ՀԽ «ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի» նախագծի վերաբերյալ արդարադատության նախարարության դիրքորոշման կապակցությամբ
Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի կոլեգիայի կարծիք-դիրքորոշումը ՀԽ՝ «ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի» նախագծի վերաբերյալ արդարադատության նախարարության դիրքորոշման կապակցությամբ
Խնդրի համառոտ նախապատմությունը
2012թ. նոյեմբերի 3-ին Հանրային խորհուրդը ՀՀ Նախագահին է ներկայացրել ՀԽ Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ 2011-2012թթ. ընթացքում մշակված՝ «ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի» նախագիծը՝ կառավարության քննարկմանն ու հաստատմանը առաջարկելու խնդրանքով:
Թեև Նախագիծն անցել է փորձագիտական և հանրային քննարկումների մի շարք փուլեր, դրական կարծիքների ու արձագանքների արժանացել տեղական ու միջազգային կազմակերպությունների, բազմաթիվ փորձագետների կողմից, առարկությունների ու էական դիտողությունների չի հանդիպել նաև ՀՀ նախարարությունների և կառավարությանն առընթեր գերատեսչությունների կողմից, այնուհանդերձ, ՀՀ արդարադատության նախարարությունը նպատակահարմար չի համարել այն դրական կարծիքով կառավարության քննարկանը ներկայացնել՝ մասնավորապես պատճառաբանելով, որ ՀԽ Նախագիծը «վերջնական լրամշակման և խմբագրման արդյունքում զգալի մասով կկրկնի» ԱՆ կողմից 2013թ. մայիսին (մոտ մեկ տարի անց) շրջանառության մեջ դրված, ըստ էության՝ անփույթ կազմված, հարցերի նեղ շրջանակ ընդգրկող և բազմաթիվ նոր հարցեր առաջացնող «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգի» նախագծի դրույթները:
Քննարկելով ստեղծված իրավիճակը և արդարադատության նախարարության մեկնաբանությունները՝ ՔՀԿՀ հանձնաժողովի կոլեգիան.
Ա) Իր տարակուսանքն ու անհամաձայնությունն է հայտնում Հանրային խորհրդի կողմից ներկայացված «ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի» նախագիծի վերաբերյալ ԱՆ-ի, ըստ էության, մերժողական դիրքրորոշման կապակցությամբ:
Բ) Անարդյունավետ է համարում քաղաքացիական հասարակության հաստատությունների ոլորտում ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող հատվածային, հաճախ էլ՝ սոսկ իրավիճակային քաղաքականությունը: Անհեռանկարային է համարում հանրային կարևորություն ունեցող հարցերի կապակցությամբ արդարադատության նախարարության երբեմն ինքաբավ գործելաոճը, առանց քաղաքացիական հասարակության շահագրգիռ ներկայացուցիչների և ոլորտի փորձագետների լայն շրջանակների հետ համակողմանի վերլուծությունների ընդունված որոշմամբ՝ քաղաքացիական հասարակությանը կատարված փաստի առաջ կանգնեցնելու գործելակերպը: Այդպիսի աշխատելաոճն իր անարդյունավետությունը դրսևորել է անցյալում, չի կարող արդյունավետ լինել նաև հետայսու:
Դ) Կոչ է անում ՀՀ կառավարության և արդարադատության նախարարության պատասխանատուներին՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, նրանց շահերն արտահայտող կառույցների նախաձեռնություններին ու առաջարկություններին վերաբերվել պատշաճ լրջությամբ, որոշումներ ընդունելիս առաջնորդվել նրանց հետ համակողմանի և ըստ էության քննարկումների անհրաժեշտության սկզբունքով:
Երևան, 16-ը նոյեմբերի, 2013թ.