Հանրային խորհրդի պատվիրակության այցը Իրկուտսկ. ի՞նչն էր գլխավոր նպատակը
Մայիսի 20-22-ը Հայաստանի Հանրային խորհրդի պատվիրակությունը` ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում մասնակցել է “Տնտեսական և սոցիալական խորհուրդների և քաղաքացիական հասարակության այլ կառույցների դերը ասիական ինտեգրման գործընթացում” համաժողովին, որին մասնակցել են նաև Ռուսաստանի, Ալժիրի, Չինաստանի, Լաոսի և Ուկրաինայի պատվիրակությունները:
Հայկական պատվիրակության կազմում են եղել Հանրային խորհրդի անդամներ Ռուբեն Սաֆրաստյանը, Վազգեն Սաֆարյանը և Կորյուն Առաքելյանը:
Նշենք, որ Հայաստանը 2010-ից Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի անդամ է, որին անդամակցում է 73 երկիր:
Ամեն երկու տարին մեկ ընտրվում է ասոցիացիայի նախագահող երկիր: Ընտրությունը կատարվում է ոչ թե անդամ երկրների, այլ մայրցամաքների քվեարկության արդյունքներով: Երկու տարի առաջ ընտրության իրավունքը տրվել է աֆրիկյան երկրներին, որոնք որպես նախագահող երկիր ընտրել են Ալժիրը: Այս անգամ սեպտեմբեր ամսին Ալժիրում կանցկացվի հերթական ընտրությունը, որին կմասնակցեն միայն ասիական երկրները, այդ թվում` Հայաստանը:
Այս համաժողովում մի շարք հարցերի հետ մեկտեղ քննարկվել է նաև նախագահող երկրի ընտրության հարցը: Նախագահող երկրի հիմնական հավակնորդներն են եղել Ռուսաստանն ու Հարավային Կորեան: Մասնակիցներն ընդհանուր հայտարարի են եկել Ռուսաստանի թեկնածությունն առաջարկելու հարցի շուրջ:
Քննարկվող մյուս հարցերը վերաբերել են համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքներին և ասիական երկրների տնտեսական ինտեգրմանը:
Այցի շրջանակներում Հանրային խորհրդի պատվիրակության անդամները հանդիպել են նաև Իրկուտսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են համագործակցության մի շարք հարցեր: Մասնավորապես պայմանավորվածություն է ձեռք բերվել համայնքը հայկական դասագրքերով ապահովելու հարցի վերաբերյալ:
Իրկուտսկի հայ գործարարների հետ հանդիպմանը կոչ է արվել ներդրումներ կատարել Հայաստանում: Քննարկման ժամանակ պարզվել է, որ հայ գործարարները խուսափում են ներդրումներ կատարելուց` ելնելով Հայաստանում բազմաթիվ արհեստական խոչընդոտների մասին խոսակցություններից: Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդի կողմից պարտավորվել է, որ եթե ներդրումներ կատարելու ժամանակ նմանատիպ խնդիրներ ի հայտ գան, ապա Հանրային խորհուրդը դրանք ՀՀ նախագահին ու վարչապետին ներկայացնելու և հարթելու պատասխանատվություն կստանձնի: