ՀԽ պատվիրակությունը՝ հանրային խորհուրդների միջազգային ասոցիացիայի գլխավոր ասամբլեային
Հոկտեմբերի 9-11-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի է ունենում Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի (AICESIS) գլխավոր ասամբլեան, որին մասնակցում են նաև ՀՀ Հանրային խորհրդի անդամներ Արմեն Տեր-Տաճատյանը, Գագիկ Եգանյանը և Հարություն Մեսրոբյանը:
Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, ասոցիացիայի գործունեության 20-ամյա հոբելյանի առթիվ, ՀՀ Հանրային խորհուրդը պարգևատրվել է պատվոգրով և հուշամեդալով՝ AICESIS-ի զարգացման գործում ունեցած ներդրման համար:

Գլխավոր ասամբլեայի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել և քվեարկության միջոցով ընտրվել է նաև ասոցիացիայի ղեկավար կազմը՝ խորհուրդը։ ՀՀ Հանրային խորհրդի ներկայացուցիչը` ի դեմս պատվիրակության անդամ Գագիկ Եգանյանի, նույնպես ընտրվել է խորհրդի անդամ՝ առայժմ դիտորդի կարգավիճակով։

Նշենք, ոչ Հանրային խորհուրդը միջազգային ասոցիացիային անդամակցում է 2010 թվականից: Կառույցում ներգրավված է ավելի քան 75 երկիր:
Ներկայումս նույնանման խորհուրդներ տարբեր գործառույթներով գործում են աշխարհի շուրջ 80 երկրներում՝ ինչպես Եվրոպայում (Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիս, Հունաստան և այլն), Աֆրիկայում (Ալժիր, Մարոկկո, Թունիս, Նիգերիա, Կամերուն, Կոնգո և այլն), Ասիայում (Իսրայել, Վիետնամ, Հարավային Կորեա և այլն), Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, այնպես էլ տարբեր մայրցամաքներում գտնվող այնպիսի խոշոր պետություններում, ինչպիսիք են Ռուսաստանը, Բրազիլիան, Չինաստանը:

Միջազգային համագործակցության շրջանակներում Հանրային խորհուրդը ասոցիացիայի մի շարք երկրների հետ (Ռուսաստան, Չինաստան, Բրազիլիա, Հունաստան, Պորտուգալիա) ստորագրել է երկկողմ համագործակցության պայմանագրեր:
Միջազգային ասոցիացիայի շրջանակներում գործում է նաև Ֆրանկոֆոնյան երկրների միություն (UCESIF), որին նույնպես 2015 թվականից անդամակցում է ՀՀ Հանրային խորհուրդը: