ՀԽ փոքր խորհրդի նիստում քննարկվեցին ՀՀ նախագահական ընտրություններն և հետընտրական զարգացումները
Մարտի 6-ին տեղի ունեցավ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարում էր խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հանրային խորհրդի անդամ, պատմաբան Բաբկեն Հարությունյանի հիշատակը:
Նիստի օրակարգային հարցերի հետ մեկտեղ քննարկվեցին նախագահական վերջին ընտրություններն ու հետընտրական զարգացումները, որոնց վերաբերյալ որոշվեց պատրաստել եզրակացություն և քննարկել այն Հանրային խորհրդի առաջիկա լիագումար նիստի ընթացքում:
Քննարկվեց նաև Թուրքիայի կողմից ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակների զգալի մասը Թուրքիա տեղափոխելու գործընթացը՝ մասնավորապես առաջիկայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Երոպական տարածաշրջանային գրասենյակի՝ Բրատիսլավայից Ստամբուլ հնարավոր տեղափոխման հարցը, ինչը խիստ մտահոգիչ է Հանրային խորհրդի համար: Քննարկվեցին այդ գործընթացին հակազդելու քայլերը:
ՀԽ անդամներին հանձնարարվեց մշակել այն հարցերի շրջանակը, որը պետք է ներառվի առաջիկա լիագումար նիստի օրակարգում:
ՀԽ փոքր խորհրդի նիստի ընթացքում քննարկված՝ Սյունիքի արոտավայրերի խնդիրը նույնպես կներառվի լիագումար նիստի օրակարգում:
Տեղեկացվեց նաև, որ "Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության" դրույթների և ռազմավարության գործողությունների իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկվել է նաև Հանրային խորհրդի անդամ, ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: