ՀինՆորություններ

ՀԽ լիագումար նիստում քննարկվել են էլեկտրաէներգիայի սակագնի, ալյուրի հարստացման, համայնքների խոշորացման հարցերը

Ս.թ. հունիսի 4-ին Հանրային խորհուրդը գումարել է 19-րդ լիագումար նիստը: Օրակարգի առաջին հարցը վերաբերել է էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացմանն ու Հայաստանի տնտեսության վրա դրա հետևանքներին:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, ներկայացնելով հարցը, նշել է, որ հասարակությունը վրդովված է սակագնի հնարավոր բարձրացմամբ, սակայն առավել վրդովեցուցիչ է այն, որ սակագնի բարձրացման հիմնավորումները համոզիչ չեն:

Վազգեն Մանուկյանը հայտնել է, որ Հանրային խորհուրդը դիմել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, որպեսզի հարցի քննարկմանը ներկա լինի նաև նրանց ներկայացուցիչը, սակայն կառույցի ղեկավարը պատասխանել է, որ իրենք առայժմ ուսումնասիրությունների փուլում են և պատրաստ չեն մասնակցելու քննարկմանը:

Այնուհետև հարցի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ նշելով, որ հարցը քննարկվել է իրենց հանձնաժողովում, և կա նախնական դիրքորոշում:

Ընդհանրացնելով ՀԷՑ-ի ներկայացրած հիմնավորումներն ու դրանց վերաբերյալ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի հակակշիռ տեսակետները՝ հանձնաժողովը գտել է, որ ՀԷՑ-ի հայտը հիմնավոր չէ:

ՀԽ Հանձնաժողովը գտել է, որ ՀԾԿՀ-ն նախ պետք է իր լիազորությունների շրջանակներում լուրջ ուսումնասիրություն կատարի ՀԷՑ-ի ներկայացրած ծախսային հոդվածներում, գնահատական տա յուրաքանչյուր հոդվածին, ապա որոշում կայացնի:

ՀԽ հանձնաժողովը գտել է, որ ՀԷՑ-ը նման վիճակի է հասել հանրության թողտվության արդյունքում: Տարեցտարի ավելացել են ընկերության ծախսերը, սակայն քայլ չի կատարվել համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

ՀԽ հանձնաժողովն առաջարկել է, որպեսզի Հանրային խորհուրդը դիմի "РАО ЕС"-ին, որպեսզի վերջինս փոխհատուցի ՀԷՑ-ի պարտքը, քանի որ դա գոյացել է ոչ արդյունավետ կառավարման հետևանքով:

ՀԽ հանձնաժողովն առաջարկել է նաև կասեցնել Որոտանի ՀԷԿ-երի վաճառքը, քանի որ բացառված չէ, ոչ նոր սեփականատերը հաջորդ տարիներին կփորձի բարձրացնել այդ ՀԷԿ-երից արտադրված էլեկտրաէներգիայի սակագինը, Մեղրու ՀԷԿ-ի շինարարության մեջ ունենալ ֆինանսական մասնակցություն` հետագայում արտադրված հոսանքը իրանական կողմին վաճառելու կամ ներքին ցանց ուղղորդելու համար, հնարավորինս մեծացնել կամ պահպանել Սևան–Հրազդան կասկադի Միջազգային էներգետիկ կորպորացիայի էլեկտրական հոսանքի արտադրության ծավալները, գործուն քայլեր ձեռնարկել Երեւանի ՋԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի կառուցման համար, արագացնել Շնողի 300 մլն կվտ/ժ հզորությամբ եւ Լոռի-բերդի 200 մլն կվտ/ժ հզորությամբ հիդրոէլեկտրակայանների կառուցման աշխատանքները, Եղվարդի, Կապսի, Վեդիի կառուցվելիք ջրամբարներում նախատեսել նաև հիդրոէլեկտրակայանների կառուցում, բանակցություններ վարել Հայաստան-Ռուսաստան, Վրաստան, Իրան, Իրաք, Սիրիա միասնական էներգահամակարգ ստեղծելու ուղղությամբ, մեծացնել էլեկտրաէներգիայի ծախսը արդյունաբերության զարգացման հաշվին՝ սկսելով Նաիրիտից, Վանաձորի քիմպրոմից եւ Զանգեզուրի պոչամբարների վերամշակումից և այլն:

Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման վերաբերյալ ՀԽ ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների հարցերի հանձնաժողովի տեսակետը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը:

Նա նշել է, որ ՀԷՑ-ի ներկայացրած փաստաթղթում չկան սակագնի բարձրացման լուրջ հիմնավորումներ, ուստի չպետք է թույլ տալ, որպեսզի սակագինը բարձրանա:
Նրա խոսքով՝ էներգետիկայի ոլորտում աշխարհում տեղի է ունենում համընդհանուր նվազում, իսկ Հայաստանում հակառակը, որի պատճառը տնտեսագիտական սխալ հաշվարկներն են և ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործումը:

Հանրային խորհրդի անդամներ Արմեն Տեր-Տաճատյանն ու Սուրեն Զոլյանը բարձրացրել են ոլորտն ազատականացնելու հարցը՝ նշելով, որ խնդիրների մեծ մասը բխում է մենաշնորհային կարգավիճակից:

Առաջարկվել է նաև, որպեսզի պետությունը նման ընկերությունների համար մշակի հստակ չափորոշիչներ՝ կառավարման, ծախսային, կորուստների և այլ տեսանկյունից, որպեսզի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն, այդ չափորոշիչներից ելնելով, կարողանա կայացնել ճիշտ որոշումներ:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագծին:
Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հայրապետ Գալստյանը ներկայացրել է որոշակի տվյալներ, թե ինչ է իրենից ներկայացնում ֆոլաթթուն, որն ալյուրը հարստացնելու միկրոտարրերից մեկն է, ինչպես նաև որ երկրներում են ընդունել ծրագիրը: Միաժամանակ նա ներկայացրել է պաշտոնական տվյալներ, թե ֆոլաթթվով ալյուրի հարստացմամ դեպքում ինչ դրական արդյունք է գրանցվել տարբեր երկրներում նյարդային խողովակով ի ծնե արատները, սակավարյունությունը և քաղցկեղը նվազեցնելու առումով: Նա բերել է նաև հակառակ հետազոտության տվյալներ, ըստ որոնց ֆոլաթթուն նպաստում է քաղցկեղի զարգացմանը:
Ուռուցքաբանը հայտնել է, որ եթե 10 տարի առաջ հաստ աղիքի քաղցկեղը զբաղեցնում էր 10-րդ տեղը, ապա այսօր երրորդ տեղը՝ կրծքագեղձի և թոքերի քաղցկեղից հետո՝ նշելով, որ փաստն առկա է՝ անկախ նրանից, թե տվյալ երկրում ալյուրը ֆոլաթթվով հարստացնում են, թե ոչ:

Փարատելով ալյուրի հարստացումը քաղցկեղին նպաստող գործոն համարող կողմի կասկածները՝ նա ներկայացրել է այդ ոլորտում Օքսֆորդի գիտնականների ուսումանսիրությունների վերջնական արդյունքները. ֆոլաթթուն չի կանխարգելում քաղցկեղի առաջացումը, ոչ էլ նպաստում է քաղցկեղի զարգացմանը:

Հարցի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել նաև ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ նշելով, որ խնդիրը ծագել է 2000, 2005 և 2010 թվականներին Հայաստանում իրականացված հետազոտությունների հիման վրա, որոնք ցույց են տվել հասարակության շրջանում առկա անեմիաները:

Արձագանքելով ընդդիմախոսների կողմից հնչող հարցին, որ եթե ալյուրի հարստացումն օգտակար է, ապա ինչո՞ւ եվրոպական երկրները դա չեն կիրառում, ասել է, որ եվրոպական երկրները անհրաժեշտ միկրոտարրերի բացը լրացնումեն դեղահաբերի միջոցով, կամ ինքնագիտակցաբար բնակչությունը պահանջարկ է ներկայացնում նշված նյութերով հարստացված սննդամթերքի:

«Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության անդամ, կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանը, որը նույնպես ներկա էր քննարկմանը, հակափաստարկներ է ներկայացրել փոխնախարարին՝ մասնավորապես նշելով, որ ֆոլաթթուն սինթետիկ նյութ է, որը վտանգավոր է մարդու օրգանիզմի համար: Նա հետաքրքրվել է, թե որքանո՞վ է պետությունը երաշխավորում քաղաքացիներին այդ հավելումների հնարավոր վատ հետևանքներից:

Աշոտ Կարապետյանը նաև զավեշտալի է համարել, որ նախարարությունն օրինագծի անհրաժեշտությունը պայմանավորում է հայ բնակչության շրջանում երկաթի և ֆոլաթթվի անբավարարությամբ, մինչդեռ արված հետազոտություններն ընդամենը թիրախային բնույթ են կրում:

Հանրային խորհրդի անդամ Հենրիկ Հովհաննիսյանը հարցը դիտարկել է մարդու իրավունքի և բարոյականության տեսանկյունից՝ նշելով, որ անթույլատրելի է մարդուն պարտադրել, թե ինչ սնունդ նա ընդունի:

Վազգեն Մանուկյանը, ամփոփելով հարցի քննարկումը, արձանագրել է, որ խնդիրն ունի բազմաթիվ վիճահարույց կողմեր, հասարակության և մասնագետների շրջանում կան տարակարծություններ ու մտահոգություններ, ուստի մինչև օրինագծի ընդունումն անհրաժեշտ է իրականացնել հստակ հետազոտություններ և տալ բոլոր հարցերի պատասխանները:

Նա նաև նշել է, որ Հանրային խորհուրդը հարցն առավել խորությամբ ուսումնասիրելու և վերջնական դիրքորոշում հայտնելու համար առանձին աշխատանքային խումբ կկազմի:

ՀԽ լիագումար նիստում քննարկվել են նաև Տավուշի և Լոռու մարզերում համայնքների խոշորացման հանրաքվեի արդյունքներն ու պիլոտային ծրագիրը: ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը ներկայացրել է հանրաքվեից հետո տվյալ մարզեր կատարած աշխատանքային այցի արդյունքները՝ մտահոգություն հայտնելով համայնքների բնակչության շրջանում առկա տրամադրությունների, հանրաքվեի ցածր մասնակցության վերսբերյալ:

Նա մասնավորապես նշել է, որ բնակիչները համայնքների խոշորացման ծրագրում չեն տեսնում իրենց պրակտիկ հարցերի լուծման հնարավորությունները:

Կորյուն Առաքելյանը նշել է, որ նման ծրագրերի իրականացման դեպքում բնակիչներին հստակ պետք է ներկայացվեն բոլոր առավելություններն ու թերությունները, որպեսզի վերջիններս կարողանան օբյեկտիվ որոշում կայացնել:

Հարցի քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, որը նույնպես նշել է, որ հանրաքվեի արդյունքները վկայում են համայնքային բնակչության անտարբերության մասին: Նա ընդգծել է, որ կառավարությունը խոշորացնում է ոչ թե համայնքները, այլ կառավարման համակարգը, որպեսզի գյուղերը զարգանան:

Նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ պիլոտային ծրագրի արդյունքները տեսանելի կլինեն 1,5-2 տարի անց:

Հանրային խորհրդի անդամ, ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը ներկայացրել է հստակ գործողություններ, որոնք անհրաժեշտ են իրականացնել համայնքներում պիլոտային ծրագրի հաջողությունն ապահովելու համար՝ խմելու ջուր ներքին՝ ցանցերով, ջրաչափական համակարգ՝ հեռացման ցանցերով, ոռոգման համակարգ, համայնքը մարզկենտրոնին կապող բարեկարգ ճանապարհներ:

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը տեսակետ է հայտնել, որ հանրաքվեի արդյունքները համոզիչ չեն, ուստի պետք է առաջարկել, որպեսզի վերանայվի ծրագրի իրականացման նպատակահարմարությունը: Իսկ եթե ծրագիրն, այնուամենայնիվ, իրականացվելու է, ապա պետք է սպասել գոնե 5 տարի, որից հետո, վերլուծելով արդյունքները, որոշել՝ արդյոք պետք է շարունակել, թե ոչ:

 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close