Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովն ունի նոր նախագահ
Սույն թվականի փետրվարի 3-ին Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում Անգին Արշակյանը նիստին մասնակցող 16 անդամների (հանձնաժողովի անդամների ընդհանուր թիվը 32 է) միաձայն քվեարկությամբ ընտրվեց հիշյալ հանձնաժողովի նախագահ։
Մինչ այդ Անգին Արշակյանն այդ հանձնաժողովի կուսակցությունների և հասարակական- քաղաքական կազմակերպությունների ենթահանձնաժողովի նախագահն էր։ 2000թ.-ից մինչ օրս նա Համալսարանական կրթությամբ կանանց ասոցացիայի Էջմիածնի մասնաճյուղի նախագահն է, իսկ 2018թ․-ից՝ “Անգել” սոցիալական կրթամշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է։
Տիկին Արշակյանը դասավանդում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, ավագ դասախոս է, Ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով մեթոդիստը, ՄՖԲ Ֆինանսական ակադեմիայի ավագ դասախոս։
Որպես հանձնաժողովի նախագահի թեկնածու տիկին Արշակյանը ներկայացրեց իր պատկերացումներն ու ծրագրերը հանձնաժողովի առաջիկա աշխատանքների, երկրի ու հասարակության առջև ծառացած հանրային նշանակության խնդիրների կապակցությամբ՝ հատկապես կարևորելով Արցախյան վերջին պատերազմում զոհված, վիրավորված ազատամարտիկների, զինվորների խնդիրների վեր հանումը, դրանցով զբաղվող քաղհասարակության ինստիտուտների ջանքերի համատեղումն ու հզորացումը, հասարակական համերաշխությանն ու հանդուրժողականությանը նպաստող նախաձեռնությունների վերաբերյալ առաջարկությունների մշակումը։
Հանձնաժողովի նիստի մասնակցող ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը և ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը հաջողություններ, տոկունություն և բեղմնավոր աշխատանք մաղթեցին ՀԽ քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովի նորընտիր նախագահին՝ պատրաստակամություն հայտնելով նրան աջակցել հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հարցում։
Հանրային խորհրդի մասին ՀՀ օրենքի ուժով տիկին Անգին Արշակյանը կհամալրի Հանրային խորհրդի 44-րդ՝ թափուր տեղը, հանդիսանալով Հանրային խորհրդի անդամ։