Հանրային խորհրդի գործընկերները պարբերաբար ծանուցվում են ընթացիկ իրավիճակի վերաբերյալ
ՀՀ Հանրային խորհրդի քարտուղարությունը պարբերաբար նամակներ է ուղղում Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման հաստատությունների միջազգային ասոցիացիային՝ ներկայացնելով իրավիճակն արցախաադրբեջանական հակամարտության շփման գծում և շեշտադրելով այն կարևոր դրույթները, որ անհրաժեշտ է շրջանառել օբյեկտիվ և անաչառ տեղեկատվությունը միջազգային հանրությանը հասանելի դարձնելու համար:
Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման հաստատությունների միջազգային ասոցիացիային անդամակցում են ավելի քան 70 կազմակերպություններ աշխարհի բոլոր ծայրերից, ու ՀԽ քարտուղարությունը նրանց հասցեագրված տեղեկատվական թերթիկներով, նամակներով, կոչերով ու միջազգային մամուլի հրապարակումների մասին տեղեկացնելով՝ նպատակ ունի ակտիվացնել հասարակական այս կառույցների գործունեությունն իրենց երկրներում՝ ադրբեջանաթուրքական ագրեսիայի մասին մանրակրկիտ և փաստարկված տեղեկատվությունը հասարակական տարբեր շերտերին հասանելի դարձնելու միտումով:
Անհերքելի է, որ այսօր ռազմական և դիվանագիտական բոլոր ճանապարհներով ներդրված են անխտիր բոլոր ռեսուրսները՝ հաղթանակի հասնելու, ինչպես նաև թե՛ անցյալում եղած և թե՛ ապագայում հնարավոր բոլոր ձեռքբերումներն ամրապնդելու համար, սակայն այս ամենին զուգընթաց՝ անհրաժեշտ է, որպեսզի աշխարհի ժողովուրդների և հասարակությունների համար հստակ և պարզ լինի ամբողջ իրականությունը նախապատերազմյան և պատերազմական իրավիճակի վերաբերյալ՝ ներառյալ պատմական ասպեկտները, տարածաշրջանային շահերը և այլն, իրենց երկրներում քաղաքականությունների մշակման գործընթացների հիմքում բացառապես օբյեկտիվ տեղեկատվության հիման վրա որոշակիացված հանրային պահանջ ձևավորելու նպատակով: