Նորություններ

ՀԽ նախագահի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առիթով

Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացի,

Հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետությունը տոնում է ՀՀ Սահմանադրության օրը, ինչի առիթով շնորհավորում ենք բոլորիս: Մարդու հիմնարար իրավունքներն ու ազատություններն ամրագրող և հասարակական-քաղաքական հարաբերություններում հանրային պայմանավորվածությունները արձանագրող այս փաստաթղթով են սահմանվում պետության ինքնիշխանությունը, ժողովրդավարությունն ու իրավահավասարությունը: Ցանկալի այն իրականությունը, որում կենսագործունեություն ծավալելու իր նպատակադրումը հանրությունն ամրագրել է 1995թ. կայացած հանրաքվեով, իրողություն դարձավ առավելապես այն պահին, երբ 2018թ. ՀՀ հարյուրհազարավոր քաղաքացիներ գիտակցաբար դրսևորեցին ազատ կամարտահայտում՝ իրացնելով իրենց իրավունքներն ու ստանձնելով պատասխանատվություն փոփոխությունների գնալու բարդ գործընթացներում:

Այսօր արդեն հաստատապես կարելի է փաստել, որ հեղափոխական գործընթացներն ու հետհեղափոխական Հայաստանում կայացած ազատ ընտրությունները հիմնաքարեր էին՝ օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունները սահմանադրականության տիրույթ վերադարձնելու համար: Այս երկու իրողություններին անկասկած պետք է հաջորդեին իրավական և քաղաքական գործընթացներ, որոնք արդեն կսահմանեին հեռանկարային լուծումներ՝ բացառելու ապագայում հնարավոր խոչընդոտները՝ ժողովրդի իշխանության իրականացման ճանապարհին: Այս փուլում պատասխանատվության իր բաժինն է ստանձնել նաև ՀՀ Հանրային խորհուրդը՝ նպաստելու պետական մարմինների կազմակերպման ու գործունեության սկզբունքների, քաղաքացիների հիմնարար իրավունքների ու պարտականությունների դաշտում հանրայնորեն ընդունելի նոր որակի իրավահարաբերություններ սահմանող փաստաթղթի մշակմանը: Մենք ունենք համոզմունք, որ համատեղ ջանքերով հաջողելու ենք այս և մյուս բոլոր գործընթացներում, որոնք կստեղծեն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն ունենալու իրական երաշխիքներ:

ՀՀ Հանրային խորհրդի անունից

Ստյոպա Սաֆարյան

ՀՀ ՀԽ նախագահ

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close