Հանրային խորհրդի նախագահն ընդունել է հանդիպման համար դիմած քաղաքացիներին
Հանրային խորհրդի գրասենյակում քաղաքացիների հերթական ընդունելությունն էր. նրանց հետ զրուցել և մտահոգություններն է լսել ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը: Նպատակ ունենալով նպաստել պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը՝ Հանրային խորհուրդը պարբերաբար նախաձեռնում է տարբեր ձևաչափերով հանդիպումներ և քննարկումներ՝ պահպանելով և զարգացնելով համագործակցությունը հասարակության ակտիվ խմբերի և անհատների հետ:
Քննարկված թեմաների շրջանակը ներառել է հանրային գործունեության և պետական կառավարման ամենատարբեր ոլորտներ. «Նաիրիտի» վերագործարկման ռազմավարություն, համատիրությունների գործունեության արդյունավետության բարձրացում ու հանրօգուտ ծրագրերի իրականացում, գույքահարկի մասին օրենքի տարբերակված կիրարկում և այլն: Քաղաքացիները շարունակում են Հանրային խորհրդին դիմել նաև նախկին իշխանությունների օրոք սեփականության կամ վարձակալության իրավունքների զանգվածային խախտման ու պատճառված վնասների փոխհատուցման, քաղաքաշինության ոլորտում ապօրինությունները բացառելու հարցերով, որոնք քննարկվում և դիտարկվում են քաղաքական, տնտեսական և իրավական համատեքստերում:
Կարևոր է նկատել, որ հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու գործում նախաձեռնողականություն է դրսևորվում ոչ միայն Հանրային խորհրդի, այլև հասարակության ակտիվի կողմից, ուստի այս գործընթացն ավելի կանոնակարգված դարձնելու համար քննարկվել է հատկապես հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության հարցերը, ինչի արդյունավետությունը կարևորվել է բոլոր տեսանկյուններից:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համաճարակային իրավիճակով պայմանավորված, այսօր արդեն առանձնահատուկ կարևորություն է տրվում անկախ փորձագիտական կենտրոններ ունենալու և/կամ փորձագիտության մասին օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու անհրաժեշտությանը, ինչի մասին խոսվել է նաև տեղի ունեցած այս հանդիպումների ընթացքում: Սա ոլորտային կառավարում իրականացնող մարմիններին թույլ կտա որոշումների կայացման հիմքում ունենալ պրոֆեսիոնալ փորձագիտական կարծիք՝ տեսանելի կերպով բարձրացնելով կառավարման արդյունավետությունը:
Հանրային խորհրդի քարտուղարությունն այս պահին համակարգում է կարծիքներն ու առաջարկները, որոնք աշխատանքային ընթացակարգով լրացուցիչ կուսումնասիրվեն նաև ոլորտային հանձնաժողովների կողմից: Կարևորագույն կետերն ու դիտարկումները տեղ կգտնեն Հանրային խորհրդի կողմից մշակվող փաստաթղթերում և խորհրդատվական փաթեթներում: