Նորություններ

ՀԽ նախագահը մասնակցել է Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կազմակերպած համաժողովին

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն ապրիլի 28-ին մասնակցեց Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի՝ ՏՍԽՀԻՄԱ (AICESIS) «Ասիա, Եվրասիա և Մերձավոր Արևելք» խորագրով առցանց տարածաշրջանային համաժողովին, որի օրակարգում էին նաև կազմակերպության նախագահության ընտրությունը և 2021-2023թթ․ կազմակերպության գործունեության ուղղությունները։

Հանրային խորհրդի նախագահը Չինաստանի, Ռուսաստանի, Պաղեստինի, Հորդանանի և Վիետնամի համանման կառույցների ղեկավարների հետ միասին հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ներկայացնելով Հայաստանի հանրային նշանակության խնդիրները ոչ միայն գլոբալ համավարակի մարտահրավերներով պայմանավորված, այլ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ու հետպատերազմյա իրողությունների համատեքստում։ ՀԽ նախագահը կարևորեց այս մարտահրավերների հաղթահարման գործում գործընկեր կառույցների միջև սերտ փոխգործակցությունը և համագործակցության հուշագրերի արդիականացումն այդ նոր իրողությունների ու մարտահրավերի հաշվառումով, որպեսզի նմանատիպ կառույցներն առավելագույնս կատարեն հանրության և կառավարության միջև հաղորդակցության ու երկխոսության խողովակի դերը, իսկ հանրային քաղաքականություններն ու ծառայություններն էլ լավագույնս հասնեն իրենց հասցեատերերին և շահառուներին։ Սաֆարյանը ներկայացրեց, որ այդպիսի գործընթացներ արդեն իսկ մեկնարկել են ՀՀ Հանրային խորհրդի և Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի, ինչպես նաև Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի միջև։

ՏՍԽՀԻՄԱ նախագահության համար առաջադրվել էր Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի նախագահ Լիդիա Միխեևայի թեկնածությունը, ով ներկայացրեց Ռուսաստանի նախագահության անելիքները 2021-2023թթ․։ Համաժողովի մասնակիցները միաձայն հավանության արժանացրեցին ՌԴ նախագահության թեկնածությունն ու առաջադրված ծրագիրը։ Ըստ այդ ծրագրի՝ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիան առաջիկա տարիներին ուշադրություն կդարձնի անդամ երկրներում թվային անհավասարության, թվային ինքնիշխանության, համավարակի ու թվայնացման, առցանց կրթության, թվային տեխնոլոգիական ինտեգրման էթիկայի, կիբերհանցագործությունների և համացանցային ծայրահեղականության, ժողովրդավարական և հանրային հաստատությունների, քաղաքացիական հասարակության խնդիրներին։

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close