Հանրային խորհրդի քարտուղարությունը ձեռնամուխ է եղել բացահայտելու գլխադասային հանձնաժողովների ներուժն ու բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունը
Հանրային խորհրդում աշխատանքների արդյունավետությունն ապահովելու և սահմանված նպատակներին հասնելու համար՝ խորհրդի ակտիվ գործունեությանը զուգընթաց՝ վերջին շրջանում օբյեկտիվ անհրաժեշտություն էր առաջացել ՀԽ գլխադասային հանձնաժողովների նախագահների հետ համատեղ քննարկել հանձնաժողովներում առկա իրական և փաստացի վիճակը, դրանց կազմերի հստակեցումն ու անդամակցությանն առնչվող մի շարք խնդիրներ: Այս առիթով ՀԽ գրասենյակում այսօր տեղի ունեցավ նիստ՝ Հանրային խորհրդի նախագահի, հանձնաժողովների նախագահների և քարտուղարության մասնակցությամբ:Հանդիպման ընթացքում քննարկվեցին այն հարցերը, թե որքանո՞վ են արդյունավետ գործող հանձնաժողովները, արդյոք դրանցում ներառված անդամները կոմպետե՞նտ են ոլորտային հարցերով մասնագիտական կամ փորձագիտական կարծիք հայտնելու, նպաստու՞մ, թե՞ խոչընդոտում է աշխատանքների որակին հանձնաժողովների լայն ընդգրկումն ու մեծածավալ անդամակցությունը:
Այս համատեքստում պակաս կարևոր չեն նաև Հանրային խորհրդի կազմը համալրելու գործընթացում առկա բացերը, որոնք ևս կվերանայվեն՝ հստակեցնելու, թե ինչ սկզբունքով կարող են կամ պետք է հաստատվեն անդամակցությունները գլխադասային հանձնաժողովներին:Սա նմանաբովանդակ հարցերը Հանրային խորհրդի օրակարգում ընդգրկելու և քննարկելու առաջին փորձն էր: Բարձրաձայնված խնդիրներն առնչվում էին սկզբունքային և հիմնարար այն մոտեցումներին, որոնց հիման վրա այսուհետ պիտի մշակվի հանրային խորհրդի գործունեությունը հատկապես խորհրդատվական և փորձագիտական փաստաթղթերի մշակման ուղղությամբ: 15 գլխադասային հանձնաժողովների կազմերի հստակեցումը, դրանց համակարգումը հնարավորություն կտա խորհրդատվական փաստաթղթերի համար որակական նոր նշաձողեր սահմանել՝ դրանով նաև խթանելով ինստիտուցիոնալ համագործակցությունը պետական տարբեր գերատեսչությունների հետ, ինչպես նաև ապահովել ներկայացուցչական մասնակցությունը խորհրդատվական այլ մարմիններում ևս:
Նիստի ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ բացառել շտապողականությունն ու սահմանված հարցերի վերաբերյալ առցանց և դեմ առ դեմ հանդիպում-քննարկումները շարունակել նաև հետագայում՝ համակարգային որոշումներ կայացնելու և դրանց հիմքով երկարաժամկետ ծրագրեր մշակելու և ռազմավարություն սահմանելու նպատակով:
