ՀինՆորություններ

ՀԽ պատվիրակությունը Կորեայի Հանրապետությունում մասնակցել է միջազգային գիտաժողովի

Նոյեմբերի 20-21-ը ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակությունը ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ (պատվիրակության կազմում՝ ՀԽ անդամներ Հովիկ Մուսայելյան և Արմեն Տեր-Տաճատյան) Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում մասնակցել է «Տնտեսական և սոցիալական խորհուրդների ու սոցիալական երկխոսության համանման կառույցների դերը բոլորի համար հավասար սոցիալական առաջխաղացման ապահովման գործում» թեմայով միջազգային գիտաժողովին:

Զեկույցով հանդես է եկել Հովիկ Մուսայելյանը՝ գիտաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրելով Հայաստանում սոցիալական պաշտպանության հայեցակարգի որոշ դրույթների վրա:

Նա նշել է, որ հետխորհրդային երկրներում տեղի է ունեցել 3 տիպի հեղափոխություն՝ պայքար անկախության և դրա ձեռքբերման համար, տոտալիտար կառավարման համակարգից ժողովրդավարական կառավարման համակարգի անցում, նախադեպը չունեցող ունեցվածքային հեղափոխություն, երբ պետական սեփականության վրա հիմնված պլանային տնտեսությունից կարճ ժամանակում անցում պետք է կատարվեր դեպի մասնավոր սեփականության վրա հիմնված շուկայական տնտեսություն:

Մուսայելյանի խոսքով՝ այդ ամենի արդյունքում կառավարության և սոցիալական կառույցների միջև գոյություն ունեցող բոլոր տեսակի կապերը խաթարվել են, Արհմիությունները դադարել են աշխատել, սոցիալական խմբերի միջև առաջացել է դատարկ տարածություն, և երկխոսությունը վերացել է ինչպես այդ խմբերի, այնպես էլ քաղաքացիական հասարակության և պետական կառույցների միջև:

Անդրադառնալով ՀՀ Հանրային խորհրդի գործունեությանը՝ Հովիկ Մուսայելյանն ընդգծել է, որ այն կազմավորվել է Հայաստանում քաղաքացիական հասարակության և պետական կառույցների միջև երկխոսության ստեղծման համար խիստ կարևոր ժամանակահատվածում՝ նպատակ ունենալով հասարակությանը հնարավորություն տալ ազդելու իշխանությունների կողմից վարվող քաղաքականության վրա, իսկ իշխանություններին՝ իրենց գործողություններում առաջնորդվելու հանրային պահանջմունքներով:

ՀԽ պատվիրակության անդամը ներկայացրել է խորհրդի հիմնական նպատակներն ու վերջին տարիներին իրականացրած գործունեությունը:

Հովիկ Մուսայելյանն անդրադարձել է նաև քաղաքացիական վերջին ամենաակտիվ շարժմանը՝ «Դեմ եմ»-ին և նրա ունեցած հաջողությանը՝ ներկայացնելով ՀԽ դիրքորոշումն ու կայացրած որոշումը կենսաթոշակային բարեփոխումների և դրա խնդրահարույց կողմերի վերաբերյալ:

«ՀՀ Հանրային խորհուրդն ակտիվորեն մասնակցում է տարբեր սոցիալական խմբերի հետ երկխոսությանը՝ հասարակությանը հուզող հարցերը մշտապես ներկայացնելով ՀՀ Նախագահին, ՀՀ կառավարությանը և պետական այլ կառույցների»,-ասել է նա ՝ նշելով, որ Հանրային խորհուրդը իշխանության և հասարակության միջև երկխոսության ապահովման լավագույն օրինակ է:
 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close