Հանրային խորհրդում քննարկվել է ՀՀ-ում Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը
Հանրային խորհրդում ս.թ. ապրիլի 29-ին տեղի է ունեցել ՀԽ լիագումար նիստ, որի օրակարգի հիմնական հարցը վերաբերել է ՀՀ-ում Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի նախագծի քննարկմանը:
Նախագծում ամրագրված է, որպեսզի Հանրային խորհրդում պարբերաբար քննարկվի ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման գործընթացը` նպաստելով կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացմանը, գործընթացն առավել պարզ ու թափանցիկ դարձնելուն:
Քննարկմանը ներկա են եղել ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանն ու կազմակերպության վարչության անդամ Մարատ Ատովմյանը:
Նշվել է, որ Հանրային խորհուրդը կարող է դառնալ արդյունավետ հարթակ կոռուպցիայի դեմ պայքարում պետական ու հասարակական հատվածների աշխատանքը մեկտեղելու առումով:
ՀՀ արդարադատության փոխնախարարը, ՀՀ-ում Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի նախագծով նախատեսված կարգի համաձայն, ներկայացրել է հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը, ռազմավարության հիմնական խնդիրը, կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական միջոցները, թափանցիկ և հաշվետու կառավարման համակարգի ձևավորման անհրաժեշտությունը, մասնակցային կառավարման համակարգի ձևավորման և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը և այլ հարցեր:
Մատնանշելով ծրագրի նախագծով նախատեսված դրույթը` Սուրեն Քրմոյանը ևս մեկ անգամ կարևորել է եռամսյակը մեկ Հանրային խորհրդում հանրային լայն քննարկումներ կազմակերպելու անհրաժեշտությունը, որտեղ համապատասխան պետական կառույցի ներկայացուցիչը կներկայացնի հակակառուպցիոն խորհրդի գործունեության եռամսյակային պատկերը, այնուհետև քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչները կբարձրացնեն կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցադրումներ ու առաջարկներ, որոնք էլ կներկայացվեն հակակոռուպցիոն խորհուրդ:
ՀԽ անդամ, ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանն ընդգծել է, որ գործընթացն առավել արդյունավետ ու շոշափելի կլինի, եթե այս ուղղությամբ համագործակցեն ոլորտում մեծ փորձառություն և հեղինակություն ունեցող բոլոր հասարակական կազմակերպությունները:
ՀԿ-ների ներկայացուցիչները խոսել են կոռուպցիայի բացահայտման, դրա դեմ պայքարի ուղղությամբ տարվող իրենց գործունեության ուղղությունների մասին` ներկայացնելով բազմաթիվ առաջարկներ ու ծրագրեր, օրենսդրական նախաձեռնություններ, որոնք հետագայում կքննարկվեն նաև Հանրային խորհրդում: Միաժամանակ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենը հայտնել է, որ իրենք նպատակահարմար չեն գտել մասնակցելու հակակոռուպցիոն խորհրդի աշխատանքներին, քանի որ իրենց գործունեությունն առավել արդյունավետ կլինի առանց այլ կառույցի մեջ ներգրավվելու:
Հանրային խորհրդի անդամները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարում Հանրային խորհրդի մասնակցությունը` նշելով, որ ստեղծման օրվանից խորհրդում քննարկվել են կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ հարցեր: ՀԽ անդամները կարևորել են նաև խորհրդում պարբերաբար կոռուպցիայի կանխարգելման թեմայով քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը: Բարձրացվել են հարցեր` կապված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեության, դրա արդյունավետության և ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի ներկա իրավիճակի մասին` միաժամանակ քննարկվելով այդ խորհրդի աշխատանքներին ՀԽ մասնակցության նպատակահարմարության հարցը: Քննարկման արդյունքում ձևավորվել են մի շարք առաջարկություններ:
Ամփոփելով նիստը` Վազգեն Մանուկյանը շնորհակալություն է հայտնել ՀԿ-ների և ՀՀ կառավարության ներկայացուցիչներին քննարկմանը մասնակցելու համար` ևս մեկ անգամ ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցը ՀԽ օրակարգում է խորհրդի ստեղծման օրվանից: ՀԽ նախագահը նաև հայտնել է, որ Հանրային խորհրդի մասնակցության ձևաչափը հակակոռուպցիոն խորհրդի աշխատանքներին առաջիկայում կքննարկվի` հաշվի առնելով նաև այդ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների դիրքորոշումը: