ՀինՆորություններ

Հանրային խորհրդի 2009-2015 թթ. գործունեության և կառուցվածքի հակիրճ նկարագիր

Հայաստանի Հանրապետության Հանրային խորհուրդ
(2009-2015)
Գործունեության և կառուցվածքի հակիրճ նկարագիր

 

 

 

 

 

 

 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Հանրային խորհուրդը (ՀԽ) ստեղծվել է 2009 թվականի մարտի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով:
Հաշվի առնելով, որ ՀՀ ՀԽ-ի 2009-2015 թթ. գործունեությունն վստահության է արժանացել թե՛ հասարակության, թե՛ ՀՀ իշխանությունների կողմից, ինչպես նաև նպատակահարմար գտնելով այդ ինստիտուտը դարձնել օրենքով ամրագրված լիազորություններով մշտական գործող մարմին, որոշվել է 2015-2016 թթ. նախատեսվող ՀՀ Սահմանադրության փոփոխությունների փաթեթում ներառել դրույթ ՀԽ-ի մասին, ինչն այնուհետև հնարավորություն կտա Ազգային ժողովի կողմից ընդունելու առանձին օրենք «ՀՀ Հանրային խորհրդի մասին»:

ՆՊԱՏԱԿԱՆԵՐ

Հանրային խորհրդի նպատակներն են նպաստել`
1. հասարակության տարբեր շերտերի շահերի և նրանց միջև ծագող բնական հակասությունների փոխզիջումային լուծումների մշակման շուրջ հաշտության եզրեր գտնելուն՝ ապահովելով երկխոսություն նրանց միջև,
2. հասարակության և իշխանության մարմինների միջև երկխոսությանը, պետական կառավարման մեջ հասարակության ներգրավվածության աստիճանի բարձրացմանը, պետական մարմինների գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացմանը,
3. քաղաքացիական հասարակության կայուն զարգացմանն ու ամրապնդմանը, ՀՀ-ում քաղաքացիական հասարակության և դրա ինստիտուտների կայացման գործընթացի խթանմանը,
4. պետական իշխանության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը` պետական քաղաքականության մշակման գործում հասարակության լայն շրջանակների շահերի և հետաքրքրությունների ներկայացմամբ և պաշտպանությամբ, հանրային հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ պետական իշխանության մարմինների որոշումների և գործողությունների հասարակական փորձաքննության իրականացմամբ,
5. փորձագետների ներգրավմամբ հանրային կյանքի առանձին ոլորտների երկարաժամկետ զարգացման ծրագրային դրույթների մշակմանն ու հասարակության լայն շրջանակներում դրանց քննարկմանը,
6. ընդհանուր ազգային խնդիրների շուրջ Հայաստանի և Սփյուռքի հայության ջանքերի համախմբմանը և դրանց լուծմանն ուղղված ռազմավարության մշակմանը:

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Հանրային խորհուրդը կազմված է 36 անդամներից և 12 ոլորտային հանձնաժողովներից:
36 անդամներից 12-ին նշանակում է ՀՀ Նախագահը, որից հետո նրանք ձեռնամուխ են լինում 12 ոլորտային հանձնաժողովների ձևավորմանը: Հանձնաժողովների նիստերում ընտրվում են հանձաժողովի նախագահներ, որոնք և դառնում են ՀԽ-ի հաջորդ 12 անդամները: Եվս 12 անդամ ընտրվում է արդեն ՀԽ-ի 24 անդամների կողմից փակ գաղտնի քվեարկությամբ:
Հանձնաժողովներում ներկայացուցիչներ կարող են առաջադրել արհմիությունները, գործարարների ու արդյունաբերողների միությունները, համապատասխան ոլորտների հասարակական կազմակերպությունները, միավորումները, երիտասարդական և ուսանողական կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցները, վետերանների միությունները, գիտակրթական միությունները, սպառողների իրավունքների պաշտպանության, կրոնական կազմակերպությունները, սփյուռքի կառույցները, տեղական ինքնակառավարման մարմինները և այլ կառույցներ:

Այժմ 1200 հասարակական կազմակերպություններ այդ հանձնաժողովներ են գործուղել իրենց շուրջ 2084 ներկայացուցիչների: Հայաստանի մարզերը ներկայացված են մոտ 500 անդամներով: ՀԽ հանձնաժողովների 2084 անդամներից 683-ը (32.8%) կանայք են:
ՀԽ 12 ոլորտային հանձնաժողովներն են՝
1. գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի,
2. պետաիրավական,
3. քաղաքացիական հասարակության կայացման,
4. ֆինանսատնտեսական և բյուջետային,
5. գյուղատնտեսական և բնապահպանական,
6. առողջապահական և սոցիալական,
7. տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման,
8. պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի,
9. ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների պաշտպանության,
10. ազգային փոքրամասնությունների,
11. ժողովրդագրական և գենդերային,
12. սփյուռքի, կրոնի և միջազգային ինտեգրման հարցերի:

ՀԽ հանձնաժողովներն իրավունք ունեն ինքնուրույն հարցեր, եզրակացություններ ու առաջարկություններ ներկայացնելու համապատասխան պետական մարմիններին: ՀԽ շրջանակներում գործում է 70 ենթահանձնաժողով, որոշակի հարցեր քննարկելու համար` աշխատանքային խմբեր:

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Համաձայն կանոնադրության՝ ՀԽ-ն ունի հետևյալ հիմնական գործառույթներն ու լիազորությունները.
• սեփական նախաձեռնությամբ կամ շահագրգիռ պետական մարմնի դիմումով փորձաքննության ենթարկել ՀՀ օրենքները, օրենքների նախագծերը և կառավարության որոշումները,
• իր շրջանակներում, անցկացնելով քննարկումներ ու հանրային լսումներ, մշակել առաջարկություններ թե՛ ընթացիկ հարցերի և թե՛ ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրների վերաբերյալ,
• հասարակության կողմից բարձրացված հարցերը քննարկել ՀԽ հանձնաժողովներում կամ ՀԽ լիագումար նիստերում և եզրակացություններն ու որոշումները ներկայացնել համապատասխան պետական մարմիններին ու հանրությանը:

Հանրային խորհուրդն իր որոշումներն ու եզրակացությունները ներկայացնում է ՀՀ Նախագահին, ՀՀ կառավարություն, ՀՀ Ազգային ժողով և հասարակությանը:
Իր գործունեության ընթացքում ՀԽ-ն քննարկել է հասարակական հնչեղություն ստացած բազմաթիվ հարցեր: Ստորև ներկայացվում են ՀԽ միջամտությամբ լուծում ստացած խնդիրներից մի քանիսը:
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՐՑԵՐ

1. 2009 թ. ՀՀ նախագահը դիմել է ՀԽ` համաներում հայտարարելու վերաբերյալ առաջարկություններ ստանալու նպատակով: Հարցը քննարկվել է ՀԽ 12 ոլորտային հանձնաժողովներում, որոնց առաջարկությունները՝ համաներման ենթակա խմբերի ընտրության սկզբունքների հետ կապված, ամփոփվել են ՀԽ լիագումար նիստում, և ընդունվել է համապատասխան որոշում, որն ուղարկվել է ՀՀ Նախագահին:

2. 2009 թ. ՀՀ Նախագահը դիմել է ՀԽ «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով: Հարցը քննարկվել է ՀԽ բոլոր հանձնաժողովներում, արդյունքներն ամփոփվել են ՀԽ լիագումար նիստում, և ՀԽ որոշումը ներկայացվել է ՀՀ Նախագահին:

3. 2010 թ. ՀՀ Սահմանադրական դատարանը դիմել է ՀԽ՝ «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀԽ եզրակացությունը ստանալու խնդրանքով: Առողջապահության ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ հարցը ՀԽ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում համակողմանիորեն քննարկելուց հետո ՀԽ-ն իր եզրակացությունը ներկայացրել է ՀՀ Սահմանադրական դատարան:

4. ՀԽ-ն իր համապատասխան հանձնաժողովում փորձաքննության է ենթարկել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը և իր դիտողություններն ու առաջարկությունները ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն: Սկզբում դրանք չեն ընդունվել, սակայն միջազգային փորձաքննության եզրակացությունից հետո ՀԽ հանձնաժողովի առաջարկությունների մեծ մասը հաշվի է առնվել և ընդունվել ՀՀ ԱԺ կողմից:

5. ՀՀ կառավարությունը դիմել է Հանրային խորհուրդ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու և համապատասխան տեսակետ ներկայացնելու նպատակով: Հարցը ՀԽ-ում քննարկվել է, ենթարկվել փորձաքննության: ՀԽ առաջարկները մասամբ ընդունվել են ՀՀ կառավարության կողմից:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՀԱՐՑԵՐ

1. ՀԽ-ը, Հայաստանի արհմիությունների դիմումի համաձայն, քննարկել է Հայաստանի արհմիությունների հետ կապված «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը: ՀԽ շրջանակներում կազմակերպված լսումների ընթացքում, որոնց մասնակցել են բոլոր արհմիությունների ներկայացուցիչները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը, ինչպես նաև ՀՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահը, նշված օրինագիծը քննարկվել է, ՀԽ առաջարկների մի մասը՝ ընդունվել:

2. Հայաստանի քաղհասարակության որոշ շերտերի, մասնավորապես` ակտիվ երիտասարդության մի ստվար զանգվածի, բնապահպանների կողմից բարձրացվել են բազմաթիվ հարցեր` կապված Երևանի քաղաքաշինության հետ (Մաշտոցի պուրակի քանդման անթույլատրելիության, Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի հետագա ճակատագրի վերաբերյալ և այլ հարցեր): Համագործակցելով վերջիններիս հետ՝ ՀԽ-ը դիմել է տարբեր պետական կառույցներ և համատեղ ջանքերով դրական արդյունքներ ստացել:

3. Հասարակության ակտիվ շրջանակների, մասնավորապես` մտավորականների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի երիտասարդ աշխատողների կողմից բարձրացվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքին վերաբերող մի շարք խնդրահարույց հարցեր: ՀԽ-ում այդ հարցերը քննարկվել են շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ներկայացրել է իր դիտողություններն ու առաջարկությունները, որոնք էլ հետագայում ազդել են ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխված տարբերակի վրա՝ մեղմացնելով սոցիալական լարվածությունը հանրության շրջանում:

4. Ա. Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի հետագա ճակատագրի հարցի վերաբերյալ ՀԽ-ը դիմում է ստացել ինստիտուտի մի խումբ աշխատակիցների կողմից: Դիմումի հիման վրա ՀԽ շրջանակներում տեղի են ունեցել լսումներ և քննարկումներ: ՀԽ-ն ընդունել է որոշում, որն ուղղվել է ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին:

5. Հանրային խորհուրդը հասարակության ակտիվ շրջանակների հետ միասին բարձրացրել է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի աշակերտների նկատմամբ աշխատակիցների կողմից հակաօրինական գործողությունների հարցը և հետևել ակտիվիստ Մ. Սուխուդյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի անաչառ ընթացքին, արդյունքում Մ. Սուխուդյանին առաջադրված մեղադրանքները հանվել են, իսկ հակաօրինական և հակաբարոյական արարքներ կատարած իրական անձինք՝ ենթարկվել քրեական պատասխանատվության:

6. «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի հետագա ճակատագրի վերաբերյալ հարցը ՀԽ շրջանականերում քննարկվել է մի քանի անգամ, այդ թվում նաև ՀԽ չորս ենթահանձնաժողովների նիստերում, որտեղ արտահայտվել է բացասական դիրքորոշում համալիրի քանդման վերաբերյալ: Դրան հաջորդած ՀՀ կառավարության նիստում կոնցեսիոների կողմից առաջարկած մաստեր-պլանը հաստատվել է, սակայն որոշ ժամանակ անց կոնցեսիոները որոշում է կայացրել չքանդել «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրը` առաջարկություններ ներկայացնելով դրա հետագա օգտագործման վերաբերյալ:

7. Հանրային խորհրդի կողմից բարձրացվել է ջրային պաշարների արդյունավետ օգտագործման, մասնավորապես` Արարատյան հարթավայրում ավանդական հոսքային ձկանբուծական համակարգերից կիսափակ ջրօգտագործման համակարգերի անցման վերաբերյալ հարցը, որը ներկայացվել է ՀՀ Նախագահին, և ստացվել է դրական արձագանք: Հարցն այժմ լուծման ընթացքի մեջ է:

8. Հանրային խորհուրդը հեռուստաընկերությունների հետ քննարկումների արդյունքում մշակել է «ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիա», որը ստորագրել են գրեթե բոլոր հեռուստառադիոընկերությունները:

9. Հանրային խորհուրդը քննարկել, մշակվել և ՀՀ իշխանություններին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացման անհրաժեշտության մասին» փաստաթուղթը, որի եզրակացությունները ներառվել են ՀՀ կառավարության կողմից ընդունված «ՀՀ գյուղատնտեսության 2010-2020 թթ. կայուն զարգացման ռազմավարության» մեջ:

10. Հանրային խորհուրդը մշակել է «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման հայեցակարգ», որը ներկայացվել է հասարակական կազմակերպությունների, հանրության լայն շերտերի քննարկմանը և նախագծի տեսքով՝ ՀՀ իշխանություններին: Այնուհետև հայեցակարգը գրքույկի տեսքով հրատարակվել է: Ամբողջական տեքստը կարելի է գտնել ՀԽ կայքում՝ www.publiccouncil.am:

11. Հանրային խորհուրդը քննարկել է «Ընտանիքի տարի հաստատելու մասին» հարցը և համապատասխան որոշումն ուղղել ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին: Առաջարկությունները ընդունվել են, և «Ընտանիքի տարվա» միջոցառումերի ֆինանսավորման հարցը ներառվել է 2012 թ. պետական բյուջեում:

12. Հանրային խորհուրդն իր նախաձեռնությամբ և հասարակության պահանջով բազմիցս քննարկել է Հայաստանի կրթության ոլորտին վերաբերող հարցեր, մշակել առաջարկությունների փաթեթ («Կրթական գործընթացի կազմակերպման մի քանի հարցեր») և ներկայացրել ՀՀ Նախագահի հետ հանդիպման ժամանակ: Փաթեթում տեղ գտած առաջարկությունների մի մասն ընդունվել է ԿԳ նախարարության կողմից (հանրակրթության կառավարման համակարգ, դպրոցի կառուցվածք):

13. Հանրային խորհրդի շրջանակներում քննարկվել են Հայաստանի էներգետիկ համակարգի, մասնավորապես` վերականգնվող էներգետիկայի զարգացման հետ կապված հարցեր: Հնչած բազմաթիվ առաջարկություններ ներկայացվել են ՀՀ կառավարություն:

14. Հանրային խորհուրդը քննարկել է աշխատանքի ժամանակ հաշմանդամ դարձած աշխատողներին անաշխատունակության նպաստների վճարման առնչությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու հարցը: ՀԽ շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ, պատրաստվել է համապատասխան գրություն և ուղղվել ՀՀ Նախագահին:

15. Քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրելուց վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմում ներգրավված է ՀԽ 3 անդամ, որոնք պարբերաբար այցելում են քրեակատարողական հիմնարկներ, հանդիպում դատապարտյալների հետ, զրուցում, իրենց առաջարկները ներկայացնում համապատասխան հանձնաժողովին, իսկ արդյունքները՝ Հանրային խորհուրդ:

16. ՀԽ, միանալով հղի կանանց կողմից բարձրացրած պահանջներին, քննարկել է “Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին” օրենքի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկը, որոնք կապված են կանանց հղիության ժամանակ վարձատրութան չափերի պակասեցման և այդ չափերի որոշման սկզբունքների հետ: ՀԽ գտել է ոչ պատճառաբանված այդ փոփոխությունների իրականացումը և իր կարծիքը ուղղել ՀՀ Նախագահին: Այդ բոլոր գործողությունների արդյունքում օրենքի մեջ փոփոխությունները կասեցվել են:

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐ

2010 թ. հուլիսի 7-ին Նյու Յորքում կայացած Տնտեսական և սոցիալական խորհուրդների ու համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի (AICESIS/ ՏՍԽՀԻՄԱ) Ընդհանուր վեհաժողովի ժամանակ ՏՍԽՀԻՄԱ-ի նախագահության ներկայացմամբ ՀՀ Հանրային խորհուրդը դարձել է այդ միջազգային կառույցի անդամ:
Հանրային խորհրդի պատվիրակությունները մասնակցել են ՏՍԽՀԻՄԱ-ի բոլոր Ընդհանուր վեհաժողովների աշխատանքներին (2010 թ.՝ Նյու Յորք, 2011 թ.` Հռոմ, 2012 թ.՝ Ռիո դե Ժանեյրո, 2013 թ.՝ Ալժիր, 2014 թ.՝ Բուխարեստ), ինչպես նաև մի շարք թեմատիկ խորհրդակցությունների:
2015թ. ՀՀ Հանրային խորհուրդը դարձել է Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների տնտեսական և սոցիալական խորհուրդների միության անդամ (UCESIF):
Փոխադարձ այցելությունների ընթացքում ստորագրվել են համագործակցության երկկողմ համաձայնագրեր Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհուրդի, Ռուսաստանի հասարակական պալատի, Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհուրդի, Պորտուգալիայի, ինչպես նաև Բրազիլիայի տնտեսական և սոցիալական խորհուրդների հետ:
Ուկրաինայի տնտեսական և սոցիալական խորհրդի և Ռուսաստանի հասարակական պալատի հետ ՀՀ Հանրային խորհուրդը 2011 թ. կնքել է եռակողմ համագործակցության պայմանագիր:

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ

• Վազգեն Մանուկյան – Հանրային խորհրդի նախագահ
1988 թ. փետրվարից՝ հայաստանյան ժողովրդավարական շարժման ղեկավար մարմնի՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, 1988 թ. հունիսից` «Ղարաբաղ» կոմիտեի համակարգող,
1990-2007 թթ.` ՀՀ ԱԺ պատգամավոր: 1990-1991թթ.՝ ՀՀ վարչապետ, 1992-1993 թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարար
• Ռոբերտ Ամիրխանյան – ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, պրոֆեսոր
• Աննա Ասատրյան – ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, Երևանի ք ավագանու անդամ, արվեստագիտության դոկտոր
• Լիլիթ Ասատրյան- «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ
• Կարեն Բեքարյան – «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ, «Արմեդիա» տեղեկատվական վերլուծական գործակալության տնօրեն, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու
• Գագիկ Մանասյան – Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ:
• Անելկա Գրիգորյան – ՀՀ պատմության թանգարանի կառավարման խորհրդի նախագահ
• Աստղիկ Գևորգյան – ՀՀ ժուռնալիստների միության նախագահ, Երևանի ավագանու անդամ
• Հայկ Դեմոյան – ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, Երևանի ավագանու անդամ, պատմական գիտությունների դոկտոր
• Հովհաննես Զանազանյան – «Արարատ 73» ֆուտբոլային թիմի ավագ, միջազգային կարգի սպորտի վարպետ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ֆիզկուլտուրայի և սպորտի ամբիոնի վարիչ, պատվավոր պրոֆեսոր
• Սմբատ Լպուտյան – շախմատիստ, գրոսմայստեր, Հայաստանի քառակի չեմպիոն, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, ՀՀ Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Խ. Աբովյանի անվան ՀՊՄ համալսարանի «Շախմատի և սպորտի» ամբիոնի վարիչ, Երևանի ավագանու անդամ,
• Էդիկ Մինասյան – ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
• Արտուշ Ղուկասյան – ՀԽ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
• Գրիգոր Բադիրյան – ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀ արդարադատության խորհրդի անդամ, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով փորձագետ, ՀՀ-ում Բելգիայի պատվո հյուպատոս, իրավագիտության դոկտոր
• Հովհաննես Հովհաննիսյան – ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ, «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի նախագահ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ
• Վազգեն Սաֆարյան- ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ
• Յուրիկ Ջավադյան – ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու
• Հայրապետ Գալստյան – ՀԽ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ուռուցքաբանության ազգային կենտրոնի վարչական խորհրդի նախագահ, Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
• Կորյուն Առաքելյան – ՀԽ տարածքային և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայաստանի գրողների միության անդամ, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ
• Կառլոս Ղազարյան – ՀԽ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՆԳ նախկին նախարար, գեներալ-մայոր, «ՄԻԿԱ» մարզական համալիրի գլխավոր տնօրեն
• Արշակ Սադոյան – ՀԽ ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ, «Ազգային համագործակցություն» ՀԿ-ի նախագահ, 1990-2006 թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր
• Սուրեն Զոլյան – ՀԽ ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
• Ելենա Վարդանյան – ՀԽ ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահ, Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու
• Ռուբեն Սաֆրաստյան – ՀԽ կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
• Ռոբերտ Աթոյան – Ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի գլխավոր կոնստրուկտոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ, Լենինյան և պետական մրցանակների դափնեկիր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
• Կարինե Դանիելյան – Միջազգային էկոլոգիական ակադեմիայի իսկական անդամ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի/UNEP ազգային կոմիտեի նախագահ, 1990-1991 թթ.՝ Երևանի փոխքաղաքապետ, 1991-1994 թթ.՝ ՀՀ բնապահպանության նախարար, ՀՊՄՀ բնապահպանության և կայուն զարգացման ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
• Հովհաննես Թադևոսյան – «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն
• Հենրիկ Հովհաննիսյան – ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի վարիչ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր
• Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյան – Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համաժողովի քարտուղարության անդամ
• Արա Մինասյան – «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, Երևանի պետական բժշկական համալսարանի շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր,
• Հովիկ Մուսայելյան – «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ, ՀՀ Նախագահի` համաշխարհային հեղինակության ամենամյա մրցանակաբաշխության հանձնաժողովի գործադիր կոմիտեի նախագահ, ՀՀ Նախագահի` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա մրցանակաբաշխության հանձաժողովի նախագահ, ՀՀ Գործարարների և արդյունաբերողների միության նախագահության անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու
• Հայկ Սարգսյան – ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, Հայկական տնտեսագիտական միության փոխնախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
• Արմեն Տեր-Տաճատյան – «Տեր-Տաճատյան» իրավաբանական և բիզնես-խորհրդատվական ՓԲԸ-ի տնօրեն, փաստաբան, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ

• Խոսրով Հարությունյան – 1990-1999 և 2012 թթ. – ՀՀ ԱԺ պատգամավոր, 1998-1999 թթ. – ՀՀ ԱԺ նախագահ, 1992-1993 թթ. – ՀՀ վարչապետ, 1999-2000 թթ. – ՀՀ փոխվարչապետ, 2000-2003 թթ. – ՀՀ Նախագահի խորհրդական: Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ. Միջոցառումների գլխավոր համակարգող:
2012 թ. դադարեցվել է անդամությունը ՀՀ Հանրային խորհրդին:

• Դերենիկ Դումանյան – 1992-97 թթ. – ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ, 1997-2011 թթ. – Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն: 2011-12 թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր, 2012-14 թ. – ՀՀ առողջապահության նախարար: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
2012 թ. դադարեցվել է անդամությունը ՀՀ Հանրային խորհրդին:

• Էմիլ Գաբրիելյան (1931-2010)- Երեւանի պետական բժշկական ինստիտուտի ռեկտոր /1971-1975թթ./, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադ.-քարտուղար փոխպրիզիդենտ եւ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ՀՀ առողջապահության նախարար /1975-1989թթ./, ՀՀ առողջապահության նախարարության դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների գործակալության տնօրեն 1992թ.-ից, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս:

• Բաբկեն Հարությունյան (1941-2013)- ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայ ժողովրդի պատմության ֆակուլտետի դեկան: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱանդամ, քարտեզագիր: Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ:

• Սոս Սարգսյան (1929-2013)- ՀՀ Համազգային թատրոնի հիմնադիր եւ տնօրեն /1991թ.-ից/: Երեւանի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր 1998-2005թթ./: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ:

• Ստեփան Գիշյան (1964-2014)- <<ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ>> ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն /1995թ.-ից/, <<ԱԳԲԱ-ԼԻԶԻՆԳ >> ՎԿ ՓԲԸ խորհրդի նախագահ-գործադիր տնօրեն /2003թ.-ից/, Հայաստանի <<Ալիանս ֆրանսեզ>> ՓԲԸ 2006թ.-ից/ նախագահ, Հայաստանի Բանկերի Միության նախագահ 2006-2007թթ./

• Վլադիմիր Մովսիսյան (1933-2014)- ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար /1990թ.-ից/, ՀՀ գյուղատնտեսության նախարար /1996-1999թթ/., ՀՀ նախագահին կից Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ: ՀԳԳԱ ակադեմիկոս, գյուղատնտեսության գիտությունների դոկտոր:
 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close