Հանրային խորհրդի դիտարկումներն ու առաջարկությունները ՀՀ կառավարության No165-Ն որոշման և «ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմ ՀԿ-նների ներգրավման և ռոտացիայի կարգը սահմանելու մասին
ՀՀ Հանրային խորհրդի դիտարկումներն ու առաջարկությունները ՀՀ կառավարության No165-Ն որոշման և «ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմ ՀԿ-նների ներգրավման և ռոտացիայի կարգը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի վերաբերյալ
Ա) ՀՀ կառավարության 2015թ փետրվարի 19-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի, ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կազմը հաստատելու մասին» N 165-Ն որոշման
և
Բ) «ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմ հասարակական կազմակերպությունների ներգրավման և ռոտացիայի կարգը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի վերաբերյալ:
Նկատառում 1.
Առաջին որոշմամբ նախատեսվում է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկել երկու հասարակական կազմակերպություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առանց քաղաքացիական հասարակության կառույցների լայն աջակցության անհնար է պատկերացնել կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար, այդ խորհրդում քիչ է քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ ունենալը:
Ցանկալի կլիներ ավելացնել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների թիվն այդ հանձնաժողովում:
Արդյունավետ կլիներ նաև Խորհրդի կազմում ԶԼՄ-ների ներգրավվածությունը, ինչն ինքնըստինքյան կապահովեր իրականացվող ծրագրերին տեղեկատվական աջակցությունը: Նպատակահարմար կլիներ հովանավորել ԶԼՄ-ների կողմից տարատեսակ հակակոռուպցիոն հետաքննությունների անցկացման պրակտիկան, դրանց էջերում (կայքերում) կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրների նվիրված խորագրեր, շարքեր ունենալու մարտավարությունը:
Նկատառում 2.
Վարչապետի որոշման նախագծում անհարկի բարդացված է ԿԴՊ խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման կարգը: Վարչապետի որոշման նախագծի 2.2. կետով և Կարգի նախագծի 14-րդ կետով նախատեսվում է Խորհրդի կազմում ՀԿ-ների ներգրավման և դրանց ռոտացիայի գործընթացներն իրականացնելու նպատակով ստեղծել 5 անդամ ունեցող նոր հանձնաժողով և այդ հանձնաժողովում ներգրավվելու նպատակով բանակցել նաև միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների հետ:
Ստացվում է, որ ԿԴՊ խորհրդում (ըստ էության` հանձնաժողովում) ՀԿ-ներ ներգրավելու հանձնաժողով պետք է ձևավորել:
Ճիշտ կլինի այդ գործառույթները դնել կառավարության աշխատակազմի վրա` ներգրավելով շահագրգիռ կառույցների (օրինակ` հայտեր ներկայացրած Հկ-ների) ներկայացուցիչների:
Նկատառում 3.
Կարգի նախագծի 25-րդ կետում կան անհասկանալի և տակավին մեկնության ու վերախմբագրման կարոտ դրույթներ:
Նշվում է, որ երկուսից ավելի ՀԿ-ների դիմելու դեպքում դրանց «ներգրավման հարցը քննարկվում է խորհրդում» (քննարկման արարողակարգը, սակայն, չի ներկայացվում): Ապա նույն կետում նշվում է. «Եթե կազմակերպությունները երեքից ավելի են, ապա այս դեպքում տեղի է ունենում վիճակահանություն…»:
Պարզ չէ, թե ինչ էական տարբերություն է հաշվի առնվել, երբ սկզբունքորեն առանձնացվել են երկուսից ավելի և երեքից ավելի հավակնորդների դեպքերը: Գուցե առաջին դեպքում պետք էր գրել ոչ թե երկուսից ավելի, այլ պարզապես` երեք: Բայց այդ դեպքում էլ երեք և երեքից ավելի հավակնորդների դեպքերը էապես տարբերելը հիմնավոր չէ այն դեպքում, երբ խորհրդի կազմում պետք ընտրվեն երկու ՀԿ ներկայացուցիչներ:
Նկատառում 4.
Կան նաև լեզվաոճական բնույթի, ըստ իս, էական թերություններ: Մասնավորապես.
4.1. Նախընտրելի կլիներ նոր ստեղծվող խորհուրդն անվանել ոչ թե «Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ» այլ ` «Կոռուպցիայի դեմ պայքարի` ՀՀ Կառավարությանն առընթեր (կամ միջգերատեսչական) խորհուրդ»:
4.2. ՀՀ վարչապետի որոշման նախագիծը վերնագրված է. «Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմ հասարակական կազմակերպությունների ներգրավման և ռոտացիայի կարգը սահմանելու մասին»: Իսկ այդ որոշման հիմնավորման մեջ ձևակերպված է` «…կարգը հաստատելու մասին»:
Ընդհանրապես Ճիշտ կլինի որոշման նախագծի անվանումը վերախմբագրել հետևյալ կերպ. «Կոռուպցիայի դեմ պայքարի` ՀՀ Կառավարությանն առընթեր խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման և դրանց ռոտացիայի կարգը սահմանելու մասին»:
4.3. ՀՀ վարչապետի որոշման հիմնավորումն սկսվում է հետևյալ նախադասությամբ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ հաստատվեց «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, հորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի, ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը (այսուհետ` Որոշում)»:
Եթե դուրս բերենք որոշման վերնագիրը, ապա ստացվում է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ հաստատվեց «…» որոշման նախագիծը (այսուհետ` Որոշում)»:
Ճիշտ կլիներ միտքը շարադրել հետևյալ կերպ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ հաստատվեց «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի, ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը» (այսուհետ` Որոշում)»:
ՀՀ Հանրային խորհուրդ
18.03.2015թ.