ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովը կողմ է Դիլիջանի կոմպոզիտորների տունը Էդվարդ Միրզոյանի անվամբ անվանակոչելուն
Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի հունվարի 24-ի նիստի օրակարգում ընդգրկված 3 հարցերն էլ ընդունվեցին առանց վիճահարույց քննարկումների:
Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունն անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անվամբ անվանակոչելուն վերաբերող հարցն ընդունվեց միաձայն: Կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը նշեց, որ հարցը բացատրության կարիք չունի, քանի որ բոլորն են ճանաչում ու գնահատում Միրզոյանի ներդրումը մեր արվեստում:
Վարդազարյանը տեղեկացրեց, որ ժամանակին Միրզոյանն է Անտոն Քոչինյանին համոզել, որ հենց այդտեղ կառուցվի կոմպոզիտորների տունը: "Յուրաքանչյուր քար, յուրաքանչյուր թուփ այնտեղ զգում է նրա ձեռքի շփումը,-ասաց Վարդազարյանը,-սա կլինի ամենամեծ վերաբերմունքը և ամենաճիշտ մոտեցումը":
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր Երևանի թիվ 44 դպրոցը ՀՀ ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի անվամբ անվանակոչելուն:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը ներկաներին տեղեկացրեց, որ իրենց միության վարչության անդամները կողմ չեն եղել այդ հարցին` հիմնավորմամբ, որ շատ այլ անվանի նկարիչներ կան, որոնց անունով կարելի է դպրոցներ անվանակոչել:
Մարտին Վարդազարյանը նկատեց. «Գուցե սա լավ շարժառիթ լինի, որպեսզի հայ մեծ նկարիչների անուններով դպրոցների անվանակոչումները շարունակական լինեն»:
ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին:
Օրակարգի վերջին հարցը վերաբերում էր Հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի թանգարան հիմնելուն: Այս հարցին նույնպես ենթահանձնաժողովի անդամենրը կողմ քվեարկեցին: