Հանրային խորհրդում հյուրընկալվել է թուրք-քրդական քաղաքական ու քաղաքացիական գործիչների խումբ
Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Արևմտահայոց Ազգային համագումարի հրավերով եռօրյա այցով Երևան էին ժամանել Հայոց ցեղասպանության թուրքական և միջազգային ճանաչման գործում կարևոր դերակատարում ունեցող թուրք-քրդական քաղաքական ու քաղաքացիական գործիչների խումբ, որի կազմում էին հայտնի իրավապաշտպաններ, մտավորականներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, կուսակցության ղեկավարներ: Պատվիրակության կազմում էին նաև Օսման Բայդեմիրը (Դիարբեքիրի նախկին քաղաքապետ), Իսմայիլ Բեշիկչին (Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով, հրապարկախոս) և այլք:
Հայաստանյան հանդիպումների շրջանակներում պատվիրակության անդամները հյուրընկալվել են նաև ՀՀ Հանրային Խորհրդում՝ հանդիպելով խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի, ՀԽ անդամներ Գրիգոր Բադիրյանի և Ռուբեն Սաֆրաստյանի հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաև Արևմտահայոց ազգային համագումարի խորհրդի գլխավոր քարտուղար Սևակ Արծրունին և Հայաստանում խորհրդի լիազոր ներկայացուցիչ Արագած Ախոյանը:
Հանրային խորհրդում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում ընթացող քաղաքական ներկա զարգացումները՝ մասնավորապես անդրադառնալով Սիրիայում և Իրաքում հայ, քուրդ, ասորի և այլ ժողովուրդներին սպառնացող խնդիրներին:
Երկուստեք ներկայացվել են ապագա համագործակցության առաջարկներ: