Հանրային խորհրդի պատվիրակությունը՝ Ալժիրում
Սեպտեմբերի 11-ին Ալժիրի մայրաքաղաք Ալժիրում մեկնարկել է Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի Գլխավոր 13-րդ վեհաժողովի նիստը, որի մասնակցել է նաև ասոցիացիայի անդամ ՀՀ հանրային խորհրդի պատվիրակությունը՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են եղել ՀԽ անդամներ Ռուբեն Սաֆրաստյանն ու Հովիկ Մուսայելյանը, ՀԽ գրասենյակի պատասխանատու Հակոբ Բարխուդարյանը:
Վեհաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ալժիրի վարչապետը, որից հետո Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Եվգենի Վելիխովը տեղեկացրել է, որ Ռիո դե Ժանեյրոյում ընդունված փաստաթղթի դրույթների մեծ մասը ներկայացված է եղել վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած Քսանյակի հավաքին և ներառվել վերջնական կոմյունիկեի մեջ:
Նշենք, որ 2012 թ. Ռիո դե Ժանեյրոյում ասոցիացիան Ռուսաստանի նախաձեռնությամբ ընդունել է ճգնաժամի հաղթահարման և բնակչության խոցելի խավերի համար այն ավելի մեղմ դարձնելու վերաբերյալ փաստաթուղթ:
Այնուհետև Չինաստանի ներկայացուցիչը ներկայացրել է զեկույց, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն ՀԽ-ներն իրենց երկրներում աղքատությունը հաղթահարելու նպատակով: Այս թեման բուռն քննարկումների առիթ է դարձել: Քննարկումներն ակտիվացել են նաև, երբ Իտալիայի ՀԽ նախագահն իր զեկույցում ներկայացրել է իրենց երկրում մղվող պայքարը կոռուպցիայի դեմ: Բազմաթիվ երկրների պատվիրակներ ներկայացրել են իրենց երկրներում կոռուպցիայի մակարդակը և նշել, որ այդ երևույթի դեմ պայքարն անհնար է առանց քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարման:
Հանրային խորհուրդները քննարկել են նաև աշխարհում երիտասարդության զբաղվածության հիմնախնդիրը, երիտասարդության գործազրկության կրճատման հնարավորությունները:
Նշենք, որ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կանոնադրության համաձայն` նախագահի պաշտոնը զբաղեցվում է ռոտացիայի սկզբունքով`ըստ աշխարհամասերի:
Հերթն Ասիայինն էր, և երկու տարով նախագահ է ընտրվել Ռուսաստանի Հանրային պալատի նախագահ Եվգենի Վելիխովը, որը ներկայացրել է, թե առաջիկա երկու տարում կազմակերպության աշխատանքներում ինչն է կարևորելու:
Ընտրվել է նաև նախագահություն: Այնուհետև ասոցիացիային անդամակցելու համար դիմել են Արգենտինան և Լիբիան, որոնք որոշ ժամանակ կաշխատեն դիտորդի կարգավիճակով:
Ասոցացիայի կազմում այս պահին 73 երկիր է: