Հանրային խորհրդի նախագահն արտահերթ նիստ է հրավիրել

Ղեկավարվելով «Հանրային Խորհրդի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետով (Հանրային խորհրդի նախագահի կողմից ՀԽ արտահերթ նիստ հրավիրելը)՝ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը սեպտեմբերի 28-ին՝ երկուշաբթի, ժամը 10։00-ին, Բուզանդի 3 հասցեում գործող ՀԽ գրասենյակում հրավիրել է արտահերթ նիստ՝ քննարկելու սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ հարձակման, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության ու այդ համատեքստում ՀԽ անելիքների հարցերով։
Սեպտեմբերի 27-ին ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի՝ վարչապետի և ՀՀ ու ԱՀ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից ուղերձների արձակումից հետո, Ս. Սաֆարյանը ՀԽ քարտուղարությանը հանձնարարել է պատրաստել փաստաթղթի նախագիծ, որը կուղարկվի ՀԽ անդամներին՝ քննարկելու, դիտարկումներ ու դիտողություններ ներկայացնելու և հաստատելու համար։
Հանրային խորհրդի արտահերթ նիստում կքննարվեն նաև մի շարք այլ հարցեր ու առաջարկներ, որ խորհրդի նախագահին են ներկայացվել խորհրդի անդամների և գործընկերների կողմից: