Նորություններ

ՀԽ հանձնաժողովները մշակում են խորհրդատվական 2 փաթեթներ՝ արձագանքելու տնտեսական դաշտի փոփոխություններին

Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և ամբողջ աշխարհում, բազմաթիվ ոլորտներում գրանցվող տեղաշարժերը ՀՀ Հանրային խորհրդի համար սահմանեցին նոր պահանջ. արագ արձագանքել փոփոխություններին՝ սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում տալով խորհրդատվություն և նպաստելով տարբեր հանրային օղակների միջև երկխոսությանը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Համբարձումյանը, ՀԽ անդամ Գաբրիել Ջեմբերջյանը Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հետ համատեղ քննարկել են ՀՀ կառավարությանը և վարչապետին առաջարկվելիք մի քանի ծրագրեր, որոնք վերաբերում են Նոր կորոնավիրուսի համավարակի ու արտակարգ դրության պայմաններում գյուղատնտեսությանը և տնտեսության մի շարք այլ ուղղություններին (ծաղկեգործությամբ զբաղվող ջերմոցային տնտեսություններ, հացահատիկային բույսերի մշակում և իրացում, կաշվի հավաքում և վերամշակում և այլն):

Առաջացած խնդիրների մասին արդեն իսկ Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վ․Համբարձումյանին են դիմել մի շարք տնտեսվարողներ, բայց և այնպես առկա դրության վերաբերյալ համակողմանի տեղեկատվություն և փաստական եզրակացություն ունենալու համար Վ.Համբարձումյանն ու Ս. Սաֆարյանն առաջիկայում կայցելեն ջերմոցային տնտեսություններ՝ տեղում խնդիրներին ծանոթանալու նպատակով: Ստացված խորհրդատվական փաստաթուղթն ավարտուն տեսքի բերելուց և ՀՀ կառավարությանը ներկայացնելուց առաջ, այն քննարկման կդրվի համապատասխան հանձնաժողովի առցանց նիստում, որին մասնակցելու համար կհրավիրվի նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

Համավարակի պայմաններում տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման վերաբերյալ առաջարկությունների մեկ այլ փաթեթ է ներկայացրել նաև ՀԽ Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը: Ներկայացված փաստաթղթի հիմքում փորձագիտական կարծիքներն են, ինչպես նաև գործնական դաշտի մասնագիտական ուսումնասիրություներն ու դիտարկումները: Ինչպես մյուս դեպքերում, այս փաստաթուղթը նույնպես, համաձայն «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի, ավարտուն տեսքով կներկայացվի Հանրային խորհրդի ամբողջական կազմին, կհաստավի նիստում, որից հետո այն կներկայացվի ՀՀ վարչապետին և կառավարությանը:

Related Articles

Back to top button
Close