Նորություններ

ՀԽ գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկել է գյուղատնտեսության ոլորտի նոր ռազմավարությունը

Հանրային խորհրդի գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովը դեկտեմբերի 20-ին քննարկել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը, նպատակներն ու խնդիրները, իրագործման հնարավորությունները, ներկայացրել նոր առաջարկություններ, ինչպես նաև բարձրացրել նոր խնդիրներ։

Հանձնաժողովի նախագահ Վարդան Համբարձումյանը նշել է, որ հանձնաժողովը մասնակցել է ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքներին, որոշ հարցերի վերաբերյալ ներկայացրել մտահոգություններ, հանդես եկել առաջարկություններով, որոնց մի մասն արդեն արտացոլված են ռազմավարության մեջ։

Հանձնաժողովի նիստին մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի և կոոպերացիայի զարգացման բաժնի պետ Արմեն Աղաջանյանը, խորհրդի անդամ Յուրի Ջավադյանը, ոլորտի փորձագետներ։

Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ փաստաթուղթը մշակվել է շահագրգիռ կողմերի հետ համագործակցության արդյունքում, և հաշվի են առնվել ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները։ Նա շեշտել է, որ ՀԽ գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովը նույնպես ակտիվ մասնակցություն է ունեցել այդ քննարկումներին հատկապես կոոպերացիաների ոլորտի զարգացման վերաբերյալ առաջարկություններով, և առաջարկների մի մասն ընդունվել է։ Աղաջայանը հույս է հայտնել, որ հանձնաժողովի հետ համագործակցությունը շարունակական կլինի։ Վերջինս ներկայացրել է նաև ռազմավարության գլխավոր սկզբունքները, 2020-2030 թթ․ միջոցառումների պլանը։

Հանձնաժողովի անդամներն իրենց տեսակետներն են հայտնել փաստաթղթի վերաբերյալ, բարձրացրել գյուղատնտեսական հողերի իրավիճակին, ոռոգման խնդիրներին, սննդի անվտանգությանը, անասնապահությանն ու անասնաբուժության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։

Հանձնաժողովի անդամները հույս են հայտնել, որ բարձրացված խնդիրներն առաջնահերթության կարգով կներառվեն ռազմավարության առաջիկա տարիների գործողությունների պլանի մեջ, իսկ այն հարցերը, որոնք պատշաճ տեղ չեն գտել ռազմավարական փաստաթղթում, ևս մեկ անգամ կքննարկվեն և լուծումներ կգտնվեն դրանք ռազմավարության մեջ ամրագրելու և կյանքի կոչելու ուղղությամբ։

Հանձնաժողովն օրակարգային երկրորդ հարցի շրջանակներում քննարկել է հանձնաժողովի կատարած աշխատանքներն ու առաջիկա անելիքները։

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close