին և հետագա ճակատագրին առնչվող հարցեր:
Քննարկվել են "Արմավիայի" սնանկացման պատճառներն ու հետևանքները, հնչել են Հայաստանի քաղավիացիայի զարգացման վերաբերյալ մի շարք առաջարկներ:
Ենթաhանձնաժողովի նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ադբաշյանն անդրադարձել է քաղավիացիայի ոլորտի օրենսդրությանը՝ մատնանշելով օրենքում առկա բացերը:
Նա անհրաժեշտ է համարել Հայաստանի Հանրապետության օդային օրենսգրքի ընդունումը, երկրի քաղավիացիան փրկելու ազգային ծրագրի մշակումն, ինչպես նաև այդ ծրագրի իրականցման վրա հասարակական վերահսկողության սահմանումը:
Ադբաշյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ այսօր ազգային ավիափոխադրողի շուրջ ստեղծված իրավիճակի համար որևէ կառույց պատասխանատվություն չի կրում: Այդ փաստը նույնպես նա համարել է օրենսդրության թերի լինելու հետևանք:
Ենթահանձնաժողովի անդամները հստակեցրել են այն հարցերն ու առաջարկները, որոնք պետք է ներկայացվեն ապրիլի 11-ին կայանալիք քննարկման ընթացքում: