ՀինՆորություններ

Հանրային խորհրդում քննարկել են գիտատեխնիկական գրադարանի հետագա գործունեության հարցը

ՀՀ կառավարության կողմից իրականացվող օպտիմալացման ծրագրի շրջանակներում քննարկվում է ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի գործունեությունը դադարեցնելու, իսկ դրա վարչական կառուցվածքում գործող գիտատեխնիկական գրադարանի գործառույթները Ազգային գրադարանին, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեին, ՀՀ մշակույթի նախարարությանը կամ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային փոխանցելու հարցը: Սակայն գրադարանի կոլեկտիվը և ոլորտի բազմաթիվ մասնագետներ գտնում են, որ դա կվնասի գրադարանի գործունեությանը, կարժեզրկի այն և առհասարակ, մեծ վնաս կհասցնի գիտությանը:

Գրադարանի տնօրինության կարծիքով, խնդրի խոհեմ լուծում կլինի գրադարանին ինքնուրույն իրավաբանական անձի կարգավիճակ տալը և կառավարման լիազորությունները անմիջապես ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հանձնելը:

Գրադարանի աշխատակիցները դիմել են Հանրային խորհուրդ՝ ակնկալելով խնդրի համակողմանի քննարկման արդյունքում գտնել լավագույն լուծումը և ներկայացնել ՀՀ կառավարություն:

Կիսելով գրադարանի տնօրինության ու մասնագետների մտահոգությունները և հարցն ուսումնասիրելու նպատակով՝ ՀԽ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀԽ անդամ, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանի ղեկավարությամբ:

Ս.թ. փետրվարի 16-ին Հանրային խորհրդում տեղի է ունեցել քննարկում Հանրապետական գիտատեխնիկական գրադարանի հետագա ճակատագրի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ անդամներ, գրադարանի ղեկավար Լևոն Ղարիբյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի, Գիտության պետական կոմիտեի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչներ, մատենագետներ:

Գրադարանի ղեկավարը ներկայացրել է շուրջ կեսդարյա պատմություն ունեցող գրադարանի գործունեությունը և մտահոգություն հայտնել գրադարանի ապագայի վերաբերյալ:

Նրա կարծիքով, խնդիրը գրադարանային ոլորտի մասնագիտական առանձնահատկությունների անտեսման պայմաններում լուծելու դեպքում մեր պետությանը հասցված նյութական և բարոյական վնասը շատ ավելին կլինի և կհանգեցնի անցանկալի հետևանքների: Գրադարանի ղեկավարը գտնում է, որ եթե կա գրադարանների օպտիմալացման խնդիր, ապա դա պետք է համակարգային ձևով իրականացվի:

Հանրային խորհրդի նախագահն ու ՀԽ անդամները նույնպես գտել են, որ գրադարանի պահպանման և դրա արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է նախևառաջ ապահովել գրադարանի առանձին կարգավիճակը, ինչպես նաև չլուծարել մարզային 4 մասնաճյուղերը, որի վերաբերյալ նույնպես կառավարությունում քննարկումներ են ընթանում: Կարևորվել է նաև գրադարանի շենքային տարածքները պահպանելու հարցը: Միաժամանակ քննարկվել է գրադարանի գործունեությունն արդիականացնելու անհրաժեշտությունը:

Քննարկման արդյունքում կողմերը եկել են այն եզրակացության, որ գրադարանի պահպանման և արդյունավետ գործունեության լավագույն լուծումը դրա կառավարման լիազորությունները ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հանձնելն է, որի կազմում գրադարանը կգործի՝ իբրև առանձին միավոր:

Որոշվել է այս առաջարկների վերաբերյալ կազմել համապատասխան փաստաթուղթ և ներկայացնել ՀՀ կառավարություն:

 

 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close