Հանրային խորհրդի ներկայացուցիչները կմասնակցեն բնական գազի սակագների վերանայման հայտերի քննարկմանը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն օրեր առաջ հայտարարեց, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և վերջինիս «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից հանձնաժողով ներկայացված՝ գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի փոխադրման, բնական գազի բաշխման և վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտերի շուրջ տեղի է ունենալու աշխատանքային քննարկում: Քննարկումը բաց է նաև սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, հետաքրքրություն ցուցաբերած շահագրգիռ այլ անձանց և ընկերությունների ներկայացուցիչների համար։
Հաշվի առնելով հարցի հանրային հնչեղությունը և հասարակական հետաքրքրությունը՝ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին ուղղված նամակով տեղեկացրել է, որ Հանրային խորհուրդը հետաքրքրված է մասնակցություն ունենալ այս քննարկմանը, որից հետո նաև, օրենքով սահմանված կարգով, կնախաձեռնի խորհրդի նիստ՝ ակնկալելով ՀԾԿՀ իրավասու ներկայացուցչի մասնակցությունը դրան։
Առաջիկա աշխատանքային քննարկմանը ՀՀ Հանրային խորհուրդը կներկայացնեն մասնավորապես Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը և այդ հանձնաժողովի Սակագների, գույքի կառավարման և մաքսային հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Արմինե Խզմալյանը։
Կարևոր ենք համարում ընդծել, որ Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում են հասարակության լայն շերտերին առնչվող որոշումները, օրենսդրական նախաձեռնություններն ու հանրային կյանքին առնչվող ոլորտներում քաղաքականությունների մշակման գործընթացները: Մասնագիտական տարբեր խմբերի հետ մշտական համագործակցությամբ՝ Հանրային խորհուրդն ակտիվ նախաձեռնող է լինելու այս գործընթացներում հասարակության տարբեր շերտերի շահերն ու փորձագիտական կարծիքները ներկայացնելու հարցում: