Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովՀանձնաժողովներՁեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողով

ՀԽ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ 1-2020

2020Թ․ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՄՈՐԹԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԾԱԳԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՐԹԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱԽՆԴԻՐ ԵՎ ՀԱՄԱՏԵՔՍՏ

ՀՀ Կառավարության 2017թ․ մարտի 9-ի նիստի N10 արձանագրային որոշմամբ (https://www.e-gov.am/protocols/item/723/) հավանություն տրվեց պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտներին և ժամանակացույցին։ Արձանագրային որոշման հավելվածում նշված ժամանակացույցով՝ 2017թ․ մայիսի 1-ից մինչև 2018թ. հուլիսի 1-ը նախատեսվում էր Հանրապետության բոլոր մարզերում ավարտին հասցնել մսամթերքի արտադրության ու արտահանման բոլոր ոլորտներում պարտադիր սպանդանոցային մորթի ներդրումը։ Հետագայում ՀՀ կառավարությունը  հետաձգեց գործընթացը մինչև 2020թ. հունվարի 15-ը։  

2020թ․ հունվարի 16-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի  և սպանդանոցների ներկայացուցիչների միջև ստորագրվեց հուշագիր, որի շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների սպանդ իրականացնող տնտեսավարող սուբյեկտները պարտավորվեցին՝ 1) կենդանիների տերերից կենդանի կենդանիների տեղափոխումը սպանդանոց և սպանդի արդյունքում ստացված կենդանական ծագման մթերքի տեղափոխումը 3 գլուխ կենդանուց ոչ պակաս սպանդանոցից մինչև 30 կմ շառավղով հեռավորության վրա իրականացնել անվճար, 1 գլուխ կենդանու դեպքում՝ 3000 ՀՀ դրամով, 2) խոզերի սպանդն իրականացնել առավելագույնը 5000 ՀՀ դրամով, 3) մանր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը՝ 3500 ՀՀ դրամով, 4) խոշոր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը՝ 10000 ՀՀ դրամով: Որքան էլ ՍԱՏՄ հայտարարեց, թե տվյալ պահին հանրապետությունում արդեն իսկ գործում է 38 սպանդանոց, ակնհայտ է, որ սպանդանոցների մի մասը դեռևս չի գործում, կամ չի գործում ամբողջ կարողություններով (օրինակ խոզի սպանդ չեն իրականացնում), ինչպես նաև առկա են մի շարք չլուծված խնդիրներ։

2020թ․ հունվարի 20-ից՝ Երևանում, իսկ 21-ից՝ Հանրապետության այլ մարզերում բռնկվեցին անասնապահությամբ ու մսի իրացմամբ զբաղվողների բողոքի ցույցերը, ընդհուպ որոշակի ժամերի փակվեցին Հանրապետության մի շարք ավտոճանապարհներ (հունվարի 21-ին՝ Լոռու մարզում՝ Բագրատաշեն տանող ավտոճանապարհը, Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան ավտոճանապարհը, Արարատի և Արմավիրի մարզերում՝ Երևան-Արարատ, Երևան-Արմավիր ավտոճանապարհները, հունվարի 22-ին՝ Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիս-Երևան ավտոճանապարհը և այլն)։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին Ազգային ժողովում հայտարարեց գործընթացի ներդրումը մինչև հուլիսի 1-ը հետաձգելու մասին՝ տեղեկացնելով, որ Կառավարությունն իր փետրվարի 6-ի նիստում քննարկելու է սպանդանոցների կառուցման, անասունների տեղափոխման մեքենաների գնման համար արտոնյալ պայմաններ ստեղծելու և ներդրողներին օգնելու հարցեր։ Մասնավորապես, կառավարությունը պատրաստվում է ներդնել սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ, որոնք սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի, այդ թվում՝ տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար կստեղծեն լավագույն պայմաններ, ինչպես նաև Կառավարությունը մարզպետարանների և Սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ՝ փորձելով առավելագույնս հասցեական ֆինանսավորել այն նախագծերը, որոնք այդ սփռվածության և հասանելիության խնդիրը լուծում են։

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՒՅՔԱԳՐԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԻՔՆԵՐԸ

Խնդիրների գույքագրումն իրականացվել է Հանրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի, Հանրային խորհրդի գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Համբարձումյանի և Հանրային խորհրդի աշխատակիցների կողմից համայնքներ և սպանդանոցներ այցելությունների՝ գյուղացիական տնտեսությունների և սպանդանոցի սեփականատերերի հետ քննարկումների արդյունքում։ Մասնավորապես, Հանրային խորհրդի կողմից հունվարի 24-ին լսումներ են կազմակերպվել Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում՝ հարակից Տանձուտ և Փշատավան գյուղերի ներկայացուցիչների մասնակցությամբ (Արմավիրի մարզի միայն այս գյուղերից բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 100 մարդ)։ Հանրային խորհրդի գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են նաև հունվարի 20-22-ը Երևանում ու Հանրապետության մարզերում բողոքի ցույցերում հնչեցված խնդիրներն ու կարիքները։ Հանձնաժողովի նախագահ Վարդան Համբարձումյանի կողմից կազմվել է գույքագրված խնդիրների ու հավաքագրված և քննարկված առաջարկությունների տեղեկանք, որն էլեկտրոնային եղանակով ուղարկվել է հանձնաժողովի բոլոր՝ ներառյալ մարզային անդամներին, առաջարկությունների և դիտարկումների համար։ 

Հանրային խորհրդի ու նրա հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չնչին բացառություններով գյուղացիական տնտեսությունները (ֆերմերները) գաղափարապես ու սկզբունքորեն դեմ չեն պարտադիր սպանդանոցային մորթին, բայց դրա իրականացման գործընթացում բախվել են մի շարք խնդիրների, որոնք իրենցից պահանջել են նյութական, ժամանակային և ֆինանսական լրացուցիչ ծախսեր:

Դրանք են՝

  • Անասնաֆերմաներից սպանդանոցի հեռու լինելու հանգամանքը, ինչպես նաև՝ սպանդանոցների անբավարար քանակը,
  • Կենդանի կենդանիների՝ տրանսպորտային միջոցներ բարձումը և բեռնաթափումը, հատկապես, երբ նրանց կենդանի քաշը մի քանի հարյուր կիլոգրամ է (ընդհուպ 500-700 կգ), կամ երբ կենդանիներն ագրեսիվ են փակ տարածքներում պահելու կամ այլ պատճառներով,
  • Փոխադրման միջոցների տեխնիկական անբավարար վիճակը,
  • Տեղափոխման ընթացքում կենդանու քաշի կորուստը և վնասման ռիսկը,
  • Տեղափոխման լրացուցիչ վճարները՝ 30 կմ գերազանցող հեռավորության վրա փոխադրման դեպքում,
  • Ուղեկցման ծախսերը դեպի սպանդանոց,
  • Ժամանակի կորուստը սպանդանոցում (3 գլխի համար արձանագրվել է անգամ սպանդանոցային մորթի 7 ժամ)
  • Մի շարք սպանդանոցներում, օրինակ, խոզի մորթի բացակայությունը,
  • Ենթամթերքի և ներքին օրգանների (գլուխ, կաշի, ոտք, պոչ, սիրտ, լյարդ և այլն ) անվճար հանձնումը, այնինչ սպանդանոցներում մորթ կազմակերպելու իրազեկման ժամանակ նշվում էր, որ ենթամթերքը և ներքին օրգանները կարող են հանդիսանալ ծառայության ծախսերի վճարման միջոց կամ էլ ենթակա են պարտադիր վերադարձման (արձանագրվել են դրանք չվերադարձնելու և մորթի համար ողջ գումարը գանձելու դեպքեր):
  • Անասնապահությամբ զբաղվողների՝ ֆերմայից բացակայելու անհնարինությունը (դիտարկված որոշ տնտեսություններում դա ևս արձանագրվել է),
  • Տեխնիկական վնասվածքների դեպքում (վթարի ենթարկված կամ խեղդվող կենդանու) հարկադիր մորթը սպանդանոցում կազմակերպման անհնարինությունը,
  • Սպանդանոցում մորթի կազմակերպման ոչ թափանցիկ գործընթացը,
  • Անասնապահությամբ ու մսի իրացմամբ զբաղվողների միջնաժամկետ ու երկարաժամկետ բիզնես ծրագրերի համար ներդրվող համակարգի հարուցած ու նախկինում չնախատեսած հավելյալ նյութական, ֆինանսական կամ ժամանակային ծախսերը, ռիսկերը և/կամ անորոշությունները։

ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անկախ վերոնշյալ խնդիրների օբյեկտիվ կամ սուբյեկտիվ բնույթից՝ դրանց լուծման համար հավաքագրվել կամ քննարկվել են հետևյալ առաջարկությունները, որոնք, մեր կարծիքով, հավասարակշռում են հանրության անվտանգության գերակա շահը և անասնապահությամբ ու մսի իրացմամբ զբաղվողների շահերը․

  • Սպանդանոցներում մորթի կազմակերպումը խթանելու ու անգամ բակային մորթի ծավալները կրճատելու (որը 100 տոկոսով վերացնելն անհնար է, ինչպես միջազգային պրակտիկան է ցույց տալիս) նպատակով կարելի է դիտարկել սպանդանոցում մորթ կազմակերպող գյուղացիական տնտեսությունների (ֆերմերների) սուբսիդավորում՝ անասնագլխաքանակի (խոշոր, մանր, խոզ) կենդանի քաշի յուրաքանչյուր կգ-ի համար 70 դրամի չափով: Այս առումով հնարավոր է դիտարկել սպանդանոցներից ձևավորված հարկերից մասհանման գաղափարը:
  • Սահմանել ենթամթերքի և ներքին օրգանների ընդունման մինիմալ գներ: Ֆերմերների կողմից առաջարկվում է հետևյալ սանդղակը (առաջարկված գները էապես զիջում են դրանց շուկայական գներին)՝
    • Գլուխ-1կգ՝ 250 դրամ
    • Կաշի- 1կգ՝  70 դրամ
    • Ոտք- 4 հատ՝  3000 դրամ
    • Պոչ- 1 հատ՝ 1000 դրամ
    • Սիրտ և լյարդ- 1 կգ՝ 1500 դրամ։

           Կամ էլ ապահովվում է դրանք ֆերմերներին պարտադիր վերադարձնելու ընթացակարգ և սպանդանոցների պարտավորություն։

  • Անտոկոս վարկերի, սուբսիդիաների տրամադրման և այլ գործիքներով խրախուսել սպանդանոցների, այդ թվում՝ շարժական, հիմնման և ձեռքբերման, տեխնիկական հագեցման, ներառյալ՝ սանիտարահիգենիկ սարքավորումներով, կենդանի կենդանիների տեղափոխման միջոցների, վերջիններիս վնասելու ռիսկերի նվազեցման նպատակով դրանց տեխնիկական հագեցման և մորթի թափանցիկ գործընթացի (պատուհան, որտեղից ֆերմերը կարող է հետևել իր անասնագլխի մորթի և կշռման ընթացքին) կազմակերպման նպատակներով:
  • Սպանդանոցների հիմնման գործընթացում (առնվազն սկզբնական շրջանում) հաշվի առնել աշխարհագրությունը և իրարից հեռավորությունը՝ հիմք ընդունելով անասնագլխաքանակի խտությունը: Սպանդանոցների հզորությունների անբավարարության դեպքում պետական աջակցության քաղաքականությունը առաջնահերթ նպատակաուղղել հզորությունները չբավարարող բնակավայրերի/տարածքների արդիական պահանջները բավարարող սպանդանոցային ցանցի ընդալյանմանը:
  • Տեղափոխման հետ կապված խնդիրները (սպանդանոցների մեծ հեռավորություն, փոխադրման ժամանակ վնասում, բարդություններ և այլն) լուծելու համատեքստում դիտարկել համայնքներում կոոպերացիայի սկզբունքով սպանդանոցների հիմնումը խթանելու, ինչպես նաև՝ տեղափոխողի կողմից տեղափոխման ժամանակ առաջացած խնդիրների (վնասվածք) լիակատար պատասխանատվության մեխանիզմներ։
  • Բացահայտված խնդիրների ու կառավարության կողմից դրանց տրված լուծումների համալիր ու համապարփակ ներկայացում իրազեկման արշավների, հեռուստահաղորդումների ու հանրության հետ կապի այլ միջոցներով։

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՌԻՍԿԵՐ

  • Գյուղացիական տնտեսությունների (ֆերմերների) սուբսիդավորումը կհանգեցնի ոչ միայն սպանդանոցների պահանջված լինելուն, այլ հնարավորություն կտա ֆերմերներին շարունակելու զբաղվել անասնապահությամբ և ավելին՝ զարգացնել այն։
  • Սպանդանոցների պահանջված լինելը սպանդանոցային բիզնեսում կբարձրացնի ներդրողների հետաքրքրությունը, կգեներացնի նոր բիզնես նախագծեր, այդ թվում՝ համայնքներում տնտեսվարողների կոոպերացիաների ստեղծման տեսքով։
  • ՍԱՏՄ-ի ու սպանդանոցների մինչև կնքված փոխըմբռնման հուշագրի «ջենթլմենական» բնույթը, այն է՝ ստանձնած պարտավորությունների ոչ պարտադիր բնույթը, կարող է դառնալ վերջիններիս ու մսամթերթ մթերողների միջև հարաբերութունների լարվածության պատճառ։   
  • Մինչև 2020թ․ հուլիսի 1-ը տեխնիկական թվացող վերոնշյալ խնդիրները չլուծելը կամ դրանց մասնակի լուծումը պարարտ հող ու ռիսկեր կստեղծի գործընթացի ներդրումը հերթական անգամ վտանգելու ու բողոքի ցույցերի վերսկսման համար։   
  • Ի նկատի ունենալ, որ ներդրված համակարգն առավելագույն արդյունավետություն կարող է ունենալ և գործել առանց հավելյալ ռիսկերի, եթե նույնատիպ չափորոշիչները գործեն նաև Արցախի Հանրապետության տարածքում: Ըստ այդմ՝ Արցախի և Հայաստանի չափորոշիչների և ընթացակարգերի հարմոնիզացիան կպահանջի երկու կառավարությունների սերտ համագործակցությունը:

Հաստատված է Հանրային խորհրդի 4 փետրվարի, 2020թ. նիստում

Հանրային խորհրդի նախագահ՝                               Ստյոպա Սաֆարյան

4 փետրվարի, 2020թ․

Փաստաթուղթը հրապարակվել է ARAVOT.AM կայքում:

Back to top button
Close