ՀԽ անդամները մասնակցել են ՏՍԽՄԱ հերթական համաժողովին
Ս.թ. հոկտեմբերի 8-9-ը ՀՀ Հանրային խորհրդի անդամներ Արմեն Տեր-Տաճատյանը և Վազգեն Սաֆարյանը մասնակցել են Աթենքում տեղի ունեցած Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի (ՏՍԽՄԱ) հերթական համաժողովին:
Համաժողովի հիմնական թեման եղել է հասարակության մեջ սոցիալական երկխոսության իրականացման հնարավորությունը:
ՀԽ ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով: Արմեն Տեր-Տաճատյանն իր ելույթում քննարկման բուն թեմայի մասին խոսելուց բացի ներկաներին կոչ է արել անդրադառնալ նաև աշխարհում հետճգնաժամային թեժ կետերում առկա իրավիճակին, որտեղ անմեղ մարդիկ են զոհվում, տեղի է ունենում նոր արտագաղթ, առաջ են գալիս նոր փախստականներ և այլն: Նա նշել է, որ այդ ամենն առաջիկայում սոցիալական ավելի լուրջ խնդիրներ է առաջացնելու, քան հիմա կա յուրաքանչյուր երկրում և առաջարկել, որպեսզի պետությունների ներսում եղած խնդիրները լուծելու համար անդրադարձ կատարվի այդ իրադարձություններրին:
Տեր-Տաճատյանն անդրադարձել է նաև Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը և հայոց ցեղասպանության խնդրին:
ՀԽ ներկայացուցչի ելույթը մեծ արձագանք է գտել համաժողովի մասնակիցների շրջանում:
Համաժողովի ընթացքում ներկաները խոսել են նաև արդյունաբերական քաղաքականության զարգացման, փոփոխությունների և առաջընթացի մասին: ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանն իր ելույթում նշել է, որ սոցիալական և քաղաքական երկխոսությունն ուղղակիորեն կապված է արդյունաբերության և արտադրական հարաբերություների հետ: Նա ներկաներին հայտնել է, որ ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով Հայաստանի հարյուրավոր արդյունաբերական ձեռնարկությունների տնտեսական և կոոպերացիոն կապերը խզվել են, հումքի ձեռքբերման և պատրաստի արտադրանքի իրացման շուկաները՝ փակվել, ինչն էլ հարվածել է առաջին հերթին արդյունաբերությանը:
Նա անդրադարձել է Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ գործազրկություն, արտագաղթ, ցածր կենսաթոշակներ ու աշխատավարձեր և այլն:
Սաֆարյանը խոսել է նաև ՀՀ Հանրային խորհրդի և ՀՀ կառավարության միջև կառուցողական փոխգործակցության մասին՝ նշելով, որ այդ երկխոսության արդյունքում 2011 թվականին ՀՀ կառավարությունն ընդունել է Արդյունաբերական քաղաքականության մասին հայեցակարգ, կարևորել պետություն-մասնավոր ընկերություն գործակցությունը որպես գործիքակազմ օգտագործելու անհրաժեշտությունը, ստեղծել արդյունաբերության աջակցման հիմնադրամ:
Սաֆարյանը մի քանի առաջարկներ է ներկայացրել զարգացող երկների տնտեսական առաջընթացի ապահովման ուղղությամբ՝ դրամավարկային, հարկային, բանկային տոկոսադրույքների, բյուջետային, արտաքին առևտրի, տարադրամի փոխանակման քաղաքականության և այլ ոլորտների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՀՀ Հանրային խորհուրդը 2010 թվականից անդամակցում է Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիային: