ՀինՆորություններ

Հանրային խորհրդում քննարկվել է Թումանյան 25-ի հարցը

Մարտի 26-ին Հանրային խորհրդի 4 հանձնաժողովներ համատեղ նիստի ժամանակ քննարկել են Թումանյան 25 հասցեում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով տվյալ հասցեի գույքը բացառիկ հանրային գերակա շահ ճանաչելու մասին "Ռենշին" ՍՊԸ-ի դիմումը, Երևանի քաղաքապետարանի կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու բնակիչներին հուզող խնդիրները:

Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ բոլոր կողմերը՝ Թումանյան 25-ի բնակիչները, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչներ, «Ռենշին» ընկերության հիմնադիր տնօրենն ու նրա օգնականը, Հանրային խորհրդի անդամներ, ՀԽ հանձնաժողովների և ենթահանձնաժողովների նախագահներ, ճարտարապետներ:

Շենքի բնակիչ Դավիթ Եղիազարյանը հայտնել է, որ մոտ 2 ամիս առաջ Երևանի քաղաքապետարանից իրենք պաշտոնապես ծանուցում են ստացել, որ իրենց շենքը գտնվում է անմխիթար վիճակում, համահունչ չէ շրջակա ճարտարապետական միջավայրին, և առավել նպատակահարմար է դրա տեղը հյուրանոցային համալիր կառուցելը։

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ Արբակ Վարդանյանը, ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի տեսակետը, հայտնել է, որ նշված հասցեի շենքը բացառիկ հանրային գերակա շահ ճանաչելու նպատակը պայմանավորված է քաղաքաշինական խնդիրների կարգավորմամբ. «Սկսած Տերյան փողոցից մինչև Մաշտոցի փողոցն ընկած հատվածը Հյուսիսային պողոտայի կառուցման ավարտից հետո ձեռք բերեց իր ուրույն տեսքը՝ շենքերը ստացան միասնական հարկայնություն և մասշտաբայնություն, և այդ հատվածում միայն Թումանյան 25 հասցեի շենքն է, որ չի ձուլվում տվյալ միջավայրին, ուստի քաղաքաշինական խնդիրը կարգավորելու նպատակով նախատեսվում է տվյալ տարածքում այդ շենքի փոխարեն կառուցել միջին հարկայնությամբ հյուրանոցային համալիր, ինչը կխթանի մայրաքաղաքում հյուրանոցային տնտեսության ավելացմանը և տուրիզմի զարգացմանը»,-ասել է նա:

Այնուհետև ներկաները բուռն քննարկում են սկսել Երևանի քաղաքաշինական խնդիրների վերաբերյալ՝ մտահոգություն հայտնելով, որ հնամյա քաղաքի պատմամշակութային հիշողությունն աստիճանաբար անհետանում է:

Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանն անտրամաբանական է համարել, որ այսօրվա քաղաքաշինական ծրագրերի համար հիմք են ծառայում ոչ թե հին Երևանի շենք-շինությունները, այլև նոր կառույցները:

Բնապահպանը Թումանյան 25-ի հարցը հանրային գերակա շահի տեսանկյունից դիտարկելն անընդունելի է համարել՝ հույս հայտնելով, որ ՀՀ կառավարությունը նման որոշում չի կայացնի:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը կարծիք է հայտնել, որ առկա է շենքի ընդամենը մեկ սեփականատիրոջ՝ «Ռենշին» ընկերության շահը, որն իր նպատակները պետք է համաձայնեցնի շենքի մյուս սեփականատերերի հետ:

Հանրային խորհրդի անդամ Արմեն Տեր-Տաճատյանն էլ նշել է, որ նման խնդիրներից խուսափելու լավագույն միջոցը կլինի այն, եթե մասնավոր ընկերությունները մինչև Երևանի քաղաքապետարան դիմելն իրենց ծրագրերը ներկայացնեն նախ հանրությանը, լսեն հանրային կարծիքը, ապա նոր սկսեն բուն գործընթացը:

Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը կարևորել է հարցը բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակով լուծելու անհրաժեշտությունը. «Գեղեցիկ քաղաք ունենալը կարևոր է, սակայն պաշտպանված քաղաքացի ունենալն առավել կարևոր է»,-նշել է նա:

«Ռենշին» ընկերության հիմնադիր տնօրեն Էդուարդ Մարությանը, ներկայացնելով ընկերության մտադրությունները, հայտնել է, որ իրենք ցանկանում են այդ հասցեում կառուցել միջին՝ 5-6 հարկայնությամբ հյուրանոցային համալիր և շուտով այդ հասցեի բնակիչներին կներկայացնեն հստակ առաջարկներ. «Գուցե համաձայնեն, գուցե ոչ, իրենց խնդիրն է: Բայց մենք որևէ վատ բան չենք փորձում անել քաղաքի համար»,-ասել է նա:

Շենքի բնակիչներից մեկն էլ նկատել է, որ իրենց գլխավոր ցանկությունն է պահպանել ու շարունակել տնօրինել իրենց գույքը:

Ամփոփելով քննարկումը՝ Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը հայտնել է, որ Հանրային խորհուրդը կշարունակի քննարկման հարթակ ծառայել կողմերի միջև, մինչև գտնվեն բոլորի համար ընդունելի լուծումներ:
 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close