Նորություններ

ՀԽ նախագահի շնորհավորական ուղերձն Անկախության տոնի առիթով

Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

29 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդն իր վճռորոշ «Այո»-ով համաձայնության կնիքը դրեց  1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած՝ Հայաստանի անկախության հռչակագրի վրա, որով սահմանվում էր. «Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա»: Սրանով ՀՀ քաղաքացին պատասխանատվություն ստանձնեց դրսևորել ինքնուրույնություն որոշումների կայացման, խնդիրների հաղթահարման և  հանրապետության առաջընթացի հարցում համընդհանուր նոր նպատակների սահմանման համար:

Անցնող երեք տասնամյակները ստանձնած պարտավորությունների իրական գիտակցման շրջան էին, որի ընթացքում միշտ չէ, որ ժողովուրդն իր ազատ կամարտահայտման իրավունքն իրացրել է դրան նպաստող անկանխակալ միջավայրում: Պետք է կարևորել, սակայն, փորձառության և ժողովրդի համար դեռևս խիստ նոր իրողության լիարժեք ընկալման այս փուլը՝ որպես ժողովրդավարության կայացման այսօրվա մեր ձեռքբերումների ամուր հենարան:

Շնորհավորում եմ ՀՀ Անկախության 29-րդ տարեդարձի առիթով: Մաղթում եմ բոլորիս, որ պատմական ցանկացած ժամանակաշրջանում թվացյալ հարմարավետության տարածքից դուրս գալու հանրային մղումները միայն ու բացառապես դրական տեղաշարժերի ու հաղթանակների մեկնարկն ազդարարեն:

ՀՀ Հանրային խորհրդի անունից`

Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close