Հանրային խորհրդում քննարկել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրները
Նոյեմբերի 26-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ, որին մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, խորհրդի անդամներ, ՀՀ ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի, ֆինանսատնտեսական ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնության անդամներ:
Վազգեն Մանուկյանը նախ առաջ է քաշել այն հարցը, թե ինչո՞ւ խնդիրը դրվեց հիմա, երբ ֆինանսական, սոցիալական առումով պայմանները բոլորովին բարենպաստ չեն. համաշխարհային ֆինանսական համակարգը խիստ փոփոխական է և անկայուն, ուստի երկարաժամկետ նախգծեր կազմելը վտանգավոր է, Հայաստանում կա սոցիալական լարվածություն, աշխատավարձերը ցածր են, աղքատությունը մեծ է, հանրության շրջանում ապագայի նկատմամբ կա մեծ անորոշություն:
Նա մտահոգիչ է համարել նաև շրջանառու միջոցների տնօրինման հարցը՝ նշելով, որ չնայած մասնավոր հիմնադրամների վրա դրված է պայման այդ գումարների 60 տոկոսը Հայաստանում և 40 տոկոսից ոչ ավելին դրսում ներդնելու վերաբերյալ, այնուամենայնիվ, միջոցների 40 տոկոսի դուրս հանումը նույնպես լուրջ վնաս է Հայաստանի տնտեսությանը:
ՀԽ անդամ Հայկ Սարգսյանը, որը միաժամանակ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանն է, ներկայացրել է ֆակուլտետի մի խումբ տնտեսագետների կողմից կատարված քննարկումների արդյունքները, ըստ որի մակրոտնտեսական տեսանկյունից սոցիալական ապահովագրության կուտակային համակարգի ներդրումը ներկայումս առաջարկվող սկզբունքներով սխալ է:
Պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ կենսաթոշակային համակարգն իսկապես ունի բարեփոխման կարիք, սակայն այն խնդիրները, որ պետք է այդ բարեփոխումների արդյունքում լուծվեն, ոչ միայն չեն լուծվում, այլև նոր խնդիրներ են ի հայտ գալիս:
Ըստ պատգամավորի՝ այդ մոդելով ժամանակին շատ երկրներ են ոգևորվել, սակայն աստիճանաբար սկսել են հետ կանգնել՝ հասկանալով, որ սոցիալալան ոլորտի փոփոխությունները չպետք է ենթարկվեն ֆինանսական ոլորտի ռիսկերին:
Արծվիկ Մինասյանը պարտադիր կուտակային համակարգի փոխարեն առաջարկել է պայմանական կուտակային մոդելը, որը գործում է շատ երկրներում. հավաքված գումարների պատասխանատուն պետությունն է, որը դրանք ներդնում է ազգային տնտեսության մեջ, ստեղծում աշխատատեղեր՝ մեծացնելով հարկ վճարողների բազան և զարգացնելով իր սոցիալական պաշտպանության քաղաքականությունը որպես կենտրոնացված բյուջեի քաղաքականություն: Պայմանական կուտակային մոդելի դեպքում ապահովվում է նաև արդարության սկզբունքը. եթե մեկը, օրինակ, վճարել է հազար դրամ, մյուսը՝ հարյուր, ապա թոշակի անցնելու ժամանակ ամեն մեկը ստանալու է իր վճարածին համարժեք գումար:
ՀԽ անդամ Արշակ Սադոյանն արդարացի չի համարել այն հանգամանքը, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցելու դեպքում պետությունը հինգ տոկոսով աջակցում է, իսկ պայմանականի դեպքում՝ ոչ: Նրա խոսքով՝ օրենքը օգտակար է որոշակի անձերի համար, սակայն պետության համար շահեկան չէ:
Քաղաքացիական նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը ներկայացրել է չորս երկրների փորձը, որոնց մեր կառավարությունը հղում է անում օրենքը կիրառելիս՝ միաժամանակ մատնաշելով օրենքի կիրառման դրական մեխանիզմները, որի պատճառով այդ երկրներում օրենքն ընդունելիս նման սոցիալական ցնցումներ տեղի չեն ունեցել: Ինչ վերաբերում է Չիլիին, որի փորձից են հիմնականում օգտվել օրենքի մշակման հեղինակները, ապա Թանդիլյանը նշել է, որ պարտադիր պայմանը կիրառվել է նոր շուկա մտնողների համար, իսկ աշխատաշուկայում արդեն իսկ գտնվող աշխատողներիի համար գործել է կամավորության սկզբունքը:
Քաղաքացիական նախաձեռնության անդամ Կարեն Մելիքյանն էլ առաջարկել է 500 հազար դրամից ավելի աշխատավարձի դեպքում գոնե կիրառել պայմանական վճարումը:
Կառավարության տեսակետը պաշտպանել են Կենտրոնական բանկի գլխավոր մասնագետ Վիգեն Շահնազարյանն ու ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման բաժնի պետ Արամ Ջհանգիրյանը՝ ասելով, որ համակարգի ներդրումը միմիայն սոցիալական նպատակ է հետապնդում: Նրանք գտնում են, որ մասնավոր հիմնադրամների կողմից իրականացվող ներդրումները դրական ազդեցություն կունենան երկրի տնտեսության վրա: Ինչ վերաբերում է ռիսկերին, ապա երիտասարդ մասնագետների կարծիքով՝ եթե ամեն ինչ դիտարկվի հնարավոր ռիսկերի տեսանկյունից, ապա որևէ բարեփոխում հնարավոր չէ իրականացնել:
Վիգեն Շահնազարյանը հայտնել է, որ պետությունը մասնավոր հիմնադրամների նկատմամբ սահմանել է ներդրումային սահմանափակումներ, որպեսզի միջոցների ներդրման ռիսկերը բաշխվեն:
Նա նաև նշել է, որ ըստ սոցիոլոգիական հարցումների՝՝ հանրության 51 տոկոսը դրական է վերաբերում կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգին, ինչին հակադրվել է Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով մի քանի ամիս առաջվա հարցումների արդյունքներ, որոնք տեղադրված են նաև կառավարության կայքէջում, ըստ որի՝ օրենքին կողմ է հանրության ընդամենը մեկուկես տոկոսը:
Ի դեպ, քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն այդ կառույցից որևէ ներկայացուցիչ ներկա չի եղել:
Ամփոփելով քննարկումը՝ Վազգեն Մանուկյանն այն կարևորել է կողմերի տեսակետները լսելու և հարցադրումները որոշակիացնելու առումով: Նա տեղեկացրել է, որ Հանրային խորհուրդն առաջիկայում հարցը քննարկելու է նաև ՀԽ լիագումար նիստի ժամանակ և հայտնելու է իր դիրքորոշումը: